HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարվեստի ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում:  Այս մասին տեղեկացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը։ 

Այսօր մեկնարկել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) համատեղ փորձագիտական խմբի այցը ԵԳՊԱ:

Փորձագիտական խումբն արդեն մասնակցել է ԵԳՊԱ շրջանավարտների ավարտական աշխատանքների ներկայացմանը: Իսկ մայիսի 30-ից հունիսի 1-ը փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, մարդկային ռեսուրսների կառավարման, կարիերայի և հետազոտական կենտրոնների, վարչությունների ղեկավարների, վարչակազմի անդամների, ինչպես նաև դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ կունենան նաև ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն:

Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը: Խմբի մյուս անդամներն են Ցվիկաուի Կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Հանս Քրիստիան Բրուվայլերը, Բեռլինի Բյոֆի կիրառական գիտությունների տեխնիկական համալսարանի  դասախոս և «Sustainum» կայուն կառավարման ինստիտուտի տնօրեն Լոնգմուս Յորգը, Շվեյցարիայի Սուրբ Գալենի անվան համալսարանի փոքր և միջին ձեռնարկությունների կառավարման մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավար  Հերբերտ Յոհան Լորենց Գրուները, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Ֆլջյանը և ՃՇՀԱՀ ուսանող Էրիկ Վարդանյանը:

Գործընթացը համակարգում են ASIIN ծրագրերի կառավարիչ Արնոլդ Ռայները և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: ԵԳՊԱ-ն, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվությունների վրա, կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:

Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter