
Ուռճացված աշխատավարձեր, ուռճացված հաստիքներ. համայնքի կարիքները լուծելու համար գումարներ չեն մնում
2011 թ. հունիսի 27-ին Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ավագանու նիստում հաստատվել է համայնքի 2011 թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի հաշվետվությունը:
Նույն ամսաթվով կայացած ավագանու նիստը քննարկել է նաեւ «Համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» հարցը, ինչը, սակայն, ըստ կազմված արձանագրությունների, չի ընդգրկվել ավագանու նշված նիստի օրակարգում: Անհասկանալիորեն, նույն ամսաթվով կազմվել է մեկ այլ նիստի արձանագրություն (առանձին օրակարգով): Գուցե խոսքն ընդամենը թյուրիմացության մասին է, մանավանդ, որ նույն նիստի տարբեր որոշումներ համայնքի ղեկավարը ստորագրել է տարբեր ամսաթվերով: Բայց, միեւնույն ժամանակ, չկա երաշխիք, որ բյուջեի մեջ փոփոխություն կատարելու հարցը «ծագել է» հրատապ, ուստի անհրաժեշտություն է եղել ինչ-որ նիստի որոշման մեջ «խցկել», մանավանդ, որ բյուջեի փոփոխության հարցերից մեկը վերաբերում է «Հարթաշեն համայնքի 2011 թ. բյուջեի պահուստային ֆոնդից 420 հազար դրամ գումար գրասենյակային գույքի ձեռքբերմանը հատկացնելուն»:
Համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի խոսքով՝ բյուջեի այս փոփոխությունն անհրաժեշտ էր, քանի որ, ըստ նրա, «գյուղապետի կաբինետն օրը 100 մարդ է մտնում եւ պիտի ներկայանալի տեսք ունենա»:
Թե համայնքային խնդիրների կարեւորության, առաջնահերթության մասին ինչ են մտածում համայնքի բնակիչները, դժվար է գուշակել, քանի որ իրենց կարիքների, խնդիրների մասին, ինչպես նշում է աշխատակազմի քարտուղարը, երբեւէ գրավոր չեն դիմում: Եւ չնայած համայնքներում ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման համար նախատեսվում է դիմումները գրանցել գործավարության մատյանում, այնուամենայնիվ, Հարթաշենի աշխատակազմի քարտուղար Հենրիկ Քոչարյանի խոսքով՝ այդ նպատակի համար նախատեսված որեւէ փաստաթուղթ չի պահվում: Իսկ այն հարցին, թե համայնքի բյուջեի հրապարակայնությունը` համայնքային բյուջեի եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները, հաստատված բյուջեն եւ նրանում կատարվող փոփոխությունները, ավագանու վերջին նիստի որոշումներն ինչո՞ւ տեղ չեն գտել տեղեկությունների համար նախատեսված վահանակին, համայնքի ղեկավարը պատճառաբանեց վերանորոգման աշխատանքներով, չնայած նույն վահանակի վրա արդեն տեղադրված էին համայնքային իշխանության գործունեության հետ որեւէ կապ չունեցող տեղեկություններ, իսկ բարեկարգման աշխատանքներն ըստ էության ավարտված էին:
Ըստ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանի՝ համայնքապետարանի շենքը վերանորոգվել է մասնավոր ներդրումների հաշվին, տեղական բյուջեից միջոցներ չեն ներգրավվել: Նրա խոսքով՝ համայնքի առաջնահերթ խնդիրների թվում են խմելու ջրի ներքին ցանցի, դպրոցի մարզադահլիճի, գյուղամիջյան ճանապարհների, մշակույթի տան բարեկարգումն ու կահավորումը: Վերջինիս պարագայում, չնայած մշակույթի տունը չի ծառայում իր նպատակին, քանի որ հիմնանորոգման կարիք ունի, այնուամենայնիվ, համայնքի բյուջեով պահակի 1 հաստիք է նախատեսված` «շենքը պահպանելու համար»: Կարեւոր խնդիրների ցանկում է նաեւ գյուղի 40-ից ավելի նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսվող մանկապարտեզի կառուցումը:
Ներկայացված խնդիրների լուծման համար համայնքի բյուջեից դժվար է ակնկալել որեւէ ներդրում, որքան էլ որ, չնայած ուշացումներով, բյուջեի եկամտային մասը, մասնավորապես՝ հողի հարկն ու գույքահարկը, հավաքագրվում է: Ինչպես համայնքի ղեկավարն է նշում` տարվա վերջին այն հասցնում են գրեթե 100 %-ի:
Համայնքի բյուջեով նախատեսված 12 մլն 905.4 հազարից 8 մլն 900 հազարը տարեկան ուղղվում է 10 հաստիքի աշխատավարձի վճարմանը. եւս 1 մլն 732 հազար հատկացվում է սոցիալական ապահովության վճարներին: Արդյունքում (ներառյալ գրասենյակային, տրասնպորտային, հատուկ նպատակով այլ նյութերի ձեռքբերման համար նախատեսված մոտ 800 հազար դրամ) տեղական բյուջեում ազատ միջոցներ չեն մնում համայնքային կարիքների լուծման համար:
Տեղական բյուջեի եկամուտների աճին առանձնապես չեն օգնում նաեւ 845 հա արոտավայրի վարձակալությունից ակնկալվող գումարները, քանի որ Հարթաշենում ոչ մի մետր արոտ վարձակալությամբ չի ձեւակերպվում: «Ոչ մեկը չի հաշվում, թե ով քանի կով ունի ու քանի մետր արոտավայր է անհրաժեշտ դրա համար»,- ասում է համայնքի ղեկավարը եւ հավելում, որ արոտավայրերի օգտագործման համար վճարումներ չեն գանձվում: Միջանկյալ նշենք, որ արոտավայրերի վարձակալման մեխանիզմների առումով մինչեւ վերջերս դժվարություններ կային, քանի որ արոտավայրերի վարձակալման համար անհրաժեշտ էր ձեռք բերել նաեւ հողի վարձակալության վկայական, եւ ընդամենը մեկ-երկու տասնյակ անասուն ունեցող ֆերմերը ստիպված էր ավելին վճարել նոտարական վավերացման եւ կադաստրում գրանցելու համար, քան ակնկալվող եկամուտն էր: Սակայն վերջերս Կառավարության որոշմամբ այդ գործընթացի համար նոր կարգ է սահմանվել, ըստ որի՝ մինչեւ 3-4 տարի օգտագործման համար արոտավայրերի վարձակալման վկայական ձեռքբերելու անհրաժեշտություն այլեւս չկա, իսկ նոտարական վավերացման եւ անշարժ գույքի պետական կադաստրում վարձակալական պայմանագիրը հաստատելու դեպքում արոտավայրերը հնարավոր է վարձակալել մինչեւ 25 տարի ժամկետով:
Համայնքապետ Ազատ Ղուկասյանը նաեւ նշում է, որ նախատեսում են 2011 թ. բյուջեի եկամուտների ավելացման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Նա շեշտում է գյուղի տարածքում գործող խանութներից, պանրի արտադրության փոքր ձեռնարկություններից հարկեր գանձելը, սակայն վճարի չափի սահմանման մեխանիզմ չի ընդունվել եւ, օրինակ, տարածաշրջանում կաթի վերամշակման գործում ներդրում ապահովող ընկերություններից մեկից նախատեսվում է տարեկան գանձել 5-10 հազար դրամ:
Իսկ թե ինչու են առհասարակ ուռճացվում համայնքային իշխանությունների աշխատակազմերի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդերը, թերեւս, այլ քննարկման թեմա է: Ինչպես վկայում են ուսումնասիրությունները, նախատեսված հաշվարկը միշտ կատարվում է՝ ընտրելով թույլատրելի վերին շեմը: Օրինակ՝ 24 հազարից ավելի բնակիչ ունեցող Գորիս քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետի աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ, իսկ 831 բնակիչ ունեցող Հարժիս համայնքի ղեկավարի դեպքում՝ 185 հազար դրամ:
Մեկնաբանել