Բանկերը` ընդդեմ քաղաքացիների. գումարի բռնագանձման հայցեր
Նյութի աղբյուրը՝ Ասպարեզ
«Ալուց կառնինք, Վալուն կուտանք»
Տարբեր ուսումնասիրությունների համաձայն` այսօր 5 բնակչից 3-ը վարկային գործարք է սկսում բանկերի հետ, տարբեր վարկեր վերցնում, ապառիկ գնումներ կատարում: Վերջին 7-8 տարում բանկերը չէին էլ կարծում, որ քաղաքացիների մեծ մասին չի հաջողվելու ժամանակին վճարել վարկը: Բանկերը հուսադրված վարկ էին ձեւակերպում ու սպասում քաղաքացու ամսական վճարումներին: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Քաղաքացիներից շատերի գործերն այսօր հասել են վարչական դատարաններ, բանկերը հայցեր են ներկայացնում գումարի բռնագանձման պահանջով: Հայցերի թիվը օրըստօրե ավելանում է, ՀՀ-ում չկա մի բանկ, որը քաղաքացու դեմ նման հայց չի ներկայացրել դատարանում:
Օրինակ` Դատալեքս կայքում մեկ օրվա ընթացքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության վարչական դատարանում նախատեսվել է 20 նիստ, որից միայն 19-ը` բանկերը` ընդդեմ քաղաքացիների են եղել: Ի դեպ, կան դեպքեր, երբ տարբեր բանկեր միեւնույն անձի դեմ են գումարի բռնագանձման պահանջի հայց ներկայացրել:
Նույն կայքում, սակայն, մեզ չի հաջողվում գտնել քաղաքացին` ընդդեմ բանկերի հայցադիմում: Սա ոչ միայն այս կայքում, այլեւ իրականում քաղաքացիներից շատերը թեպետ դժգոհ են բանկերի տոկոսադրույքներից, գործառույթներից, սակայն չեն դիմում դատարան: Պատճառն այն է, որ դատի տալու իրավական հիմք չեն գտնում, քանի որ երկկողմ պայմանագրերը ստորագրվել ու կնքվել են հենց իրենց` քաղաքացիների համաձայնությամբ:
«Չենք կարդում, բայց ստորագրում ենք, որովհետեւ ճար չունենք»
Բանկում յուրաքանչյուր գործարք կատարվում է պայմանագրային հիմքով: Բանկի եւ քաղաքացու միջեւ կնքվում է պայմանագիր: Եթե բանկը լավատեղյակ է իր առաջադրած պայմանների մասին, ապա քաղաքացիներից շատերն անտեղյակ են իրենց պայմանագրային պարտականություններից: Հաճախ քաղաքացիները պայմանագիր են ստորագրում` առանց տեղեկանալու պայմանագրային պարտավորությունների եւ կողմերի իրավունքների մասին:
«Չենք կարդում, բայց ստորագրում ենք, որովհետեւ ճար չունենք, եթե անգամ կարդանք էլ, միեւնույն է` էդպես լավ չենք հասկանա: Բանկում հարցնում ենք, թե ամեն ամիս ինչքան ենք վճարելու` ինչքան մայր գումարից ենք փակելու, ինչքան տոկոսից… ու վերջ»,-պատմում է Գյումրու բնակիչներից մեկը, ով 500 հազարից ավել վարկ է վերցրել բանկերից մեկից: Խոստովանում է` պարտքն ու վարկը փակելու հնարավորություն չունի, դրսից գումարի է սպասում, ամեն ամսվա վերջին ուղարկված գումարի մեծ մասը բանկին է փոխանցում: Սա, ի դեպ, քաղաքացու երկրորդ վարկն է վերջին 2 տարում, այս վարկը վերցրել է, որպեսզի առաջին վարկը փակի: Ասում է` տոկոսները բարձր են եղել առաջին վարկի դեպքում, իսկ 2-րդ վարկի տոկոսադրույքները համեմատաբար բարձր չեն եղել, զեղչեր են գործել:
«Ալուց կառնինք, Վալուն կուտանք, լավ է, օր դրսից փող կուղարկեն, թե չէ` կշվարեի, կմնայի»,-ավարտում է քաղաքացին:
Դատարանի դուռն հասած քաղաքացիները հաճախ են ստանում իրավաբանական խորհրդատվություն
Գյումրիում փաստաբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող կառույցները տեղեկացնում են, որ քաղաքացիների մեծ մասը բողոքում է բնակարանային, սոցիալական խնդիրներով` այդ թվում եւ բանկային գործարքների:
Փաստաբանների խորհուրդն այս դեպքում մեկն է` նախապես կնքված պայմանագրերում սահմանված պարտականությունների կատարում` այսինքն գումարի, պարտքի, վարկի մարում: Այդ պատճառով քաղաքացիների մեծ մասը դատական նիստերում միայնակ է իր շահերը ներկայացնում ու պաշտպանում, հաճախ էլ չի մասնակցում նիստերին:
Իրավաբանները եւս հայտնում են, որ քաղաքացիները առանց ընթերցելու են ստորագրում պայմանագրերը: Միաժամանակ տեղեկացնում, որ անհրաժեշտ է բանկային համակարգի վերաբերյալ բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, հակառակ դեպքում բանկերի հայցադիմումների թիվը կավելանա:
Բանկ-քաղաքացի վեճն ու դատական գործը հաճախ ավարտվում է բանկի հաղթանակով. այսինքն` դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտերի հարկադիր ծառայությունը բռնագանձում է քաղաքացու ունեցվածքը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վերջերս ներկայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծ: Նախագծով ընդլայնվում է պարտապաններին տրամադրվող այս սոցիալական երաշխիքների շրջանակը, որի պարագայում հնարավորություն է տրվում գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում՝ պարտապանին չզրկել նվազագույն բնակապահովումից: Այսինքն չունեզրկել պարտապանին մինչեւ ապրուստի վերջին միջոցը:
Նոր նախագծով առաջարկում է չզրկել մարդուն իր միակ եւ մշտական բնակության վայրից:
Նախագծում մասնավորապես ասվում է՝ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի պարտապանին պատկանող միակ այն բնակարանի կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ որի գնահատված արժեքի 75% հավասար կամ ցածր է կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին:
Փաստաբան Թամարա Յայլոյանը մանրամասնում է այս նախագիծն ու ասում. «Եթե քաղաքացին ոսկի է գրավադրել, ապա դատական ակտերի հարկադիր ծառայությունը չի կարող բռնագանձել քաղաքացու միակ բնակարանը, սակայն եթե քաղաքացին գրավադրել է այդ մեկ բնակարանը, ապա այս դեպքում ԴԱՀԿ-ն այն կարող է բռնագանձել»:
Բանկերը դժգոհ են, կան նաեւ սնանկ ճանաչված ու ՀՀ-ից հեռացած քաղաքացիներ
Հետաքրքիր է նաեւ բանկերի կարծիքը: Վերջին 5 տարում դատարանները նաեւ որոշում են կայացրել քաղաքացիներին սնանկ ճանաչելու մասին. այս դեպքում բանկերը, ինչպես իրենք են ասում, ընկնում են խառը պատմությունների մեջ. բանկերում իրավիճակը մտահոգող է: Ասում են` հաճախ քաղաքացիները բանկերում պարտքեր են կուտակում, ապա լքում հանրապետությունը, նրանց հետ ՀՀ-ից հեռանում են նաեւ այդ քաղաքացիների գործարքը երաշխավորողները:
ՀՀ-ում չկա մեկ բանկ, որի իրավաբանը օրը գոնե մեկ անգամ դատական նիստերի չմասնակցի կամ դատական ակտերի հարկադիր ծառայություն չայցելի:
«Անպատասխանատու քաղաքացիների պատճառով մենք էլ հայտնվում ենք այս քաշքշուկների մեջ»,-անկեղծանում է իրավաբաններից մեկը:
Թեպետ բանկային գործարքների ժամանակ բանկերը քաղաքացիներից չեն հետաքրքրվում գործարքի ձեւակերպման նպատակը, սակայն փորձում են ճշտել:
-Քաղաքացիները բանկերից վարկ են վերցնում ոչ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այլեւ` անիմաստ: Որոշում են, որ Նոր տարին ճոխ են անելու, հարսանիքը Լիմուզինով են անելու, ծնունդը ռեստորանում են կազմակերպելու, թանկարժեք մուշտակ են հագնելու, հարեւաններից ետ չեն մնալու,-ասում է բանկի աշխատակիցներից մեկը:
Ներկայում Շիրակի մարզի գյուղերում էլ ավելի վատ վիճակ է, քանի որ վարկերը հիմնականում ձեւակերպվում են խմբակային, խումբ ընդգրկված յուրաքանչյուր գյուղացի պարտավորվում է նախատեսված ամսում վճարում կատարել: Սա եւս վեճերի թեմա է դառնում համագյուղացիների միջեւ, նորից գումարի պակաս են զգում ու իրենց խոսքով` «ընկնում տոկոսի` տոկոսի տակ»:
Քաղաքացիներից ոմանք երբեմն կատակով են խոսում այս պարտքերի մասին` հիշեցնելով ՀՀ արտաքին պարտքի չափը: «Մեր երկիրը 6 մլրդ-ի պարտք ունի, ի՞նչ կեղնի` մենք էլ 1 ու կես մլն-ի ունենանք»:
Բանկ-քաղաքացի-դատարան օղակում տիրող վիճակը ոչ այլ ինչ է, քան երկրի` աղքատության ճիրաններում հայտնվելու մասին աղաղակող փաստ. բանկերը, ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում պատրաստվում են հստակեցնել վարկերի տրամադրման քաղաքականությունը` խուսափելով դատական պատմություններում հայտնվելուց:
Անի Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել