HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյանի փաստաբանի բողոքը մերժվեց

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը ՝ քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները մերժելու վերաբերյալ:

Նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը հանդես եկավ հայտարարությամբ և անդրադարձավ իր գործը «Սասնա ծռեր»_ի անդամների գործից առանձնացնելու միջնորդությանը, որը դատավոր Նիկողոսյանը մերժել էր։ «Այդ կետով որոշվում է իմ ազատությունների և հիմնարար իրավունքերի հարցը։ Որոշվում է, թե իմ ճակատագիրն ինչպիսին է լինելու․ մեկ տարի՞ է, թե՞ ցմահ կամ գնդակահարում, իսկ եթե չկիրառեք, ես պիտի մինիմում 3-4 տարի քարշ գամ դատարանում»- հայտնեց Կարո Եղնուկյանը։

Ընդմիջելով Եղնուկյանի խոսքը՝ դատավոր Նիկողոսյանն ասաց․ «Մենք պետք է խոսենք գործից, հրապարակային ելույթ չանենք»։

Կարո Եղնուկյանի ելույթից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց բողոքում առկա իր դիրքորոշումը և նշեց, որ ներկայացրած միջնորդությունների միայն մեկ կետին անդրադարձավ Կարո Եղնուկյանը, ապա ավելացրեց․ «եթե մեղադրանքի հիմքերն արդարացված չեն, այդ դեպքում հնարավոր չէ արդյունավետ պաշտպանություն իրականացնել։ Մենք միջնորդություններից մի կետով էլ խնդրել ենք, որպեսզի քննչական մարմինը պարզաբանի մեզ, թե ինչի մեջ է մեղադրվում Կարո Եղնուկյանը. սա պիտի նախաքննության ընթացքում իրականացվի, ոչ թե դատաքննության»։

Դատավորը նորից ընդհատեց և հիշեցրեց, որ գործն արդեն իսկ ուղարկված է Էրեբունի և Նուբարաշեն դատարան, և այլևս նախաքննություն չի իրականացվում։ Փաստաբան Հայրապետյանն էլ ավելացրեց, որ անձը պետք է դատարան գնալով իմանա, թե ինչի մեջ է մեղադրվում։ «Անձին սպառնում է 25 տարվա ազատազրկում, մենք չիմանա՞նք՝ ինչ տեղեկություններ են մեղսագրում նրան։ Առանց հասկանալու գնանք դատարան ու սպասե՞նք»,- հայտարարեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բերման է ենթարկվել 2016թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ապա կալանավորվել է: Եղնուկյանին մեղադրում են «Սասնա ծռեր» խմբի կողմից պատանդների պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter