Նոր մանրամասներ Վաղարշապատում վնասազերծված խմբի մասին
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող գործի մասին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, ում նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի 30-ին հայտնաբերվել է Տավուշի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն այսօր ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից, պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Կոմիտեն նշում է նաև, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, և որ խմբի անդամների միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել