
Կողաշրջված ավտոբուսի տուժած ուղևորներից միայն անչափահաս տղան է հիվանդանոցում
Երեկ հայտնել էինք, որ Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, կողաշրջվել էր 23 համարի ավտոբուսը։ Նախնական տվյալներով` կողաշրջման պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, որի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Պատահարից տուժել էր ավտոբուսում գտնվող 8 ուղևոր, որոնց տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Իզմիրլյան» կենտրոն, իսկ անչափահաս ուղևորներին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս պահին միայն անչափահաս ուղևորներից մեկն է բուժումը հիվանդանոցում շարունակում: Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այնտեղ տեղափոխել էին 3 տուժածի, որոնցից երկուսը օրվա ավարտին դուրս էին գրվել։
Այս մասին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Ըստ նրա` 2004 թվականին ծնված երեխան դեռևս իրենց հսկողության տակ է, քանի որ ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկու երեխաների մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել և դուրս են գրվել՝ բուժզննում անցնելուց հետո. «Մեզ մոտ այս պահին 2004 թվականին ծնված երեխան է։ Ուղեղի ցնցում է ստացել, այս պահին առողջական վիճակը բավարար է, չեմ կարող ասել՝ երբ դուրս կգրվի»,-հավելեց տնօրենը։
Երեկ զրուցել էինք «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի հետո, ով ասել էր, որ իրենց մոտ տեղափոխված հիվանդները լուրջ առողջական խնդիրներ չունեն, բուժզննում են իրականացնում, որից հետո դուրս կգրվեն։
Ինչպես քիչ առաջ «Հետք»-ին փոխանցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը՝ իրենց մոտ բուժզննում անցած բոլոր ուղևորները բավարար առողջական վիճակով դուրս են գրվել։ Առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել, սակայն ամբողջական ուսումնասիրությունների են ենթարկվել։
«Իզմիրլյան» կենտրոն տեղափոխված 27-ամյա ուղևորը նույնպես ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Մեկնաբանել