
Շինարարության ծավալը կրկին նվազել է
Շինարարությունը շարունակում է անկում ապրել՝ ծավալային նվազումներ գրանցելով։
Տարվա առաջին 4 ամիսներին՝ հունվար-ապրիլին, շինարարությունը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, նվազել է 13.4 %-ով։
Բացի համայնքների, մարդասիրական օգնության միջոցներով և Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված գումարներով կատարված շինաշխատանքներից, մնացած ֆինանսավորողները նվազեցրել են շինարարության համար հատկացված միջոցները։
Եթե համեմատենք նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսներին շինարարության համար հատկացված միջոցներն այս տարվա նույն շրջանի հետ, ապա կտեսնենք, որ նվազել է:
2017թ-ի հունվար-ապրիլ ամիսներին կատարված շինարարության ընդհանուր ծավալում շարունակում է ամենամեծ տեղը զբաղեցնել բնակչության միջոցներով կատարված շինարարությունը, այն ընդհանուրի ավելի քան 24 %-ն է կազմում: Հաջորդում է միջազգային վարկերով կատարված շինարարությունը: Այս երկու աղբյուրներն էլ, համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ, զգալի նվազեցրել են շինարարության համար հատկացված գումարները։
Հանրապետությունում չորս ֆինանսական աղբյուր կա, որոնցով կատարվել է 1 միլիարդ դրամը գերազանցող շինարարություն. դրանք են՝ բնակչության միջոցները, միջազգային վարկերը, պետական բյուջեն և օտարերկրյա ներդրումները։ Թե այս աղբյուրներով որքա՞ն շինարարություն է կատարվել 2017թ-ի հունվար-ապրիլին, կարող եք տեղեկանալ գծապատկերից:
Տարվա առաջին չորս ամիսներին կատարված շինարարության 35 %-ը կապված է եղել անշարժ գույքին առչնվող գործունեության հետ: Ինչպես պարզաբանեցին ազգային վիճակագրական ծառայությունից, այն` բնակելի շենք, շինությունների շինարարությունն է: Հաջորդել է տրասնպորտի հետ կապված շինարարությունը (կամ ճանապարհային շինարարությունը), որը կազմել է ընդհանուրի 13 %-ը։
Հանրապետությունում, դեռևս ամենաքիչ ծավալով, շարունակվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հետ կապված շինարարությունը։
Հիշեցնենք, որ հանրապետությունում 2017թ-ի հունվար-մարտին կատարվել էր ավելի քան 35 միլիարդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ այն նվազել էր շուրջ 14 %-ով։
Մեկնաբանել