HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում վերելակից երկու երեխաներ են ընկել․ մարմնական վնասվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր երեկոյան՝ 18:45-ի սահմաններում Վանաձորի Աղայան 74/1 շենքից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերելակից երկու երեխաներ են ընկել ու տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Դեպքի վայր է մեկնել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, որը բժշկական կենտրոն է տեղափոխել նույն շենքի բնակիչ, 14-ամյա Լուսինե Զաքարյանին:

Աղջիկն անմիջապես տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մասնագետները նրա մոտ բազմակի վնասվածքներ են ախտորոշել:

Բժիշկ անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանի խոսքով հիվանդն ընդունվել է ծանր վիճակով:

«Կոտրված է աջից կոնքազդրային հոդը, ձախից` սրունքը, կոտրված է քիթը, չի բացառված ողնաշարի վնասվածքը: Եվ չնայած ռենտգեն նկաների վրա գլխի վնասվածք չկա, սակայն անհրաժեշտ է նաև գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա»,- նշում է բժշկուհին:

Տուժածին ցուցաբերվել է առաջին օգնություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանաձորի բժշկական կենտրոնը համակարգչային տոմոգրաֆ չունի, իսկ   աղջկա մոտ չի բացառվում նաև  ողնաշարի վնասվածքի առկայությունը` մասնագետները որոշում են կայացրել նրան տեղափոխել Երևան, որտեղ հնարավոր կլինի կատարել  հստակ համակարգչային տոմոգրաֆիա, և հստակ ախտորոշում կատարել:

Վնասվածք ստացած մյուս աղջնակը` Լուսինեի ընկերուհին՝ 15-ամյա Վիկա Արզումանյանը, թեթև վնասվածք է ստացել: Վնասվել է միայն բազուկոսկորը:

«Բարձրանում էինք վերելակով, երրորդ հարկում մեր երրորդ ընկերուհին դուրս եկավ: Մենք բարձրանում էինք 8-րդ հարկ: Չորրորդ հարկում վերելակների դռները բացվեցին: Մեզ թվաց` խափանվել է ինչ-որ բան, որոշեցինք դուրս գալ, ոտքով բարձրանալ: Բայց վերելակի առաջին դռները փակվեցին, ընկերուհիս մնաց արանքում, իսկ վերելակը բարձրացավ: Ես վերելակի մեջից ձեռքս գցեցի, որ ընկերուհուս բռնեմ, որ չընկնի, բայց ձեռքս մնաց վերելակի ու հարկի պատի արանքում, ընկերուհիս ընկավ: Մի քիչ էլ բարձրացավ վերելակն ու կանգ առավ: Սկսեցի գոռալ, օգնություն կանչել: Բոլոր հարևանները հավաքվեցին, բացեցին դռները: Հետո հայտնեցի, որ Լուսինեն ներքև է ընկել: Լուսինեին հանեցին նկուղից...»,- պատմում է Վիկան։ Նա այնքան է վախեցել, որ որոշել է այլևս երբեք վերելակից չօգտվել։ 

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter