HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ամենաբարձր աշխատավարձը` Քանաքեռ-Զեյթուն համայնքում

Հանրապետությունում ապրիլին գրանցվել է 2017-ի առաջին չորս ամիսներին ամենաբարձր միջին աշխատավարձը։ Այն կազմել է ավելի քան 193 հազար դրամ։ Այս տվյալներն օրեր առաջ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միջին աշխատավարձը բարձրացել է և’ պետական, և’ ոչ պետական հատվածում, իսկ 2017-ի հունվար-ապրիլի համեմատությամբ, ամենաբարձր աշխատավարձը եղել է ապրիլին. պետական հատվածում այն կազմել է 160 հազար դրամ, իսկ ոչ պետականում՝ 234 հազար դրամ։

Այս տվյալների համաձայն՝ պետական և ոչ պետական հատվածների աշխատավարձի միջև տարբերությունը 60-70 հազար դրամ է։

Հունվար-ապրիլին պետական աշխատողների աշխատավարձը, համեմատած նախորդ տարվա առաջին երկու ամիսների հետ, նվազել է, մինչդեռ մարտ-ապրիլին աճել է։ Հակառակ պատկերն է ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի դեպքում. նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատությամբ, այս տարվա չորս ամիսներին աճ է գրանցել։

 Աշխատավարձը՝ հանրապետությունում

ԱՎԾ-ն նաև հրապարակել է մարտ ամսի հանրապետության միջին աշխատավարձի տվյալը։ Ըստ դրա՝ հանրապետության մասշտաբով ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է, ամենացածրը՝ Արագածոտնում։ Երևանցիների աշխատավարձը թեև զիջում է սյունեցիների աշխատավարձին, բայց ամենաբարձր աշխատավարձի չափով երկրորդ տեղն է զբաղեցրել։

Համաձայն ԱՎԾ-ի տվյալների`հանրապետության մարզերում մարտ ամսի աշխատավարձը, նախորդ տարվա նույն ամսի հետ համեմատած, նվազել է երկու մարզում՝ Շիրակում և Արագածոտնում: Ինչպես արդեն նշել էինք, Արագածոտնի մարզում աշխատավարձն ամենացածրն է:

Իսկ եթե միջին աշխատավարձի տվյալները դիտարկենք Երևանի մասշտաբով, ապա մարտ ամսին ամենաբարձր աշխատավարձը եղել է Քանաքեռ-Զեյթունում. այն կազմել է  303 հազար դրամ: Հաջորդել է Կենտրոն համայնքը, սակայն այն Քանաքեռ-Զեյթունին զիջում է 80 հազար դրամով։ Իսկ ամենացածր աշխատավարձը գրանցվել է Դավթաշենում՝ 133  հազար դրամով։

Ամենաբարձր վարձատրվող ոլորտները

Ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ի առաջին չորս ամիսներին, ամենաբարձրը շարունակել են վարձատրվել ֆինանսական և ապահովագրական  ոլորտի մասնագետները՝ ստանալով ավելի քան 428 հազար դրամ: Ապա բարձր աշխատավարձ են ստացել տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետները՝ 412 հազար դրամ:

Իսկ մնացած ոլորտներում աշխատողները ստացել են մոտ 100 հազար դրամի հասնող աշխատավարձ։ Ամենացածր աշխատավարձ մարտ ամսին ստացել են գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն ոլորտի մասնագետները՝ 118 հազար դրամով, որը, օրինակ, ամենաբարձր վարձատրվող աշխատավարձին զիջում է ավելի քան 3,5 անգամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter