
ՊԵԿ-ը նախատեսել է ութ ամիսներին 819 մլն դրամով ավել հավաքագրել
2017թ. առաջին եռամսյակում պետական եկամուտների հարկային ծառայություն մուտքերը կազմել են 275 մլն դրամ՝ նախատեսվածից 135 մլն դրամով ավելի։ Այսինքն՝ ՊԵԿ-ը 2017-ի հունվար-մարտ ամիսների համար նախատեսել էր հավաքագրել 140 մլն դրամ, այնինչ այն, կարելի է ասել, կրկնակի գերակատարել է։
Այս տվյալները ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեկ ներկայացրել էր կառավարության նիստին։
ՊԵԿ-ը առաջին կիսամյակի 5 ամիսների համար պլանավորել է հավաքագրել 760 մլն դրամ եկամուտ, այսինքն՝ ամսական մոտ 152 մլն դրամ։ Այնինչ, միայն ապրիլ ամսին արդեն հավաքագրվել է ավելի քան 254 մլն դրամ՝ նախատեսվածից 102 մլն դրամ ավելի։
Ըստ ՊԵԿ-ի' հավաքագրման նման տեմպը պահպանելու դեպքում կարող է հավաքագրվել ավելի քան 819 մլն դրամ լրացուցիչ եկամուտ։ Այսինքն՝ եթե հարկային ծառայությունը ամեն ամիս նախատեսվածից ավել 102 մլն դրամ հավաքագրի, ինչպես կատարել է ապրիլին, տարվա ութ ամիսների ընթացքում կհավաքագրի այդ 819 մլն դրամը։
Հավաքագրված 819 մլն դրամը ՊԵԿ-ը որոշել է ավելացնել 2017-ի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի նախահաշվին։
Չնայած ՊԵԿ-ը և վարչապետը հպարտանում են այս գերհավաքագրումներով, նախորդ ամիս առևտրականները բողոքի ակցիաներ էին կազմակերպում' հավաստելով, որ ՊԵԿ-ի համար սահմանված հարկերի հավաքագրման բարձր սանդղակը կոմիտեին «ստիպում է» հարկային ակտիվ և խիստ ստուգումներ իրականացնել առևտրի կենտրոններում՝ առևտրականներից պահանջելով նախորդ ամիսներին չպահանջած փաստաթղթեր, իսկ դրանք չստանալու դեպքում' տուգանում։
Մեկնաբանել