Իշխան Զաքարյանը Նիդերլանդներում ու Ռուսաստանում կքննարկի համագործակցության հարցեր
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ:
ՎՊ նախագահը հանդիպում կունենա Նիդերլանդների հաշվիչ դատարանի խորհրդի համանախագահներ հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն 2012-2013 թվականների Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները:
Մասնավորապես` բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով հոլանդացի փորձագետները կգնահատեն վերահսկիչ պալատին վերաբերվող ՀՀ օրենսդրական և մեթոդական դաշտը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատի և Նիդերլանդների հաշվիչ դատարանի համագործակցության հիմքը դրվել է 2009-ին` ՀՀ ՎՊ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին ստորագրված համագործակցության համաձայնագրով:
Վերջին երկու տարիների ընթացքում` նյութատեխնիկական և մեթոդաիրավական աջակցության շրջանակներում, իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր, որոնք էապես նպաստել են ՀՀ Վերահսկիչ պալատի զարգացմանը:
Հոլանդական կողմի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է վերահսկիչ պալատի պաշտոնական վեբ-կայքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի նախագիծը, վերահսկիչ պալատի աշխատակիցների համար կազմակերպվել է հարկային-մաքսային ոլորտներին նվիրված և IDEA ծրագրի ուսուցողական սեմինարներ, տրամադրվել են IDEA ծրագրային փաթեթներ:
Տեղեկացնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դեկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ի. Զաքարյանը հանդիպում կունենա ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ: Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների ղեկավարները կքննարկեն հաջորդ տարվա համատեղ աշխատանքային ծրագրերը:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել