HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստությունը

Հայաստանի ազգային հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում (ֆուտբոլի ակադեմիա) սկսել է նախապատրաստվել հունիսի 4-ին եւ 10-ին կայանալիք Սենթ Քիթս եւ Նեւիսի ու Մոնտենեգրոյի հետ խաղերին: Հիշեցնենք, որ առաջինը ընկերական է, երկրորդը՝ պաշտոնական: 

Կարիբյան ավազանը ներկայացնող երկրի հավաքականին Արթուր Պետրոսյանի սաները կհանդիպեն ամսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ հունիսի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, մարզական հավաքին մասնակցում են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան, «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)         
Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      
Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)                
Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) 
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

ՀՖՖ-ն հայտնում է, որ Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանա հունիսի 5-ին, քանի որ հունիսի 4-ին մասնակցելու է Բելառուսի առաջնության հանդիպման:  

Արթուր Պետրոսյանը որպես երրորդ դարպասապահ հրավիրել է Արամ Հայրապետյանին, քանի որ Մախաչկալայի «Անժիի» ներկայացուցիչ Դավիթ Յուրչենկոն հայտարարել է, թե Հայաստանի կազմում հանդես գալու պարագայում Ռուսաստանում լեգեոներ կհամարվի, չնայած ԵԱՏՄ-ում վերջերս կատարվել է օրենսդարական փոփոխություն, եւ միության անդամ երկրների հավաքականներում խաղացողները չեն կարող մյուսներում լեգեոների կարգավիճակ ունենալ:

Հավաքականի կազմում չենք տեսնի պաշտպաններ Վարազդատ Հարոյանին, Հովհաննես Համբարձումյանին եւ Գեւորգ Ղազարյանին: Եթե Հարոյանը երկու դեղին քարտի պատճառով որակազրկված է ու պիտի բաց թողնի Մոնտենեգրոյի հետ արտագնա հանդիպումը, ապա Համբարձումյանն ու Ղազարյանը վնասվածքից դեռ չեն ապաքինվել: Ֆուտբոլասերները կհիշեն Ղազարյանի վնասվածքը Ղազախստանի հետ ընկերական հանդիպման առաջին իսկ րոպեին: Հարոյանը՝ պաշտպանությունում, իսկ Ղազարյանը՝ կիսապաշտպանության ձախ եզրում մեծ ուժ էին մեր թիմի համար, այդ իսկ պատճառով նրանց կորուստը շոշափելի է: Չմոռանանք նաեւ, որ հենց նրանք երեւանյան հանդիպման ժամանակ 2 գոլ խփեցին Մոնտենեգրոյի դարպասը:

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանը 68-րդն է, Սենթ Քիթս եւ Նեւիսը՝ 89-րդը, իսկ Մոնտենեգրոն՝ 52-րդը: Իր վերջին ասուլիսում ՀՖՖ նախագահը նշել է, որ կղզեաբնակների ընտրանու հետ մրցելը եղել է գլխավոր մարզչի ընտրությունը: Ըստ էության, Արթուր Պետրոսյանը չի ցանկացել մեծ ծանրաբեռնվածության ենթարկել թիմին պաշտոնական կարեւոր խաղից առաջ ու ընտրել է հարմար սպարինգ-մրցակից: 

Ամեն դեպքում ամսի 4-ին կայանալիք խաղը ցույց կտա, թե հավաքական հրավիրվածներն ավարտված մրցաշրջանից հետո որքանով են պատրաստ առաջիկա արտագնա խաղին:

Լուսանկարը՝ ffa.am-ի     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter