Արցախյան ու ապրիլյան պատերազմների լոռեցի զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 25 անդամներ կհանգստանան Քոբուլեթիում
Գայանե Սարգսյան
Ամռան ընթացքում Արցախյան ու ապրիլյան պատերազմների լոռեցի զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների անդամներից 25-ը հնարավորություն կունենան մեկշաբաթյա հանգիստ անցկացնել ծովափնյա Քոբուլեթի քաղաքում:
Այս մասին հունիսի 2-ին Լոռու մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ տեղեկացրեց «ԱՐՏ» բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանը:
Վերջինիս խոսքով՝ ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել արտերկրի մի խումբ գործարարների ու բարերարների ներդրման շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է համաֆինանսավորում՝ Արցախյան ու ապրիլյան պատերազմների զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ ունեցող համայնքների կողմից:
Ըստ այդմ, մեկշաբաթյա հանգստի համար նախատեսված 200 դոլարից 100-ը պետք է ներդներ համայնքը, 100-ը՝ ընկերությունը: Լոռու մարզի 107 համայնքներից ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել նման ընտանիքներ ունեցող ընդամենը 12 համայնք` Ստեփանավանը, Տաշիրը, Դսեղը, Լեռնավանը, Սարամեջը, Գյուլագարակը, Լեջանը, Արծնին, Վարդաբլուրը, Ուրասարը, Լոռի Բերդը, Ձորագյուղը: Ընդ որում, առավել մեծ չափով ներդրում է կատարել Ստեփանավան համայնքը` ծրագրի շրջանակներում համաֆինանսավորելով զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներից 10 անդամների հանգստի համար: Մյուս համայնքները համաֆինանսավորում են կատարել 1-3 մարդու համար:
Ծրագրին ակտիվ մասնակցություն ունենալու համար, ի նշան գնահատանքի, Ա. Թումանյանը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Հայաստանի մայրերի միություն» ՀԿ-ի «Երախտագիտություն» 30-ամյակի ոսկե հուշամեդալ:
«Մենք պատերազմող երկիր ենք ու պարտավոր ենք մի փոքր վերաբերմունք ցույց տալ այն մարդկանց, ովքեր իրենց արյունով պահել են երկրի սահմանները»,- ասում է «ԱՐՏ»-ի տնօրենը:
Ծրագիրն այս տարի Լոռուց զատ կիրականացվի նաև Շիրակի ու Արմավիրի մարզերում: Հարցին` ո՞ր համայնքները կամ մարզերն են առավել ակտիվ մասնակցում ծրագրին, Ա. Թումանյանն ի պատասխան մատնանշում է Արմավիրն ու Շիրակը:
Ճշգրտող հարցին՝ Լոռին ամենապասի՞վն է, տնօրենը խուսափողական պատասխան է տալիս. «Չէի ասի` պասիվ, որովհետև անցած տարի Լոռին մասնակցություն ունեցել է, մոտ 50-ից ավել ազատամարտիկների ընտանիքների անդամներ են ներգրավվել: Երևի այս տարի այսպես է ստացվել, հաջորդ տարի ավելի լավ կլինի»:
«ԱՐՏ»-ի ֆինանսավորմամբ այս ամառ հանգստանալու հնարավորություն կընձեռվի նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի ու Արագածոտնի ապրիլյան պատերազմի զոհված զինծառայողների մայրերին: Լոռիում հանգստանալու ցանկություն է հայտնել նրանցից 4-ը:
«Ես արդեն 25 տուն եմ այցելել ու բոլոր տներում միայն նկարներ են, լաց: Մեկ տարին լրանալուց հետո այդ մայրերին պետք է մի փոքր սթափվել: Ուզում ենք մի քանի օրով թեթևացնենք իրենց հոգսերը: Մենք ճիշտ համարեցինք, որպեսզի մեկ տարին լրանալուց հետո մայրերը մի փոքր կտրվեն իրենց տներից»,- ասաց Ա. Թումանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել