
Վրաստանը թույլ է տվել իր երկրում ապաստան գտած լրագրողին առևանգել
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էլչին Սադիքովը:
Աֆղան Մուխթարլիին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Թբիլիսիում առեւանգելու և Բաքու տեղափոխելու փաստը երկու օր է քննարկման թեմա է վրաց-ադրբեջանական, միջազգային, ինչպես նաև հայկական հանրության շրջանակներում:
Նրա անհետացման լուրը հայտնվեց մամուլում մայիսի 30-ին, սակայն, երեկ պարզվեց, որ նա արդեն Բաքվում է: Նրա կինը՝ Լեյլա Մուտաֆաևան, մայիսի 29-ի երեկոյան ամուսնու անհետացման մասին լուրը հայտնել է Վրաստանի ոստիկանությանը և խնդրել նրանց աջակցությունը: Սակայն երեկ պարզվել է, որ ամուսինն արդեն Բաքվում է:
Լեյլա Մուստաֆաևան լրագրողներին հայտնել է, որ ամուսնու անձնագիրը տանն է, հետևաբար, նրան Վրաստանից Ադրբեջան ապօրինի՝ առանց փաստաթղթի են անցկացրել:
Փաստաբանը փոխանցել է, որ իր ցուցմունքում Մուխթարլին նշել է, որ մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր տան մոտակա տարածքից իրեն բռնի ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենան: Նրա ձեռքերը կապել են և ծեծել:
«Նա հիմա քթի վրա, աջ աչքին և ճակատին, ինչպես նաև ձախ քունքին կապտուկներ ունի: Նա կարծում է, որ կողոսկրի կոտրվածք էլ ունի: Նրա գլխին տոպրակ է անցկացվել, որի հետևանքով՝ շնչահեղձ է եղել: Դրանից հետո Մուխթարլիի աչքերը փակել են ժապավենով»,-հայտնել է փաստաբանը:
Լրագրողը պաշտպանին նաև փոխանցել է, որ իրեն շուրջ երկու ժամ «Օպել»-ով են փոխադրել, հետո մեկ այլ մեքենա են տեղափոխել, և վերջապես երրորդ մեքենայում ադրբեջաներեն են խոսել: Նրանք 10 հազար եվրո են դրել իր գրպանը, որը երբևէ նախկինում չէր տեսել:
Ադրբեջանական կառավարության ճնշումներից խուսափելու համար Աֆղան Մուխթարլին փախել է Թբիլիսի 2015 թվականին։ Նա խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը, իսկ Թբիլիսիում զբաղվել է Ալիևների ընտանիքի վրաստանյան ունեցվածքի բացահայտմամբ: Նա ունի 3 տարեկան դուստր:
«Կապ չունի՝ այդ ամենը լրագրողի հետ է կատարվել, թե սովորական քաղաքացու: Վրաստանը գիտի, որ միշտ պատասխանատու է բոլոր քաղաքացիների և հյուրերի պաշտպանության համար: Դեռ վաղ է ասել, որ սա միակ դեպքն է: Սակայն Վրաստանը ստորագրել է մարդու իրավունքների մասին հռչակագրեր, և միջազգային հանրությունը սպասում է, որ դրանք կյանքի կկոչվեն: Ենթադրելով, թե ինչպես է նա Վրաստանից դուրս բերվել՝ Վրաստանը միջազգային հանրությանը բացատրելու շատ բան ունի»,- «Հետքի» հետ զրույցում ասում է OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսը:
«Վրաստանի կառավարությունը դեռևս հստակ հայտարարություն չի արել, թե ինչպես է լրագրողը հայտնվել Բաքվում: Մենք կասկածում ենք, որ ադրբեջանական ուժերին Վրաստանի կողմից օգնել են սահմանն անցկացնելու գործում: Մենք պահանջում ենք՝ արդյունավետ հետաքննություն իրականացվի, որոնք լույս կսփռեն դեպքի բոլոր մանրամասների վրա: Եթե պարզվի, որ Վրաստանը ևս մեղավոր է այս հարցում, կարծում ենք, որ համապատասխան պաշտոնատար անձինք պետք է արդարադատության առաջ կանգնեն: Մենք կարծում ենք, որ նման դեպքեր չպետք է տեղի ունենան այն երկրում, որը ձգտում է եվրաատլանտյան արժեքների»,- մեզ հետ զրույցում ասում է վրացական «Լիբերալի»-ի առցանց տարբերակի խմբագիր Լիկա Զաքաշվիլին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով (ազատության ապօրինի սահմանափակում): Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր դատապարտել է այս դեպքը՝ իրենց երկրի համար մարդու անհետացումը մարտահրավեր բնութագրելով:
Վրաստանին ամոթանք տալու և համերաշխություն դրսևորելու համար այսօր Թբիլիսիում՝ կառավարության շենքի մոտ, բողոքի ակցիա են անցկացրել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և անհատներ:
Լիկա Զաքաշվիլին տեղեկացրեց, որ նմանատիպ բողոքի ակցիա նախատեսված է նաև վաղը Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ:
Համաձայն Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ Ադրբեջանը Վրաստանի ամենամեծ ներդրողներից է համարվում: Վրաստանի տնտեսության մեջ կատարված ողջ ներդրումների 40 տոկոսը կազում են ադրբեջանական ներդրումները:
Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր ներդրումենրը 2012 թվականից. նույն տարում ադրբեջանական ներդրումները կազմել են 59 մլն դոլար, 2013-ին՝ 82 մլն դոլար, 2014-ին՝ 341 մլն դոլար, 2015-ին՝ 542 մլն դոլար, 2016թ. 9 ամիսների ընթացքում՝ 434 մլն դոլար:
Մեծ ներդրումային նախագծերից է համարվում Բաքու-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունները:
Լուսանկարը՝ www.meydan.tv-ից
Մեկնաբանել