«Սասնա ծռերի» երեք անդամներ կտեսակցեն հարազատների հետ
Ամալյա Մարգարյան
«Սասնա ծռերի» անդմաներ Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդությունը բավարավել է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանն իմ ներկայացրած միջնորդությունը մասնակի բավարարել է և թույլատրել է Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունները մերձավոր ազգականների, ընտանիքի անդամներ հետ վերականգնել, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքը վերացրել է»,-հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար։
Արմեն Լամբարյանին մեղադրանքներ է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և մյուսների գործով քրեական գործն ուղարկվել է էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։
Դատաքննության օր է նշանավել հունիսի 8-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել