
Քաթարցիները Հայաստան կգան առանց մուտքի վիզայի
Քաթարի քաղաքացիները հունիսի 10-ից Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի։ Գործադիրը հավանության արժանացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նորկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ Հայաստանի և Քաթարի հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց, ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Բացի այդ, դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը և, ըստ ԱԳՆ-ի, հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը:
ԱԳՆ-ն նաև հավաստիացնում է, որ Քաթարի քաղաքացիների Հայաստան այցելությունների թիվը էականորեն աճել է: Նրանք հիմնականում այցելում են զբոսաշրջության նպատակով, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելով։
«Բացի այդ, Քաթարի քաղաքացիների համար Հայաստանի հարևան երկրների կողմից արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու մասին ընդունած որոշումները էականորեն խթանում են դեպի այդ երկրներ զբոսաշրջությունը»,- ասվում է նախագծում։
Այս որոշմամբ՝ Քաթարի քաղաքացիները Հայաստան կարող են այցելել և մնալ առավալագույնը 180 օր և կազատվեն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
լուսանկարը՝ finobzor.ru-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել