
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց արաբերենի օրը
ՄԱԿ-ում արաբերենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին արաբերենի օգտագործման խնդիրը:
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ), Հայաստանում Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի դեսպանությունների, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի և Սիրիայի արաբական միության ուսանողների հետ:
ՄԱԿ-ի պաշտոնյաները, Եգիպտոսի, Լիբանանի և Սիրիայի դեսպանությունների ներկայացուցիչները խոսեցին ՄԱԿ-ում Արաբերեն լեզվի կարևորության մասին, ինչպես նաև Հայաստանում Արաբերեն լեզվի, մշակույթի և երաժշտության օգտագործման մասին:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Ես իսկապես շատ ուրախ եմ տեսնել այսքան լուսավոր երիտասարդների այսօր ՄԱԿ-ի գրասենյակում: Կարևոր է, որ հայերը սովորում են արաբերեն, ինչը կօգնի նրանց բաց սահմաններ ունենալ արաբախոս աշխարհի հետ, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Արաբերենը արաբներին, նրանց մշակույթն ու գրականությունը հասկանալու հիմնական բանալին է: Այն համարվում է 22 երկրներում ապրող ավելի քան 200 միլիոն արաբախոսներին միավորող կապը, ովքեր արաբերենը ընդունել են իրենց պաշտոնական լեզու»:
Հանդիսատեսը վայելեց արաբական պարեր, երաժշտություն, թատերական ներկայացում, պոեզիա և համտեսեց արաբական ավանդական ուտեստներ: Երևանի պետական համալսարանի անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` «Արաբերենը աշխարհում և Հայաստանում», ինչպես նաև «www.un.org-ի արաբերեն էջը»:
Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է դեկտեմբերի 18-ին, այն օրը, երբ 1973 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Արաբերենը հռչակեց որպես Միավորված ազգերի կազմակերպության վեցերորդ պաշտոնական լեզու:
2010 թ. սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011 թ. ընթացքում նշել ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Մեկնաբանել