
Վանաձորցի վարորդները բողոքում են. ասֆալտը կտրտել են, փոսերը չեն լցնում
Գայանե Սարգսյան
Վերջին ամիսներին վանաձորցի վարորդները դժգոհում են քաղաքի փողոցների անբարեկարգ վիճակի մասին: Եթե մինչև հիմա նրանք դժգոհ էին քարուքանդ փողոցների առկայությունից, ապա հիմա նրանց բողոքի հիմնական պատճառը փոսային նորոգման համար կտրտված ու այդպես էլ չլցվող փոսերն են:
Վանաձորի փողոցների փոսային նորոգման մրցույթը շահած «Լոռիճանշին» ՓԲԸ-ն քաղաքի կենտրոնական փողոցներում ասֆալտի կտրտման աշխատանքերն սկսել է մայիսի 1-ից: Մեկ ամիս է, սակայն, դրանց մեծ մասն այդպես էլ չի ասֆալտապատվում:
Այսօր` մայիսի 31-ին քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնում իրենց մեքենաներն էին կայանել մեծ թվով երթուղային տաքսիների ու անհատ տաքսիների վարորդները: Բարձրաձայնելով փողոցների վիճակին իրենց դժգոհությունը` նրանցից շատերը, սակայն, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում էին ներկայանալ:
«Հավաքվել ենք ճանապարհների համար, որ ճանապարհները սարքեն, մենք էլ կարենանք աշխատենք: Ճանապարհների պատճառով չենք կարում աշխատենք: Մեքենաները ջարդում ենք, չենք կարում քշենք»,- նշեց վարորդներից մեկը` քաղաքի առավել վատ վիճակում գտնվող փողոցների թվում մատնանշելով գլխավոր՝ Դեմիրճյան փողոցը:
«Երեկ ռադիատորը ջարդել եմ, 30.000 դրամ ո՞վ ա ինձ տալու, որ սարքեմ»,- դժգոհեց մյուսը:
Հավաքվելուց ու իրենց դժգոհությունն արտահայտելուց հետո վարորդներից մի քանիսը մտան քաղաքապետարանի շենք, ապա կարճ ժամանակ անց դուրս եկան` փոխանցելով, որ խոստացել են վաղվանից սարքել: Թե հատկապես ով էր եղել խոստացողը, վարորդները դժվարացան ասել:
«Ես անձնական մեքենայով տաքսի եմ քշում, դրա համար էլ հարկ եմ վճարում: Եթե չսարքին, էս տարվա հարկը չենք վճարելու, ոչ մի մեքենա չի վճարելու: Շատ մեծ վնասներ ենք կրում: Անընդհատ ավտոյի վրա գործ ենք անում»,- նշեց տարեց վարորդներից մեկը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը թեև այսօր քաղաքում չէր, սակայն վարորդների դժգոհություններից տեղյակ էր: Ավելի ուշ մեզ հետ զրույցի ժամանակ նա նշեց. «Եկել, կագնել, իջել են ճանապարհների համար, բացատրվել է, որ վաղվանից անում են: 25 անձրևային օր է եղել մայիսին: Թերթը կարդում եմ, Հրազդանում անձրևի ժամանակ ասֆալտ են լցրել, ամբողջ լրատվությունը դա է գրում... Վաղն առավոտից երեք բրիգադով թափով կսկսեն փոսերը լցնել»:
Արդարացված համարելով քաղաքի վարորդների դժգոհությունը` քաղաքապետն ասաց. «Դա բնական է, դե ճանապահի վիճակը լավ չի, ինչի՞ մասին է խոսքը: Քաղաքում 15-20 լարված կետեր կան, որոնք շատ արագ պետք է վերացնենք»:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ու «Լոռիճանշին» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի` քաղաքի փողոցների փոսային նորոգման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:
Մեկնաբանել