
Գրիգորի Սաղյան. «Ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում դոմեյնը կվերադարձվի նախկին օգտատիրոջը»
«Հետքը» նախորդ շաբաթ հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես է ABC.AM դոմեյնը բաժանորդից գաղտնի վաճառվել օտարերկրացու: Թեեւ նյութում ներկայացրել էինք այս խնդրի առնչությամբ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ և «Էյ-Բի-Սի-Դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանի պարզաբանումները, սակայն նա պնդում է, որ երկու կազմակերպությունների տեսակետը բավարար չափով ներկայացված չէ, ուստի խնդրել է «Հետքին» հստակ ներկայացնել հետևյալը.
- Չինացի Ռաո ժեֆենգի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է նամակ:
- Այս պահին վերջինիս կողմից abc.am դոմեյնի հետ որևէ գործողություն կատարելու հնարավորությունն արգելափակված է:
- Abc.am կայքը գործում է նույն կարգավիճակով, ինչ եղել է NETSYS.AM ռեգիստրար (գրանցող) ընկերությունից տեղափոխելուց առաջ:
- Ողջամիտ ժամկետում չինացուն՝ տվյալների ճշտման վերաբերյալ ուղարկված հարցման պատասխանը չստանալու դեպքում դոմեյնը կվերադարձվի Արա Խաչատրյանին:
Գրիգորի Սաղյանը համաձայնել էր նաև հանդիպել՝ խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն զրուցելու նպատակով: Ընթերցողներին ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:
Զրույցի սկզբում Սաղյանը ներկայացրեց, որ նախորդ անգամ նշել է, որ գրություն է ուղարկվել Չինաստան, խոսվել է ողջամիտ ժամկետի մասին, բայց «Հետքը» հոդվածում չի անդրադարձել դրան:
- Ես ձեզ բացատրել եմ, թե ողջամիտ ժամկետը որն է, բայց դուք չեք նշել: Ես ձեզ ասել եմ, որ նման դեպքերում մենք նամակ ենք գրում մարդուն, և եթե նա ողջամիտ ժամկետում չի պատասխանում, ապա դոմեյն անունը վերադարձվում է նախկին տիրոջը: Սովորաբար, ողջամիտ ժամկետը սահմանում է դատավորը: Նման դեպք ունեցել ենք 2008թ. chronica.am-ի դեպքում, երբ ապատեղեկատվություն էր տարածվում. գրում էին, թե Գյումրիի օդանավակայանից ռմբակոծիչները ռմբակոծոմ են Հայաստանը: Մենք գրեցինք բաժանորդին և ստացանք պատասխան, բայց այն կեղծ էր: Ինքներս չէինք կարող ստուգել դրա իսկությունը, ուստի հանձնեցինք իրավապահ մարմիններին: Ստուգեցին, տեսան, որ փաստաթուղթը ֆոտոշոփով ստացված է: Իրավապահներն անձնագրի համարներով ստուգել էին և գտել, որ այդպիսի անձնագրի համարներ չկան: Ողջամիտ ժամկետում եթե մարդը չի պատասխանում, մենք հնարավորություն ունենք, ղեկավարվելով ICANN-ի կանոններով, արգելափակել: Այդ կանոնների համաձայն` կայքի դիմաց պետք է լինեն ճիշտ տվալներ:
- ICANN-ը որքա՞ն է սահմանում ողջամիտ ժամկետը:
- Չկա ICANN-ի կողմից սահմանված ողջամիտ ժամկետ, կա ICANN-ի կարգ, ICANN-ի լավագույն պրակտիկա: Մենք համարում ենք, որ մարդը կարող է մեկ ամիս լինել արձակուրդում, հետո, ասենք, վերադառնում է արձակուրդից, թող մեկ ամիս էլ լինի խիստ զբաղված: 2-3 ամիսը կարելի է համարել ողջամիտ ժամկետ:
(Պարզաբանում. ICANN-ը (Internet Corporation for Assigned Names and Numbers) նշանակված անունների և թվերի համացանցային կորպորացիա հասարակական կազմակերպությունն է, որի գլխավոր գործառույթն է համացանցի անվանական տիրույթների հետ կապված մի շարք տվյալների բազաների համակարգումն ու պահպանումը: ICANN-ի կողմից մշակված քաղաքականության մեջ հստակ սահմանվում է, որ ռեգիստրարի փոփոխության դեպքում «անհրաժեշտ է ողջամիտ ջանքեր գործադրել դոմեյն անվան օգտատիրոջն այդ մասին պատշաճորեն տեղեկացնելու ուղղությամբ»։)
- Այսինքն, դուք առաջին հերթին նամակ եք ուղարկում անձին. նշում եք, որ նրա դեմ կա մեղադրանք, որ կայքին ապօրինի է տիրացել և պահանջում եք հերքել դա ապացույցներով:
- Ո՛չ իհարկե, պարզապես խնդրում ենք նրան ճշտել գրանցման տվյալները: Մենք այլ սահմանափակումներ չունենք: Մեզ հարկավոր է, որ անձի տվյալները լինեն ճիշտ:
- Իսկ չեք պահանջո՞ւմ, որ անձը ներկայացնի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ դոմեյնն իսկապես վաճառվել է իրեն:
- Ո՛չ, ոչինչ չենք պահանջում:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ասում ենք նրան՝ դու ճշտիր էս տվյալը, որ մեզ տվել ես, ճի՞շտ է, թե՞ ոչ. սա իրականությանը համապատասխանո՞ւմ է: Մենք քննությամբ չենք զբաղվում, մենք ունենք մեկ մանդատ` ճիշտ հասկացեք մեզ: Եթե կա դոմեյնային անուն, ապա նրա օգտագործողի տվյալները պետք է ճիշտ լինեն:
- Այսինքն, Ձեզ չի՞ հետաքրքրում` օրինակա՞ն ճանապարհով է ձեռք բերվել դոմեյն անունը, թե՞ ոչ:
- Մենք հետաքննող մարմին չենք:
- Եթե ձեզ դիմում է ձեր բաժանորդը՝ ասելով, որ դոմեյն անունը գողացվել է իրենից, դուք ոչնչով չեք կարո՞ղ նրան օգնել:
- Իսկ մենք կարո՞ղ ենք նրան հավատալ: Կա միայն լավագույն պրակտիկա, որի համաձայն` պարզապես ճշտվում է, որ անձի տվյալները ճիշտ են:
- Իսկ տվյալ դեպքում ե՞րբ եք ճշտող նամակն ուղարկել:
- Ես երաշխավորում եմ, որ այն ուղարկվել է, որի մասին մենք Խաչատրյանին տեղեկացրել ենք:
- Պարոն Սաղյան, կա՞ դոմեյն անունը մեկ ռեգիստարար ընկերությունից մեկ այլ ընկերություն տեղափոխելու ընթացակարգ. այսինքն՝ կա՞ սահմանված պահանջ, որ դա կատարվի գրավոր՝ թղթի վրա ստորագրությամբ հաստատված: Նույնը վերաբերում է դոմեյն անվան վերաբերյալ օպերատորի հետ կնքած պայմանագրին:
- Իհարկե, ո՛չ: Թղթի վրա միայն մեկ ճանապարհ ունենք. դա կոչվում է ապոստիլ: Ապոստիլն ունեն բոլոր երկրները, որտեղ պահպանվում են երեք պաշտոնատար անձանց ստորագրությունները, դրանք պահպանվում են ՀՀ արդարադատության նախարարությունում, երբ տվյալ երկրից գալիս է ապոստիլով հաստատված նամակ, դու գալիս ես ՀՀ ԱԳՆ: Երբ նամակ է ստացվում, որտեղ կա ապոստիլով հաստատված գրություն, այդ գրությունը համեմատվում է այստեղ եղած բնօրինակի հետ, այդ ժամանակ հաստատվում է, որ այո՛, սա արտասահմանյան երկրից ստացված պաշտոնատար անձի կողմից վավերացրած գրություն է: Այլ դեպքերում մենք օգտվում ենք 1. հասարակ փոստով գրություններից, 2. ֆաքսից, 3. էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային փոստով ուղարկվող գրություններն ամենաշատն են լինում: Արդեն հասարակ նամակները քիչ ենք օգտագործում: Էդ նամակները, որ գալիս են սկան (լուսապատճենված) արված, մենք ի վիճակի չենք ստուգելու դրանց իսկական լինելը, չենք կարող ստուգել` դրանք ճի՞շտ են, թե՞ սխալ:
- Այսինքն, անիմա՞ստ եք համարում, որ դոմեյն հասցեից հրաժարվելու համար անձը ռեգիստրարին (գրանցող կազմակերպությանը) դիմի ստորագրությամբ գրություն ուղարկելով, և էլեկտրոնային նամակը լիովին բավարա՞ր է:
- Անիմաստ գործողություն չէ: Դե պատկերացրեք, որ ստանում եք մի գրություն, որի վրա կա ստորագրություն: Նամակի վրա ստորագրությունը կեղծելը շատ հեշտ է, 3-րդ դասարանի երեխան կարող է ֆոտոշոփ ծրագրի միջոցով դա անել:
- Իսկ դուք չե՞ք տեսնում, թե որտեղից է նամակն ուղարկվել, ի՞նչ ուղիով:
- Իհարկե, տեսնում ենք, չինացու տվածը gmail հասցե է, բոլորն էլ կարող են այդպիսի հասցե ունենալ:
- Ճի՞շտ է, որ չինացիները շատ են գնում հայկական դոմեյն հասցեներ:
- Այո՛, ճիշտ է:
- Ի՞նչ նպատակով:
- Չեմ կարող ասել, թե ինչու են այդքան շատ հետաքրքրված հենց հայկական տիրույթով, բայց չինացիները հիմնականում թվերն են գնում: Օրինակ՝ իրենց մոտ 4-ը մահն է խորհրդանշում, 5-ը՝ երջանկությունը, 8-ը՝ հարսանիքը: Եվ եթե դու ունես ինչ-որ թվերի հաջորդականություն, չինացին նայում է, հասկանում, թե որն է դրա նշանակությունը, ասենք` դա նշանակում է «Ես քեզ սիրում եմ»: Դրա համար այսօր չինացիները գնում են բոլոր իրենց համար իմաստավորված թվերի հաջորդականությունը: Իրենց այդպես հարմար է: Թվերը հետաքրքրում են հիմնականում միայն իրենց:
- Իսկ կարճ դոմեյն անունները չե՞ն հետաքրքրում իրենց:
- Շատ ավելի քիչ:
- Իսկ չի՞ վերահսկվում, վտանգավոր չէ՞: Ասենք, օրինակ, եթե չինացին փորձեց վաճառել դոմեյն հասցեն ադրբեջանացու:
- Ահա՛, եթե չինացին վաճառեց դոմեյնն ադրբեջանցուն, ինչը չենք կարող բացառել, կարող է այդպես լինել, բայց դրա համար chronica.am-ի դեպքից հետո (երբ .AM տիրույթում գրանցված կայքից ադրբեջանցիների կողմից ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածվում) բացվել է Բովանդակության հանձնաժողով (ISOC-ի կայքում այն նշված է որպես Արձագանքման խումբ), ես այդ հանձնաժողովի նախագահն եմ: Մենք ղեկավարվում ենք Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով սահմանված պահանջներով. արգելվում է՝ առաջինը՝ պոռնկագրության տարածում, ազգամիջյան գժտություն, թրաֆիկինգի ֆինանսավորում, ահաբեկչություն («Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից սահմանված AM / ՀԱՅ դոմեյն քաղաքականություն (TLD Policy):
Այս ամենն ամրագրված է AM NIC-ի քաղաքականությամբ: Սա արվում է chronica.am-ի նման դեպքերում: Պրակտիկան ցույց է տվել, որ այդպիսի կայք լինելու դեպքում մարդիկ այն նկատում են և մեզ ահազանգում:
- Իսկ առանձին բառերի միջոցով չե՞ք փորձում ֆիլտրել այդպիսի կայքերը:
- Աշխարհում հիմա այդպիսի փորձ արվում է, փորձում են այդպես բացահայտել ոչ ցանկալի կայքերը: Կան նաև ՄԱՄԲՈ-ի պես ընկերոթյուններ, որոնց օգնությամբ ճշտվում է օգտատիրոջ (holder) գրանցման ճշտությունը: Այս նախաձեռնությունը նորամուծություն է, ծառայությունը վճարովի է, ICANN-ը նոր է սկսել սա գործարկել, նկատել են, որ շատ դեպքերում նամակը գրում ես, պատասխան չկա, դրա համար այսպես են ստուգում: Վատ բովանդակության դեպքում միանգամից բացահայտվում է: Chronica.am-ի դեպքում դա տևեց ընդամենը մի քանի ժամ: Տեսե՛ք, մենք ասում ենք՝ դատարանը պետք է թուղթ տա, բայց ինչքա՞ն սպասենք, որ դատարանը մեզ այդ թուղթը տա:
- Փաստորեն, առաջնորդվում եք ձեր քաղաքականությամբ: Եթե կայքը դրա համաձայն չի աշխատել, դուք իրավունք եք վերապահում ձեզ արգելափակել այն:
- Այո: Օրինակ՝ վերջերս արգելափակել ենք մի կայք, որը .AM տիրույթում վաճառում էր գողացված բանկային պլաստիկ քարտերի համարներ՝ աշխարհի մակարդակով: Մեզ այդպիսի նամակ էր եկել: Ինչի՞ համար են վաճառվում այդպիսի քարտերը: Մինչև արգելափակելը կարող են մտնել մի էլեկտրոնային խանութ և այնտեղից առևտուր կատարել: Ասենք՝ թանկարժեք I-Phone են գնում, և հասցեն, ենթադրենք, նշում են Ուկրաինայում, որտեղ էլ ստանում են հեռախոսը:
- Բայց հնարավո՞ր է առանց գաղտնաբառն իմանալու գնում կատարել:
- Դրա համար հարկավոր է CSV, որը հենց քարտի վրա կա: Մենք փակեցինք այդ կայքը: Բացի այդ, շատ տարածված է գումարների փոխանցումը: Չլուծված հարցերից է հեղինակային իրավունքը: ՀՀ-ն ընդունել է օրենք, որի համաձայն` միայն 50.000-ից բարձր վնասի դեպքում է քրեական գործ բացվում:
- Փաստորեն, եթե անձը գնել է դոմեյնն օգտագործելու իրավունքը, բավականին ծավալուն աշխատանք է կատարել կայքը ստեղծելու և տարածելու ուղղությամբ և արդեն ունի աշխատող բիզնես, ստացվում է, որ նրա էլեկտրոնային հասցեն կոտրելու միջոցով, առանց նույնիսկ ստորագրություններ դնելու կարելի է պարզապես խլել նրա բիզնեսը:
- Հետաքրքիր բան եք ասում, այո՛, այո՛: Բայց այդպիսի բան չի կարող լինել: Ինքը սուտ է ասում: Որովհետև ո՞վ է իր անձնագրի պատճենը էլեկտրոնային փոստարկղում պահում: Ես, օրինակ, շատ եմ կասկածում, որ որևէ մեկը իր էլեկտրոնային փոստարկղի մեջ պահի անձնագիրը: Ես, օրինակ, չեմ անում այդպիսի բաներ: Հետո, ո՞վ է մեղավոր, որ քո փոստարկղը ջարդում են, ո՞վ է մեղավոր՝ դո՞ւ, թե՞ ջարդողը:
- Իհարկե, ով կոտրել է:
- Ուրեմն դու անմե՞ղ ես: Ուրեմն դու կարող ես քո գաղտնաբառն անմեն տեղ դնել ու հետո ասել, որ, ասենք, ես կոտրե՞լ եմ: Շատերը գաղտնաբառը համակարգչի տակ են փակցնում: Ուրիշները գալիս են, նայում են համակարգչի տակ, վերցնում ու կոտրում գաղտնաբառը: Գաղտնաբառը հեշտ է կոտրել նաև, եթե այն դրել ես, ասենք, 1234567…., է՛հ, շատ հեշտ է:
- Հիմա ստացվում է, որ ով անշրջահայաց է գտնվել, ի՞նքն է մեղավոր:
- Կարծիքները տարբեր են. ասում են՝ 50/50: Ես համարում եմ, որ եթե այսպիսի հիմար գաղտնաբառ է պահում, ուրեմն ինքն է մեղավոր:
- Բայց դրանք անվտանգության կանոններ են, դրանք չպահպանելու համար մարդուն չես կարող մեղադրել:
- Չկա՛ն ոչ մի տեսակի կանոններ:
- Հիմա ձեր բաժանորդը ահազանգել է Ձեզ՝ ասելով, որ իր դոմեյն անունը առանց իր իմացության փոխանցվել է այլ անձի:
- Ես իրեն ասել եմ, որ ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում հետ կստանա դոմեյն անունը:
- Այսինքն, ցանկացած պարագայում, քրեական գործի առկայության դեպքում էլ դոմեյն անունը հետ կվերադարձնեիք Խաչատրյանին:
- Այո՛, իհարկե, որովհետև եթե մարդը չկա, ինքն էլ գար ասեր՝ ժողովուրդ «взлом» են արել, օգնե՛ք, մենք չինացուն կգրեինք, չինացին չէր պատասխանի, մենք կվերադարձնեինք դոմեյնը: Ի՞նչ քրեական գործ, ի՞նչ բան: Էն խեղճ մարդկանց՝ քննիչներին էսքան թղթաբանություն է, որ ստիպում են գրել: Պարզ է, որ կպայթեն էդ քննիչները: Գար, ասեր՝ ախպեր, սենց ծանր վիճակ է: Մենք էդ մարդու կողմից ենք միշտ:
- Բայց դուք պնդում էիք, որ ինքն է հանցագործը, ինքն է ստեղծել նման իրավիճակ, որ գումար աշխատի:
- Ես չեմ պնդում:
- Վարկա՞ծ է պարզապես:
- Այո, որովհետև այսպիսի անհեթեթություն… Առաջին կասկածը, թե ինչու ինքը բերեց մեզ մոտ, նոր փոխեց: Թող NETSYS-ից էլ վաճառեր չինացուն: Ինչո՞ւ էր պետք բերել ABCDOMAIN: Ինչու՞: Բացարձակ անիմաստ գործողություն է:
- Այսինքն, այդ գործողությամբ փորձում են ձեզ մեղադրե՞լ:
- Այո՛, ասեմ, թե ինչն է Խաչատրյանի փաստարկը. Ձեր հիմնարկը կոչվում է ABCDOMAIN, էդ ABC-ին ձեզ պետք է: Մեզ պետք չի ABC-ն, մերն ավելի լավն է՝ internet.am-ն է, ունենք նաև abcdomain.am: Ինչու՞ էր մեզ պետք abc.am-ը վերցնել: Դրա համար է փոխվել ռեգիստրարը. սա երկրորդ կասկածն է: Այսպես ստացվում է, որ մենք շահագրգռված ենք: Բայց մենք շահագրգռված չե՛նք. մենք ունենք երկու շատ լավ կայք:
- Պարոն Սաղյան, եթե դիտարկենք հետևյալ իրավիճակը. ասենք` անձը, կողքից նայելով, կարողացել է պարզել էլ. փոստարկղի տիրոջ գաղտնաբառը, նրա նամակագրության մեջ կարողացել է գտնել նաև անձնագրի պատճենը, և Դուք ստանում եք բողոք, թե դոմեյնը գողացվել է: Ձեր կողմից ի՞նչ գործողություն է հաջորդում:
- Նամակ ենք գրում նոր բաժանորդին, ասում ենք` ճշտիր քո տվյալները: Հետո գրում ենք, որ քո դեմ սենց բողոք է եկել: Այդ դեպքում ասվում է, որ ապացուցի, որ գործարքը ձեր միջև տեղի է ունեցել:
- Եվ ինչպե՞ս է ապացուցվում:
- Ես ամբողջը տվել եմ քննիչին: Էդ քննիչը մեղք է: “Дело не стоит выеденого яйца”. հասկանո՞ւմ եք, ինքն ուրիշի է մեղադրում: Նամակի լոգը ձեզ չեմ կարծում, որ պետք է, Դուք հո քննի՞չ չեք. սա Խաչատրյանին ուղարկված մեր նամակն է: Եթե այս նամակում գրված է, որ գործողությունն իրականացվել է, ուրեմն դուք պետք է հավատաք: Ահա ձեզ կնքված հաստատում: Սա ուղարկեցին, եթե ավելին եք ցանկանում, դիմեք Ներսիսյանին (AMNIC-ի տնօրենին): Մենք Խաչատրյանին գրել ենք, որ «քո շահերը պաշտպանում ենք», մենք այնպես ենք արել, որ չինացին չկարողանա քո կայքն ուրիշ տեղ տանի: Այդ դոմեյնը մենք արգելափակել ենք, սա նշանակում է, որ չինացին չի կարողանա փոփոխություններ կատարել դրա հետ, այդ թվում` նաև տեղափոխել ուրիշ տեղ: Էս պահին կայքը գործում է, ուղղակի ժամանակավոր, թղթերով չինացու մոտ է, մարդը վճարել է, բայց մինչև չպարզվի, ոչինչ չի կարող չինացին անել: Կայքը և դոմեյնը աշխատում են, ուղղակի «զմռսել» ենք: Դրա մասին Արան էլ գիտի:
Մեկնաբանել