HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Թվաց, թե երազ է, հետո պարզվեց, որ իրականություն է»,-իր ցուցմունքում պատմում է կուրսանտի սպանության գործով վկան

«Ես իմ նախաքննական ցուցմունքներում ինչ գրել եմ, էն էլ պնդելու եմ մինչև վերջ. ինչ գրել եմ, թող սաղին բավարար լինի, իմ գրածը, էնպես չի, որ ես փոխելու եմ ինչ- որ բան: Ես գրել եմ այն, ինչ ճիշտ է»,- Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ժամանակ այսօր ասաց վկա Նորիկ Օհանջանյանը:

Վերջինս սպանված կուրսանտի հետ նույն սենյակում է քնելիս եղել, սպանության դեպքից հետո նյարդային ու հոգեկան որոշակի խնդիրներ է ունեցել  ու մեկ ամսից ավելի բուժվել «Կանազի» զինվորական հոսպիտալում: Դեպքից հետո այլևս ռազմական ինստիտուտում ուսումը չի ցանկացել շարունակել, ծնողները ևս դեմ են եղել: Այժմ ապրում և աշխատում է ԼՂՀ-ում:

Վկա Օհանջանյանն այսօր դատարանում չէր ցանկանում ցումունք տալ, առաջարկում էր ընթերցել իր` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն ու պնդում, որ դրանք ճիշտ են:

Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են, երբ  դրանցում և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ են լինում:

«Ես սթրես եմ ապրել էդ պատմության  պատճառով: Ապրիլի  պատերազմին էլ եմ  մասակցել,  դրանից էլ են հիշողություններ լինում»,- շարունակում էր խոսել վկան ու փորձում հավատացնել, որ ինքը դեպքի հանգամանքները չի հիշում, չի հիշում նաև, թե ինչ է գրել իր նախաքննական ցուցմունքներում:

Դատավոր Դավիթ Հարությունյանը վկային բացատրեց, որ վերջինս կաշկանդված չէ իր՝ նախաքննության ընթացքում տված ցուցմուքներով, կարող է ասել այն, ինչ այս պահին հիշում է:

Վկան նշեց, որ ինքը ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի ու Մովսես Ազարյանի հետ ծառայողական նորմալ հարաբերություններ ունի: Դատավորի հարցին՝ ամբաստանյալներն ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվել Հայկազ Բարսեղյանի հետ, Օհանջանյանը պատասխանեց՝ եթե նորմալ հարաբերություններ ունենային, էսպես չէր լինի:

Օհանջանյանը տեղի ունեցածի մասին շատ կարճ խոսեց. նշեց, որ ամբաստանյալների ու Հայկազ Բարսեղյանի միջև կռիվ է եղել, և հունվարի 29-ի առավոտյան իրենց սենյակում քնողներն արթնացել են, տեսել, որ Հայկազ Բարսեղյանը չկա, որ նրա անկողինն արյունոտ է, ապա նրան գտել են ինստիտուտի բակում՝ կախված վիճակում:

Դրանից հետո դատավարության մանակիցների գրեթե բոլոր հարցերին Օհանջանյանի պատասխանը նույն էր` «Չեմ հիշում. նախաքննության ընթացքում այդ մասին գրել եմ,  պնդում եմ, մինչև վերջ պնդելու եմ, որովհետև ճիշտն եմ գրել»:

Այնուամենայիվ, կողմերի բազմաթիվ հարցերից հետո վկան որոշակի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հայտնեց:

Ըստ Օհանջանյանի՝ «քուն» հրամանից հետո ինքը պառկել է քնելու, պառկել է նաև Հայկազ Բարսեղյանը, ապա ինքն արթնացել է` իր մահճակալից շուրջ 3 մետր հեռավորության վրա գտնվող Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտից լսվող ձայներից:

«Ես տեսա, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտից ձայներ էն գալիս, մի պահ ինձ թվաց՝ երազում եմ, հետո պարզվեց, որ իրականություն է»,- պատմեց վկան ու նշեց, որ ինքը տեսել է, որ Հայկազ Բարսեղյանը պառկած է, ամբաստանյալ Վաչե Սահակյանը՝ նրա ոտքերի կողմում է, մահճակալի մոտ են  նաև Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը, և նրանք բոլորը դեմքով դեպի Հայկազն են կանգնած եղել՝ մի քիչ թեքված դեպի վերջինիս կողմ:

Վկան լսել է, որ Հայկազ Բարսեղյանը հայհոյել է, հասկացել, որ ամբաստանյալներն ինչ-ոչ բան են անում նրա հետ, բայց չի միջամտել.

«Չգիտեմ` էդ պահին հետս ինչ կատարվեց, ինձնից անկախ գլուխս անջատվեց»,-բացատրեց Նորիկ Օհանջանյանը՝ շարունակելով, որ գուցե վախեցել է:

Օհանջանյանը չհիշեց, թե ամբաստանյալները որքան ժամանակ են մնացել ննջարանում, թե Հայկազի հետ կռվի ժամանակ ինչ բառեր են հնչել, թե որքան է մնացել ռազմական ոստիկանությունում և դեպքի վերաբերյալ այլ հանգամանքներ, սակայն հստակ հիշեց, որ ինքը դեպքի օրը «քուն» հրամանից հետո սենյակից դուրս չի եկել:

Դատախազի հարցը՝ արդյոք Օհանջանյանը սենյակից դուրս եկել է, թե` ոչ, բարկացրեց վկային:

«Ով որ նման բան է ասել, գլուխը պատին է տվել. դա 100 %-անոց սուտ է»,- ասաց Օհանջանյանը:

Բանն այն է, որ գործով վկաներից Հովհաննես Պետրոսյանը, Տիգրան Դեմիրճյանը ցուցմունք  են տվել այն մասին, որ մինչև ամբաստանյալներ Նորիկ Սահակյանի, Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի՝ իրենց ննջարան գալը Հայկազ Բարսեղյանը մեկ անգամ դուրս է եկել, ապա, հայհոյանքներ հնչեցնելով, եկել սենյակ, որից քիչ անց սենյակից դուրս է եկել Նորիկ Օհանջանյանը, ում ննջարան վերադառնալուց հետո եկել են վերը նշված ամբաստանյալները:

Օհանջանյանը, սակայն, դատարանում պնդեց, թե ինքը սենյակից դուրս չի եկել և կարծիք հայտնեց, որ նման ցուցմունք տվողներն ուզեցել են իրեն վատություն անել:

Դատավորի ու դատախազի հարցին՝ ի՞նչ վատության մասին է խոսքը, Օհանջանյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ միայն շարունակ նշում էր, թե վատ է, որ խաբել են:

Օհանջանյանը հստակ հիշեց նաև, որ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, և ամբաստանյալների պաշտպանները նկատեցին, որ հիշողությունից դժհոգող վկան որոշ հանգամանքների վերաբերյալ հստակ ու հաստատուն պատասխաններ է տալիս, իսկ որոշ հանգամանքների վերաբերյալ՝ ոչ:

Օհանջանյանը բացատրեց, թե հստակ հիշում է միայն այն, ինչ իրեն է վերաբերում:

Դատախազ Կարեն Հարությունյանը միջնորդեց հրապարակել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ու չնայած ամբաստանյալների պաշտպանները դիրքորոշում հայտնեցին, որ դրանք հրապարակելու հիմքեր չկան՝ դատարանը որոշեց հրապարակել դրանք:

Նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում վկան նշել է, որ այն ժամանակ, երբ Նորիկ Սահակյանը, Գնել Թևոսյանը և Վաչե Սահակյանը Հայկազի անկողնու մոտ են եղել, Հայկազի ձայնը սկսել է ընդհատումներով լսվել, որից ինքը ենթադրել է, որ նրա բերանը փակում են:

Վկան լսել է նաև, թե ինչպես է ինչ- որ մեկն ասում՝ էդքան աճել ե՞ս, արա, բայց թե կոնկրետ ով՝ չգիտի: Դրանից հետո, ըստ վկայի, այլևս Հայկազի ձայնը չի լսել, ապա տեսել է, թե ինչպես են նրան դուրս տանում:

Նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքում վկան գրել է, որ Հայկազ Բարսեղյանին դուրս են տարել երեքով՝ Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը, իսկ հետագայում ցուցմունք է տվել, թե Գնելը՝ ձախ, իսկ Նորիկը՝ աջ կողմից Հայկազին թևանցուկ տարել են: Դատարանում վկան հայտնեց, որ հնարավոր է, հետագա ցուցմունքում ամբաստանյալ Վաչե Սահակյանի անունը մոռացել է գրել:

Թե՛ դատարանում, թե՛ իր նախաքննական ցուցմունքներում այս վկան, փաստորեն, չի նշել ամբաստանյալ Մովսես Ազարյանի անունը՝ չնայած այն հանգամանքին, որ այլ վկաներ ցուցմունքներ են տվել, որ Ազարյանը ևս ննջասենյակում է եղել: Հարցին՝ հնարավո՞ր է, որ սենյակում այլ անձինք ևս եղած լինեն, որոնց ինքը չի նկատել, վկան պատասխանեց, որ հնարավոր է, բայց ինքն ասում է այն, ինչ տեսել է:

Օհանջանյանը ցուցմունքներից մեկում նշել է նաև, որ ամբաստանյալներն իրենց  մարտկոցի «հարց լուծողներն» են եղել, որ Հայկազին դուրս տանելուց որոշ ժամանակ անց Գնել Թևոսյանը վերադարձել է սենյակ ու հայհոյանք տալով զգուշացրել, որ որևէ մեկը չպետք է իմանա կատարվածի մասին:

Օհանջանյանի՝ դատարանում պահվածքից դատելով՝ վերջինս բռնկուն է: Այս մասին նա հենց դատական նիստի սկզբին ասաց՝ դա վերագրելով դեպքից հետո ի հայտ եկած իր հիվանդությանը, որի համար շուրջ մեկուկես ամիս բուժում է ստացել:

Այսօր Օհանջանյանը պաշտպանների շատ հարցերին հարցերով էր պատասխանում, զգուշացնում, որ մի քանի անգամ նույն հարցը չտան, ասում, որ խաչաձև հարցեր են տալիս՝ ակնկալելով, որ պիտի շփոթվի, բայց նման բան չի լինելու:

 Նորիկ Օհանջանյանի հարցաքննությունն, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվեր, եթե  դատարանում միջադեպ չլիներ:

Դատախազ Կարեն Հարությունյանի խոսքին Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը տեղից արձագանքեց:

Դավիթ Հարությունյանը նկատողություն արեց՝ նշելով, որ եթե պաշտպանը հայտարարություն է ուզում անել, ապա թող դատարանին դիմի, այլ ոչ թե նստած տեղից հայտարարություն անի:

«Կանգնել եմ. մի հատ թերություն եք ուզում անեն պաշտպանները, որ ասեք»,- հակադարձեց Հովիկ Արսենյանը:

«Ձեզ մոտ թյուր տպավորություն է»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

«Ամեն անգամ էդպես է եղել»,- ասաց Արսենյանը, և Հարությունյանն Արսենյանի պահվածքը գնահատեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Ես միշտ էլ անհարգալից եմ»,- պատասխանեց Արսենյանը:

«Միշտ էլ անհարգալի՞ց եք վերաբերում»

«Հա, չեմ հարգում, մինչև նորմալ դատարաններ չունենանք»,-ասաց Հովիկ Արսենյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար՝ հայտնելով, որ որոշումը կհրապարակի աշխատանքային օրվա ավարտին:

Առանց այն էլ լարված մթնոլորտն էլ ավելի թեժացավ. սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը պաշտպաններին մեղադրեց ամբաստանյալներին պաշտպանելու մեջ ու ամբաստանկյալներին «թուրքի լամուկ» պիտակավորեց:

Հետո կուրսանտի հայրն ու տատը չզսպեցին իրենց ու արտահայտեցին իրենց ներսում կուտակված զայրույթը:

Աշխատանքային օրվա ավարտին դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց պաշտպան Արսենյանի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ Արսենյանի նկատմամբ սանկցիա կիառելու պահանջով:

«Հետք»-ի հետ զրույցում Հովիկ Արսենյանը նշեց, թե դատավորը «պրովակացիա»-ի է դիմել:

«Ինչպիսի սարկազմով հարցը տվեց, այնպիսի սարկազմով էլ պատասխանեցի,- ասաց,- դատավորը մոռանում է, որ գոյություն ունի նաև Դատական օրենսգիրք, որում սահմանվում է, թե ինչպես  պետք է դատավորն իրեն դրսևորի»: Հովիկ Արսենյանը նշեց, որ ինքը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չէր դրսևորել, երբ վերջինս նրան նկատողություն արեց:

Մեկնաբանություններ (1)

պ-ն նախարար, պ-ն Վիգեն Սարգսյանին
Շատ բաներ կան այստեղ վրդովեցնող, սակայն ամենակարեւորը հետեւյալ հարցն է - ի՞նչ որակի հրամանատարներ են դուրս գալու մի վայրից, որտեղ պատվասիրություն, ազնվություն, արդարամտություն ու համարձակություն հասկացությունները զրոյի են հավասարեցված: Այսինքն, ու՞ր է մնացել հայ զինվորականի ,,պատվի կոդեքսը,,: Կարծում եմ գլխավոր հանցագործները նման վիճակն ստեղծած մեծավորներն ու իրենց հովանավորներն են - նրանք պիտի դատապարտվեին այս տականքներից առաջ, անկախ դիրքերից ու ծառայություններից: Հակառակ պարագայում քիչ բան պիտի փոխվի, - համոզված եղեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter