
Կարապետ Գուլոյանի ընտրած կազմակերպությունը յուրացնում է ուսուցիչների սոցփաթեթի գումարները
Այս տարվա մարտ ամսին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է ուղարկել· «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի շրջանակներում համագործակցել բացառապես «Տուրիզմ» ՍՊԸ, «Տ·Մ·Կենտր», «Գոհար 87» ՍՊԸ կազմակերպությունների հետ: Գործակալները կլինեն դպրոցներում:
Հրազդանի թիվ 2,8,9,11,12 հիմնական դպրոցները համագործակցեն «Արմա Տուր» ՍՊԸ-ի հետ»:
Կոտայքի մարզպետի օգնականի ներկայացրած 4 ընկերություններից երեքը հաշվառված են տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելու համար: Նշվածներից «Տ·Մ·Կենտր» եւ «Տուրիզմ» ՍՊԸ-ն նույն ընկերություն է: «Տուրիզմ» ՍՊԸ-ի հիմնադրած «Աիլինդա տուր» զբոսաշրջային ընկերության գործակալներն անցյալ տարի եղել են մարզի դպրոցներում եւ դեռեւս մարտ ամսից հարկադրաբար գումարները փոխանցել են տվել այս ընկերության հաշվեհամարին, սակայն ուսուցիչների հանգիստը կա´մ չեն կազմակերպել եւ գումարներն էլ չեն վերադարձրել, կա´մ մատուցված ծառայության դիմաց, մինչ օրս գումարը չեն փոխանցել հանգստյան տներին:
Մեր հարցին, թե ինչու պետք է հանրակրթական դպրոցների աշխատակազմը բացառապես այս ընկերությունների հետ համագործակցի` Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանն ասում է, որ այդ ընկերությունները դիմել են մարզպետարան, մարզպետն էլ թույլ է տվել, որ նրանք աշխատեն մարզի դպրոցների հետ: «Մեր կողմից դպրոցներին հանձնարարական է եղել այն առումով, որ տեղեկացված ենք այդ ընկերությունների մասին»,- հայտնեց Հ. Ադամյանը: Վերջինիս հարցրեցի, թե տեղյակ են, որ «Տ·Մ·Կենտր» կամ արդեն «Տուրիզմ» ՍՊԸ-ը վերանվանված ընկերությունն անցյալ տարի չի կատարել դպրոցների աշխատակիցների հետ կնքած պայմանագրային պարտավորությունները: Նա ասաց, որ մարզպետարանում նման հարցեր չեն քննարկում:
Ինչևէ, այս տարի դարձյալ «Աիլինդա տուր»-ի գործակալները եղել են մարզի դպրոցներում եւ, դեռեւս մայիս ամսվա առաջին օրերին, պայմանագրեր են կնքել ուսուցիչների հետ: Նրանց պարտավորեցրել են նախապես գումարները փոխանցել իրենց հաշվեհամարին, այն դեպքում, երբ ուսուցիչները հանգստանալու կարող են մեկնել միայն իրենց` արձակուրդում գտնվելու օրերին, այսինքն` հուլիս-օգոստոս ամիսներին:
Գառնիի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչներից նրանց, ովքեր անցյալ տարի պայմանագիրը կնքել են «Աիլինդա տուր»-ի հետ եւ ամիսներ առաջ գումարը փոխանցել են նրանց հաշվին, այդպես էլ չի հաջողվել հանգստի մեկնել: Այս տարի դարձյալ մարզպետարանից իջեցված հրահանգով` նրանց պարտադրվել է պայմանագիր կնքել այս գործակալության հետ: Գործակալները խոստացել են, կրկին իրենց հետ պայմանագիր կնքելու դեպքում, երկու տարվա գումարի 30%-ը վերցնել, իսկ մնացածը փոխանցել նրանց ընտրած հանգստյան տան հաշվեհամարին: Սակայն, պայմանագիրը կնքելուց եւ գումարները փոխանցելուց հետո գործակալները կրկին անհետացել են կամ ուսուցիչներին պատասխանել են, որ այլեւս չեն աշխատում «Աիլինդա տուր»-ում:
Կոտայքի մարզի Զառ գյուղի հանրակրթական դպրոցի ուսուցիչներին «Լոռի ռիզորթ» հանգստյան տնից նախապես տեղեկացրել են, որ «Աիլինդա տուր» զբոսաշրջային գործակալության հետ պայմանագիր կնքելու դեպքում, նրանց չեն ընդունի: «Աիլինդա տուր»-ն անցյալ տարի հանգստացողների գումարները չի փոխանցել ընկերությանը: Դպրոցի աշխատակազմը գոհ է «Լոռի ռիզորթ» հանգստյան տան ծառայությունից, սակայն ինչպես տեղեկացրին, մարզպետարանից կրկին նրանց պարտադրում են պայմանագիր կնքել «Աիլինդա տուր»-ի հետ: Անցյալ տարի, գործակալների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ` հանգստանալու համար ընտրել են այս հանգստյան տունը, սակայն երբ տեղ են հասել, պարզվել է, որ այստեղ նրանց չէին սպասում: Ասել են, որ հանգստյան տունը «Աիլինդա տուր»-ի հետ համագործակցության պայմանագիր չունի: Այնուամենայնիվ, բանավոր համաձայնության են եկել, մի քանի որ հանգստացել են, սակայն «Աիլինդա տուր»-ն այդպես էլ գումարները չի փոխանցել:
«Լոռի ռիզորթ»-ից նույնպես հաստատեցին, որ «Աիլինդա տուր» զբոսաշրջային գործակալությունը մեծ պարտքեր ունի, իրենք ծառայությունը մատուցել են, սակայն գումարները չեն փոխանցվել: Մի քանի օր առաջ տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում հանդիպում է կազմակերպվել զբոսաշրջային ընկերությունների, հանգստի ծառայություններ մատուցողների եւ կառավարության ներկայացուցիչների հետ` կազմակերպչական հարցեր քննարկելու նպատակով: Բազմաթիվ հանգստյան տների եւ հյուրանոցների ներկայացուցիչներ նախարարություն են գնացել ոլորտում առկա հարցերը քննարկելու համար: Միաժամանակ, հանգստյան տան եւ հյուրանոցների ներկայացուցիչներից շատերն ակնկալել են, որ այնտեղ կարող են հանդիպել, հատկապես, «Տուրիզմ» ՍՊԸ-ի ներկայացուցչին եւ իրենց գումարները պահանջել: Սակայն, ընկերությունը չի մասնակցել քննարկմանը, իսկ նրանց բարձրացրած հարցերը պատասխան չեն ստացել:
«Լոռի ռիզորթ»-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Տուրիզմ» ՍՊԸ-ի դեմ:
2012 թ.-ից գործող սոցիալական փաթեթի ռիսկային համարվող այս բաղադրիչի արդյունավետությունն անցյալ տարի ուսումնասիրել էր Վերահսկիչ պալատը (ՎՊ): Ստուգվել էր նաեւ «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ի գործունեությունը եւ ստուգման արդյունքներով` այս կազմակերպությունը՝ 01.10.2016թ.-ի դրությամբ «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ն 9 մլն 125 000 դրամի պարտք է ունեցել հյուրանոցներին եւ հանգստյան տներին (ՎՊ-ի ուսումնասիրությունն ընդգրկել է 2012 թ. հունվարի 1-ից մինչեւ 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը): ՎՊ-ն նրանց եւ պարտքեր կուտակած զբոսաշրջային այլ ընկերություններին առաջարկել է ժամանակացույցով մարել պարտքը:
Ստուգումից անմիջապես հետո «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ի դեմ երկու դատական հայց է ներկայացվել` գումարները բռնագանձելու պահանջով: Առաջին հայցը 31.10.2016 թ.-ին ներկայացրել է Ջերմուկ քաղաքում գործող «Արարատ մոր եւ մանկան առողջարան» ՓԲԸ-ն: Հարկադիր կատարման ծառայությունը 02.11.2016 թ.-ին հայցի ապահովման նպատակով հայցագնի` 2 մլն 456 հազար դրամի չափով, արգելանք է դրել պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա: Այս գործի քննությունը դեռեւս չի ավարտվել:
Երկրորդ հայցը 09.12.2016թ.-ին ներկայացրել է Դիլիջան քաղաքում գործող «Փարադայս հոթել» ՍՊԸ-ն: Հայցերը քննվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ այդ ժամանակ «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ն գործել է ք. Երեւան, Պուշկինի 43 հասցեում։ 12.12.2016 թ. որոշմամբ` հայցադիմումը վարույթ է ընդունվել, միաժամանակ բավարարվել է հայցվոր կողմի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին: ԴԱՀԿ-ը հայցագնի չափով` 666050 դրամ` որպես հյուրանոցային ծառայության եւ 595 050 դրամ` չվճարված սննդի դիմաց (ընդհանուր` 1 261 100 դրամ), արգելանք է դրել պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա։
Մինչեւ Կենտրոն դատարանը ընկերության դեմ քննվող գործերից մեկով կկայացներ առաջին վճիռը, «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ն 27.02.2017 թ.-ին ռեգիստրով անվանափոխվել է «Տուրիզմ» ՍՊԸ-ի եւ տնտեսական զարգացման եւ, ներդրումների նախարարությունում գրանցվելով, մասնակցում է 2017թ.-ի համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելուն` դարձյալ հանդես գալով «Աիլինդա տուր» անվանումով:
«Փարադայս հոթել» ՍՊԸ-ի հայցապահանջը բավարարվել է, դատարանը դեռեւս չի ավարտել «Արարատ մոր եւ մանկան առողջարան» ՓԲԸ-ի ներկայացրած հայցի քննությունը:
Վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկել էր` արձանագրված խախտումները հետագայում բացառելու նպատակով` լրամշակել սոցիալական փաթեթի ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Իսկ մինչեւ լրամշակված տարբերակի ընդունումը, սոցիալական փաթեթի գումարների հնարավոր անօրինական կանխիկացումների դեպքերից խուսափելու համար առաջարկել էր`
- սոցիալական փաթեթի գումարները տրամադրել շահառուներին` դրանք իրենց հայեցողությամբ տնօրինելու նպատակով,
- քննարկել զբոսաշրջային օպերատորների պարտադիր հաշվառման պահանջը վերացնելու եւ ոլորտը ազատ մրցակցային դաշտում թողնելու հարցը,
- քննարկել սոցիալական փաթեթի շահառուներին հյուրանոցների կամ հանգստյան տների հետ անմիջական գործարքի մեջ մտնելու հնարավորություն ընձեռելու հարցը:
Տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում անցյալ տարվա հուլիս ամսին քննարկել են ՎՊ-ի առաջարկները: «Նախարարն իր ներածական խոսքում նշել է, որ ՀՀ կառավարության կողմից սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի կիրառման նպատակն է հանրային ծառայողների հանգստի համակարգված եւ արդյունավետ կազմակերպումը` միաժամանակ խթանելով Հայաստանում եւ Արցախում ներքին զբոսաշրջության զարգացումն ու նպաստելով ոլորտը սպասարկող կազմակերպությունների գործունեությանը: Սակայն այն, ինչին ականատես ենք լինում, ըստ էության, շեղում է հիմնական նպատակից»,- ասվում է նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քննարկումը, սակայն որևէ եզրահանգման չի հանգեցրել եւ նախարարությունում, համաձայն ընդունված կարգի` շարունակել են զբոսաշրջային ընկերություններին հաշվառել հաջորդ տարի սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելու համար:
Դպրոցների աշխատակիցները մեզ հետ զրուցելիս պնդում էին, որ իրենց պետք է հնարավորություն տալ առանց միջնորդների օգտվել իրենց սոցիալական փաթեցից, եւ առանց այն էլ ոչ մեծ գումարները տնօրինել անձամբ` առանց միջնորդավճարներ խլելու կամ ողջ գումարը անհասկանալի կազմակերպությունների փոխանցելու:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել