
Երկրորդ կորած ձկնորսը ևս հայտնաբերվել է
Առավոտյան փրկարարները Սևանա լճից դուրս են բերել հունիսի 2-ին անհայտ կորած ձկնորս, ծովագյուղցի Սուրիկ Ասմարյանի դին։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը։
Գևորգյանի փոխանցմամբ՝ Ասմարյանին հայտանաբերել են Փամբակ գյուղից ոչ հեռու գտնվող ափից։
Համայնքապետը կարծում է՝ կառավարությունը գտել է փոքր նավակով ձկնորսություն անելու աշխատանքի կանխարգելման միջոցը։ Ասում է՝ գործադիրում քննարկվում է ծրագիր, որով ապահովագրվելու են ձկնորսները և աշխատավարձով աշխատելու։ Համայնքապետի համոզմամբ՝ այս կերպ կկանխարգելվի ձկնորսների՝ լճում կորչելու երևույթը, քանի որ որս այլևս չեն անի փոքր նավակներով․ դրանք կփոխարինվեն հատուկ ձկնորսության համար նախատեսված նավակներով։
Թե երբ ծրագիրը կյանքի կկոչվի, Գևորգյանը տեղյակ չէ․ ասում է՝ այն դեռևս քննարկում են կառավարությունն ու բնապահպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի երկու բնակիչներ՝ Կոլյա Սիմոնյանը և Սուրիկ Ասմարյանը, խեցգետին որսալու նպատակով դուրս էին եկել Սևանա լիճ և չէին վերադարձել։ Ձկնորսները հարազատներ էին՝ աներձագ և փեսա։ Երեկ առավոտյան փրկարարները լճից դուրս էին բերել Կոլյա Սիմոնյանի դին և շարունակել որոնողական աշխատանքները՝ Սուրիկ Ասմարյանի դին փնտրելու համար։
Մեկնաբանել