HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանձատափում խանութ ու քաղաք հասնելու տրանսպորտ չկա

Լիլիթ Գիժլարյան

Տաթևում շուտ է մութն ընկնում, մառախուղն էլ միանգամից է իջնում, եթե անձրև է գալիս, էլի արագ ու անսպասելի է սկսվում, հետո նույն  ձևով էլ կտրվում: 

Տաթևից պետք է իջնենք Տանձատափ գյուղ, վերևից երևացող կարմիր տանիքներով եմ ճանաչում գյուղը, մեկ էլ Ծովինարից եմ լսել` մի քանի անգամ արշավների ժամանակ գյուղով անցել են, Նոր տարուն էլ ընկերներով գնացել ու գյուղի փոքրերին նվերներ տարել: Այստեղ դրսի աշխարհի հետ ամեն կապ ուրախացնող է, մի տեսակ փոխօգնություն է՝ մենք քաղաքից, փոշուց ու աղմուկից ենք կտրվում, իրենք ժամանակի` անշարժ թվացող հոսքից փախչում են ու փորձում դրսի ռիթմով ոգևորվել: 

-Էս ճամփեն ասֆալտ չի տեսել, սովետի ժամանակ էլ գյուղ ավտոբուս չի մտել, տարրական կրթարան ունեինք, որ ավարտում էինք 4-րդ դասարանը, գնում էինք Տաթևի միջնակարգում ուսումը շարունակելու: Ձեր եկած ճամփով 5կմ քայլում էինք մինչև Սվարանցի խաչմերուկ, ավտոբուսը ընդեղից տանում էր, հլա էն ժամանակ ավելի շատ մարդ կար գյուղում, հմի քիչ ենք, չեն էլ սարքի, մի քանի տարի կանցնի ու մարդ չի մնա ստեղ: Որ մեկը քաղաք ա գնում, գյուղում բոլորին հարցնում ա՝ ինչ բերի խանութներից: Տանձատափում խանութ ու քաղաք հասնելու տրանսպորտ չկա,- երեկոյան ասաց Անուշը, ում տանը «քաղաքից եկածներս» գիշերում ենք: 

Ավտոբուսը դանդաղ իջնում է մառախուղի միջով, ասֆալտ չտեսած ճանապարհով, ու փորձում ենք պատկերացնել տանձենիների, նոր մշակված այգիների, ձորի մասրենիների ու մեզ սպասող մարդկանց գյուղը, ու հողե ճանապարհից Տաթևի ամենասիրուն տեսարաններից մեկն է բացվում. կանգնես ու ժամանակների դիախրոնիկ (պատմական) բախմանը հետևես: 

Գյուղամիջում մեզ հյուրընկալող ընտանիքներն են սպասում.

-Երևանի խումբը եկավ, տեսնանք՝ ով ում է տանելու պահի էսօր:

-Գյուղում որ քիչ ենք, ամեն մեկս մի գործ ունենք, մեկը դպրոցում տնտեսվար ա, մեկը հավաքարարն ա, գյուղապետարանում են աշխատում, աշխատավարձ ենք ստանում, ով չի աշխատում` թոշակառու ա, մենակ հողի հույսին չենք, չնայած բերքը լավնա,- նախաճաշին, ծիծաղելով, կիսվում է Մարիետան: 

Գյուղի հողը բերրի է, Երևանում բնակվողները մարտ-ապրիլին գալիս են,  պտղատու սևահողը մշակում, աշնանն էլ բերքը հավաքում, հետ գնում: 

Անկյունում կանգնած, կանաչ աչքերով ամաչկոտ Հովհաննեսի հետ ժպիտներ ենք կիսում, Ծովինարի նկարներից եմ իրեն հիշում, ինքը դեռ ինձ չգիտի, ծանոթանում ենք: 

-Օհա՛ննես ա անունս, նկարիչ եմ տառնալու, էգուց կկաս մեր տունը, նկարներս ցույց տամ: 

Առավոտյան 7-ին, ոչ մի տեղ չշտապող 4 տարեկան Արմանին հանդիպում եմ գյուղամեջ թեքվող ճամփին. 

-Քընում եմ Անիին օգնեմ, որ գորգը թափ տա, մամաս էլա  գիդում, որ տյուս եմ եկալ, չէ, վախում չեմ, չեմ կորի, ստեղ ամեն ճընապարհ գիդում եմ: 

-էդ ճամփով քընալ միք, զատ չկա, իջեք դպրոցը տեսեք, կարմիր տանիքով սիրուն շենքա, միանգամից կճանաչեք,-գյուղի անասուններին հանդը տանողն է` օրվա հերթապահը: 

Մինչև հետ գնալը, քայլում ենք` գրանցված` 104, փաստացի ապրող 75 բնակիչ, դպրոցում 7 աշակերտ, մանկապարտեզ չունեցած ու խանութ արդեն չունեցող գյուղում, ժամանակը հետ ու առաջ  է ընկնում, բայց միշտ նույն ձևով ծորում: 

-Հա, Օհա՛ննեսը ստեղա, արի, համով չայ ու մեղր ունեք, հյուրասիրվի, դե լավ, որ վռազ ես, երեխու նկարները բերեմ, ուզում էր երեկ ցույց տա, հըմանչեց: 

Հովհաննեսը, խոստացածի նման, դպրոցական ալբոմներն է բերում, պատմում նկարներից, ընտրած գույներից ու կերպարներից, ամենաշատը իրենց աքլորի նկարն է սիրում՝ ոնց որ իսկական լինի: Հովհաննեսի փոքր քույր Մարին, կողքից թաքուն հետևում է խոսակցությանը, եղբոր ոգևորված դեմքին, հետո քիչ-քիչ վստահում է ու սկսում իր նկարներից խոսել:

-Ստեղը շատ եմ սիրըմ, ուրիշ տեղ ապրիլ չեմ, նորից կկյաք, նոր նկարնի եմ նկարիլու… 

Հովհաննեսին գրկում եմ. հուլիսին առաջին անգամ Երևան կգա: Ծովինարն ու ընկերները կամավորներ ու հովանավորներ են գտել, որ Հովհաննեսին ու ընկերներին ամռանը բերեն Երևան: Նոր նկարներ կբերի հետը, որ ցույց տա:

Ավտոբուսը սպասում է, որ հետ բերի քաղաք: Մտածում եմ՝ էսքան տարբեր աշխարհներ ինչպե՞ս են իրար կողք ապրում: 

Անձրևից հետո խոնավ խոտի, նոր դուրս եկած ուրցի ու ընկուզենիների հոտը դեռ թարմ է, ու  վերադարձի ճանապարհին, ձորի Քըրանուց գետից եկող խշշոցն ականջներիս մեջ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter