HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ավագանու որոշ անդամների շփոթմունքը

Նյութի աղբյուր՝ Ասպարեզ

Ավագանու նիստը չեն տարբերում հանձնաժողովի նիստից

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Մինչեւ ավագանու 9 անդամ ունեցող համայնքներում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար կարող է իր որոշմամբ ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ»:
Նույն հոդվածի 6-րդ կետով սահմանվում է. «Ավագանու 9 եւ ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծում է մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ»:
Գյումրու ավագանին նախորդ տարվա նոյեմբերի 23-ին հաստատեց համայնքի ավագանու մշտական գործող թվով 4 հանձնաժողովների կազմերը:

Հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ. խմբակցության նիստում խմբակցության անդամները որոշում են իրենց մասնակցությունը ավագանու հանձնաժողովներին, որի համաձայն խմբակցության ղեկավարը համայնքի ղեկավարին է ներկայացնում հանձնաժողովներից յուրաքանչյուրում ընդգրկվելիք խմբակցության անդամների անուն-ազգանունները:

Մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ, ԳԱԼԱ, ՀՎԿ, դեռեւս բոյկոտում են ավագանու նիստերը եւ հանձնաժողովներում անդամներ չունեն:
4 հանձնաժողովների կազմերի անդամներն ու նախագահները միայն «Բալասանյան» դաշինքից են:

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը ընտրվել եւ նշանակվել է Գյումրու քաղաքապետի քրոջ դուստրը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Սանոյանը, ում հայրը՝ Ռուբիկ Սանոյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է:

Այս հանձնաժողովի անդամներն են՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարկային մասնագետ Կարեն Միքայելյանը, «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Տոնոյանը, «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի քիմ.հականեխող Կարինե Թաթարյանը:

Մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը Մխիթար Սահակյանն է, չի աշխատում: Այս հանձնաժողով են ընդգրկվել «Անդրանիկ» Ա/Կ տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, «ՀԷՑ» ՓԲԸ արհմկոմի նախագահ Լոլյա Խաչատրյանը, Վահան Հունանյանը, նա չի աշխատում:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի փոխտնօրեն Արտակ Ադամյանն է: Այս հանձնաժողովի անդամներն են՝ Վարդան Եդիգարյանը, չի աշխատում, Տիգրան Փանոսյանը, նա եւս չի աշխատում, «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի հնեցման արտադրամասի բաժնի պետ Արամայիս Գրիգորյանը:

Իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի կազմակերպիչ Գայանե Սարգսյանն է, անդամները՝ Գոռավետ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Մկրտչյանը, Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, «Ռ.Տ.Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը:

Հանձնաժողովներից յուրաքանչյուրի անդամների թվաքանակը հավասար է ավագանու անդամների ընդհանուր թվի շուրջ մեկ քառորդին: Համայնքի ղեկավարը եւ նրա առաջին տեղակալը հանձնաժողովների կազմում չեն ընդգրկվում:

Գյումրու ավագանու անդամներից փորձեցինք պարզել, թե իրենց մշտական հանձնաժողովների վերջին նիստերը երբ, որտեղ են կայացել: Ավագանու 16 անդամից միայն 6-ը պատասխանեց մեր զանգերին: Մյուսները կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին կամ փոխանցում էին, թե ավտոմեքենայի ղեկին են, հարմար չէ, կամ կարեւոր գործերով են զբաղված:

Ավագանու բոլոր 6 անդամներն էլ շփոթում էին, կարծելով, թե հանձնաժողովի ու ավագանու նիստերը նույնն են: Ապա մի քանի վայրկյան անց, հիշելով, ասում էին, թե հանձնաժողովի նիստերը կայացել են ապրիլի վերջին օրերին, սակայն նորից կոնկրետ օր չէին հիշում, նշում էին՝ ապրիլի 25, 26, 27:

Ավագանու կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովների հերթական նիստերը նստաշրջանների ընթացքում հրավիրվում են ամիսը առնվազն մեկ անգամ՝ հանձնաժողովի սահմանած օրերին եւ ժամերին, իսկ նստաշրջանների միջակայքում՝ ըստ անհրաժեշտության: Ավագանու նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:

Հարցումներից պարզեցինք նաեւ, որ հանձնաժողովի նիստերը կայանում են քաղաքապետարանում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Օրինակ՝ մշտական հանձնաժողովների նիստերի համար աշխատասենյակ է տրամադրում աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը, նաեւ համայնքի ղեկավարի խորհրդական Արարատ Բալաբեկյանը:

Գյումրու ավագանու կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենալու ավագանու նստավայրում, այսինքն՝ քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում, այստեղ է Գյումրու ավագանու նստավայրը:

Նույն կանոնակարգի համաձայն՝ այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել միայն հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է համայնքի ղեկավարին: Մեր այն հարցին, թե այլ վայրերում հանձնաժողովի նիստ անցկացնելու մասին հանձնաժողովը որոշում կայացնո՞ւմ է, ավագանու անդամները չունեին պատասխան:

Այսպիսով, քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատասենյակները ժամանակավորապես զբաղեցրած մշտական հանձնաժողովները նաեւ փոխանցում են, որ նիստերին քննարկվող հարցերի շուրջ երբեմն տարաձայնություններ էլ են լինում, բայց միշտ ելքը գտնում են, ընդհանուր եզրակացության են գալիս: Նիստի արձանագրությունները, իրենց խոսքերով, մեկ-մեկ հանձնում են աշխատակազմի քարտուղարին ու խմբակցության նախագահին:

Ավագանու անդամներից մեկն էլ խոստացավ հանձնաժողովի նիստի կայացման օրվա ու ժամի մասին նախապես մեզ տեղեկացնել, որ ներկա գտնվենք նիստերին ու ավելի համոզիչ լինի:

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter