Փոխվարչապետն այցելել է Գեղարքունիք եւ Վայոց Ձոր
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Մարզպետ Ն. Պողոսյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է Վարդենիսի ոռոգման ջրի ինքնահոս համակարգի գլխամասային հատվածում` Ակունք գյուղի տարածքում: Համակարգը վերականգնվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով: Ընդհանուր 9,4 կմ երկարությամբ համակարգի 5 կմ հատվածն ամբողջությամբ նորացվել է, մնացած 4,4 կմ-ը` վերանորոգվել: Աշխատանքներն ավարտվել են անցած տարվա վերջին, եւ ընթացիկ ոռոգման շրջանում հնարավոր է օգտագործել համակարգի ողջ հզորությունները:
Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Մարտունու պոմպակայանի շինհրապարակ: Տեղեկացվել, որ ընդհանուր առմամբ կատարվել է աշխատանքների 75 տոկոսը: Երկաստիճան պոմպակայանի 2-րդ աստիճանի շենքի վերակառուցումն ավարտված է, իրականացվում է վերազինում, ընթացքի մեջ են 1-ին աստիճանի շենքի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի: Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքների որակով եւ ժամանակին իրականացումը:
Մարզի Վաղաշեն համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացել է մշակույթի տան շենքային պայմաններին, որի հիմնանորոգումը նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Այդ նպատակով հատկացվել է 48, 2 մլն դրամ:
Շենքի նորոգումն սկսվել էր երկու տարի առաջ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Փոխվարչապետին տեղեկացվել է, որ նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա տասն օրվա ընթացքում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Մարզպետին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը:
Գեղարքունիքից փոխվարչապետը մեկնել է Վայոց Ձորի մարզ: Եղեգիսի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաեւ Եղեգիսի կիրճի համայնքների ղեկավարները, ներկայացվել են ընթացիկ խնդիրները:
Անդրադարձ է եղել նաեւ վերոնշյալ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրման միտումները` Ա. Գեւորգյանը հորդորել է մշտական աշխատանքներ իրականացնել համայնքային բյուջեների ցուցանիշների ապահովման ուղղությամբ:
Քննարկվել են նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել