Երազանքի հետքերով. փողոցային երաժիշտը երազում է նավարկելու մասին
Անուշ Թորոսյան
Բեմը փողոցն է, հանդիսատեսն՝ անցորդները, երգացանկում` Սթինգից, Բոբ Մարլիից ու Սքորփիոնզից մինչև հեղինակային երգեր: Արմեն Հովանին է: Գրեթե ամեն օր նա Երևանի մետրոպոլիտենի գետնանցումներից մեկում՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում, կիթառը ձեռքին կոտրում է փողոցային երաժշտության մասին պատկերացումներն ու առաջարկում իր այլընտրանքը՝ առանց պարտադրանքի:
Տարիներ շարունակ նա կիթառ էր նվագում՝ հենց այնպես, ինքն իր համար:
«Ես միշտ բոլորի պես սիրել եմ երաժշտությունը, ու այդ «բոլորի պես»-ը շփոթեցրել է: Երբեք չեմ մտածել, որ սա այս հողագնդի վրա իմ ամենակոմֆորտ վիճակն է»,- անկեղծանում է նա:
Երաժշտությունը սիրում էր բոլորի պես, բայց քչերի պես հավատաց իր երազանքին ու գնաց նրան ընդառաջ: Երբ ստիպված եղավ երգեր ձայնագրել՝ հանուն իր բալիկի, փորձեց երգել տարբեր ստուդիաներում, բայց չկարողացավ. «Շատ էի քաշվում»: Նրան բեմեր էին տրամադրում, միևնույն է՝ չէր կարողանում երգել: Հուզմունքը հաղթահարելու համար դուրս եկավ փողոց: Նա սիրեց փողոցի ազատությունը, փողոցն էլ իրեն սիրեց:
Դրսում երգելու առաջին փորձերի մասին ժպիտով է հիշում: «Երբ գումար էին տալիս, շատ վատ էի զգում: Թունելում աերոզոլով գետնին փչել էի՝ «Փող մի գցեք»: Մեծ-մեծ տախտակների վրա գրել էի՝ «Փող մի գցեք», դրել կողքերս: «Մի գցեք»-ը մեծ էի գրել, մտածում էին՝ գցելուց եմ վատ զգում, մոտենում էին, դնում գրպանս»,- պատմում է նա:
Ժամանակի հետ սովորեց անտարբեր լինել: Հիմա ցանկացողները կարող են նույնիսկ վերցնել հավաքված գումարից. այդպիսին է փողոցի օրենքը: Թեպետ գումարի համար չի նվագում, բայց կարծում է՝ բնության մեջ ամեն ինչ վարձատրվում է:

«Չկա մի զբաղմունք, որ մարդը սիրով անի, ու դրա մեջ չլինի նյութական ապահովվածության կողմը: Շատերն են կարծում՝ կա արվեստ՝ առանձին, նյութական ապահովվածություն՝ առանձին, այս պայմաններում շատերն են թողնում իրենց սիրելի զբաղմունքը ու գնում գումար վաստակելու»,- ասում է նա: Ավելին՝ իսկական երջանկություն է՝ զբաղվել սիրելի գործով և դրանով գումար վաստակել:
Պրոֆեսիոնալ կրթություն չստացավ, բայց փողոցում սովորեց այն, ինչ ամենակարևորն է: Երաժշտության մեջ և ամեն տեղ կարևորն անկեղծությունն է: Հովանու բանաձևն է այդպիսին: Խնդիրը, որ նրան դուրս բերեց փողոց, չլուծվեց, սակայն նա սկսեց զբաղվել իր սիրած գործով, ունեցավ հրավերներ, հանդես եկավ մենահամերգներով, և դա դարձավ անգամ ֆինանսական ապահովվածության միջոց:
Ազատության պակասից ծնված երգեր, որոնք դառնում են ինքնարտահայտման ձև, բացահայտում իրեն՝ աշխարհի, աշխարհն էլ՝ իր համար: Թեև երաժիշտը նշում է, որ իր երգերում պարտադրանք չկա, բայց կա ուղերձ և ցանկություն այն տեղ հասցնելու:
«Եթե ունես երազանք, չկորցնես, որովհետև նա քեզ որոնում է: Անհնարին ոչինչ չկա, ես հավատում եմ՝ յուրաքանչյուր մարդ, որ ծնվել է, ծնվել է, որ երջանիկ լինի: Միայն երջանիկ ու գիտակից մարդը կարող է լավ քաղաքացի լինել, լավ հայր, լավ ամուսին, լավ զավակ»,- համոզված է նա:
Արմենի երազանքն է՝ նավարկել, դայվինգով զբաղվել, եթե համարձակություն ունենա՝ օդապարիկով թռչել: Երազանքից իրեն հետ պահողն առայժմ ընտանեկան ինչ-ինչ խնդիրներն են, քանի որ երազանքի հետևից միայնակ գնալ չի ուզում:
«Իմ ընտանիքը հատուկ է: Ես երեխաներիս մանկուց եմ սովորեցրել այս ամենը, միասին ենք շարժվել, ու հիմա նրանց համար այս ամենն այնքան հասկանալի է: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղին և հասկանում է՝ որևէ մեկս մյուսիս սեփականությունը չենք»,-ասում է նա:
Նրա համոզմամբ՝ տխրելու առիթները շատ են, կյանքում արգելքներն ու խոչընդոտները՝ բազմաթիվ, համախոհ մարդիկ՝ երբեմն շատ քիչ, բայց միակ կյանքը պետք է ապրել այնպես, ինչպես դու ես ուզում, ինքդ քեզ համար, քո երազանքի հետքերով և երջանկության փնտրտուքով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել