
Լամբադա կամրջի մոտ կողաշրջվել է 23 համարի ավտոբուսը (թարմացվող)
Արաքս Մամուլյան, Դիանա Ղազարյան
Այսօր ժամը 17.56-ին Լամբադա կամրջի մոտ կողաշրջվել է 23 համարի մարդատար ավտոբուսը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխանցմամբ` զոհեր չկան։ Այս պահին դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ: Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության մեքենաներ։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, շտապօգնության մեքենաներն այդ պատահարից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել երեք տուժածի։ Վնասվել է նրանցից մեկի ձեռքը, մյուսի՝ գլուխը, երրորդն էլ պարզապես վախեցել է և որոշ գանգատներ ունեցել։ Ըստ Ստեփանյանի՝ տուժածներն առանձնապես լուրջ վանասվածքներ չունեն։
Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից՝ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջինս «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների` վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի առիթ: «Այս պահին հստակ ոչինչ ասել չենք կարող. նախնական տվյալներով` ինֆորմացիա կա, որ վարորդը վատ է զգացել, ըստ ուղևորների խոսքի` պահի տակ կորցրել է գիտակցությունը»,- ասաց Նավասարդյանը:
19:28
Քիչ առաջ կողաշրջված միկրոավտոբուսից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած, որից մեկը՝ 12 տարեկան։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը։
Նրա փոխանցմամբ՝ 12 տարեկան երեխան ունեցել է սրտխառնոց և քերծված ձեռքեր, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Երեխայի հետ եղել է նաև մայրը, ում ձեռքը այս պահին կատարում են առաջնային վիրաբուժական զննում, ամենայն հավանականությամբ` քիչ ուշ դուրս կգրվի։
«Այս պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Հետազոտություններ են անցնում ամբողջ ծավալով, բոլոր առաջատար մասնագետները հավաքվել են՝ բուժզննում իրականացնելու համար»,- նշեց Բաբլումյանը։
Մեկնաբանել