HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս, Մոնտենեգրո-Իրան

Այսօր՝ 20:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն: Ընկերական խաղը մեր թիմի վերջին ստուգատեսն է ամսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ: Այս հանդիպման ավարտից կես ժամ անց՝ Երևանի ժամանակով 22:30-ին, Պոդգորիցայում կսկսվի Մոնտենեգրո-Իրան ընկերական մրցավեճը: 

Համեմատելով երկու խաղերը՝ կարելի է ասել, որ Իրանն իբրև սպարինգ-մրցակից ավելի նման է Հայաստանին, քան կարիբյան երկրի թիմը` բալկանյան հավաքականին:

Երեկ կայացած ասուլիսում գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասել է, որ ընկերական խաղ անցկացնելու նախնական պայմանավորվածություններ ունեին մի քանի ուժեղ հավաքականների հետ, որոնք իրականություն չդարձան, ինչից հետո հարցում ստացան կարիբյան երկրից ու համաձայնեցին, քանի որ այս խաղը օդ ու ջրի պես պետք էր մեր հավաքականին: Պետրոսյանը 3 գործոն է առանձնացրել՝ խաղային որակների բարելավում, հոգեբանական վիճակի ամրացում, տակտիկական փորձարկումներ: Ընկերական հանդիպման ժամանակ հնարավոր վնասվածքների վերաբերյալ գլխավոր մարզիչն ասել է, որ մրցակիցը շատ չոր ու ագրեսիվ թիմ է, բայց ոչ կոպիտ: Ըստ նրա՝ եթե մեր ֆուտբոլիստներն արագ խաղան, ապա կարող են խուսափել նման պայքարից:

Նորից հիշեցնենք, որ ամսի 10-ի պաշտոնական հանդիպմանը որակազրկման պատճառով չի կարող մասնակցել կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, վնասվածքների պատճառով չեն խաղա նաև կիսապաշտպաններ Գևորգ Ղազարյանը, Գոռ Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, ինչպես նաև աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: 

Սենթ Քիթս և Նևիսի թիմի խոշորագույն հաշվով հաղթանակը` 10-0 հաշվով, գրանցվել է կարիբյան Մոնտսերատ կղզու թիմի նկատմամբ (1992 թ.), իսկ ամենամեծ հաշվով պարտությունն այս ընտրանին կրել է Մեքսիկայից` 0-8 (2004 թ.): Մեր թիմի խոշորագույն հաշվով հաղթանակն անցյալ տարվա Գվատեմալայի հետ ընկերական հանդիպումն էր՝ 7-1: Իսկ 1997-ին թիմը նույն 0-7 հաշվով ընկերական խաղերում պարտվել է Չիլիի ու Վրաստանի ընտրանիներին:

Հետաքրքիր է, որ մեր այսօրվա մրցակից կղզեբնակներն իրենց կովկասյան շրջագայությունը շարունակելու են Վրաստանում, որտեղ ամսի 7-ին նույնպես ընկերական խաղ են անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ: Նշենք նաև, որ այս թիմն արդեն դուրս է մնացել ԱԱ-2018-ի ընտրական փուլից ու ներկայում բավարարվում է ընկերական խաղերով: 

Ինչ վերաբերում է ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակիցներին, ապա Լեհաստանն ու Ղազախստանը որևէ ընկերական խաղ այս ընթացքում դեռևս չեն նախատեսել, Դանիան ամսի 6-ին Կոպենհագենում կհանդիպի Գերմանիային, Ռումինիան հունիսի 13-ին Կլուժում կընդունի Չիլիին:

Հավելենք նաև, որ ամսի 10-ին կկայանան Մոնտենեգրո-Հայաստան, Ղազախստան-Դանիա, Լեհաստան-Ռումինիա հանդիպումները:  

Մրցաշարային աղյուսակը 5 տուրից հետո ունի այս պատկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter