HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանն՝ Ազնավուրին․ Երեւանում մեծարեցին աշխարհահռչակ շանսոնյեին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ էստրադային  ու օպերային երգիչների մասնակցությամբ հունիսի 1-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե` Շառլ Ազնավուրին նվիրված համերգ:

«Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին ներկա էր անձամբ Շառլ Ազնավուրը:

Անվանի ֆրանսահայի երգերը ներկայացվեցին նոր մեկնաբանություններով: Համերգի զարդը, անկասկած, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էր ու մասնավորապես` դաշնակահար Կարեն Անանյանը:

Ազնավուրի երգերի նվագակցությունը Ֆիլհարմոնիկի կողմից կատարվեց աշխարհի լավագույն բեմերին արժանի մակարդակով: Դասական երաժիշտներով համալրված կոլեկտիվը գրեթե անթերի էր ջազ-էստրադային ոճում:

Համերգի ընթացքում հեռուստակամուրջ էր ստեղծվել Փարիզի հետ, իհարկե` ոչ ուղիղ: Մեծ էկրանից Ազնավուրին ողջունում էին նրա ընկերները, շնորհավորում ծննդյան օրվա առթիվ:

Բարձր մակարդակով հանդես եկան Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, օպերային արտիստներ Գուրգեն Բավեյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Սյուզի Մելքոնյանը, Նարինե Անանիկյանը, Ռեբեկա Դեմիրկյանը:

Երգերի մի մասը կատարվեց հայերեն՝ Պերճ Թուրաբյանի թարգմանությամբ:

Բեմում միակ «ֆրանսիացին» արտիստ Հայկ Պետրոսյանն էր, որին հանդիսատեսը ողողեց ծափահարություններով։ Այս համերգից հետո, կարելի է ասել, որ երբ Հայկը բեմում է, դերասան Վարդան Պետրոսյանի որդին լինելու հանգամանքն այլեւս միջնորդ չէ նրա ու հանդիսատեսի միջեւ։

Երիտասարդ արտիստը պարզապես փայլեց իր հումորով, Ազնավուրին նմանակելու տաղանդով։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նստած էր Ազնավուրի հարեւանությամբ եւ շանսոնյեի համար թարգմանում էր Հայկի խոսքերը:

Բարձրաստիճան պաշտոնատար այրերի՝ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ի վերջո՝ անվանի հռչակավոր շանսոնյեի ներկայությունը չկաշկանդեց Պետրոսյանին։ Բեմում նա էր գլխավորը։ Ավելին, մի պահ համերգը ձգվեց Պետրոսյան ընտանիքի հեղինակային երեկոյի նման․ մեծ էկրանին ցուցադրվեց երկու տեսանյութ Փարիզից: Մեկում` Վարդան Պետրոսյանը կիթառով կատարում էր Ազնավուրի երգերից մեկը, իսկ երկրորդում` հոր եւ որդու զուգերգն էր։

Համերգի ավարտին հանդիսատեսը շատ երկար ծափահարեց 93-ամյա Ազնավուրին, իսկ նա ամֆիթատրոնից օդի մեջ սրտեր էր պատկերում եւ ուղարկում դեպի հանդիսատեսը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter