HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Արարատ Խանդոյանի պաշտպանի դիմումը

Ամալյա Մարգարյան

Մարդու  իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Ընդդեմ կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի գանգատը: Գանգատը վերաբերում է զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ առաջին որոշմանը:

ՄԻԵԴ-ը փաստաբանին հայտնել է, որ քննության կառնի գործը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: 

«Հետքը» զրուցեց փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ, ով ներկայացրեց, որ դիմումի մեջ նշվել է, թե խախտվել է Եվրոպական կոնվեցիայով նախատեսված 5-րդ հոդվածը: «Ըստ որի՝ խախտվել է Արարատ Խանդոյանի անձնական անձեռնմխելիության իրավունքը: Արարատ Խանդոյանին առանց հիմնավորումների կալանավորել են, և մինչև հիմա ապօրինի կալանքի տակ է մնում: Երբ անձին կալանավորում են, պետք է հիմանվորվի կասկածը և պետք է ապացուցվի, որ անձը կատարել է հանցագործություն», - նշեց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ նախաքննության մարմնի կողմից կալանավորում է իրականացվում, որպեսզի կասկածյալը չդիմի փախուստի, չխոչընդոտի գործի քննությանը, դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություն չկիրառի: «Այս ամենը պետք է քրեական մարմնի կողմից ապացուցվի փաստական  տվյալներով, իսկ Արարատ Խանդոյանի նկատմամբ կասկածը չի ապացուցվել, միայն ասում էին, որ նա կդիմի փախուստի, կխոչընդոտի գործի քննությանը, ուստի կալանավորել են», - հայտնեց փաստաբանը:

Անդրադառնալով նաև նախորդ նիստի ընթացում մեղադրողի հնչեցրած ճառին ՝ ըստ որի` դատաքննության ընթացքում հիմնավորվել է Արարատ Խանդոյանի մեղքը, պաշտպանն ասաց. «Դատաքննության ընթացքում ի՞նչ է հիմնավորվել, որ 46 ոստիկանի նկատմամբ Արարատ Խանդոյանը բռնությու՞ն է կիրառել, դա պարզապես ծիծաղելի է: Հարցաքննության ընթացքում 46 ոստիկաններն էլ ասացին, որ Արարատ Խանդոյանն իրենց նկատմամբ բռնություն չի գործադրել և չի հարվածել: Իսկ վկա ոստիկանները չկարողացան լիարժեք պատասխանել մեր հարցերին»:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016թ-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter