Ըստ Կանադայի ԱԳ նախարարի՝ Ցեղասպանության դատապարտումը Կանադայի վարչապետի սկզբունքային դիրքորոշումն է
Դեկտեմբերի 14-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդին: Վերջինը ՀՀ դեսպանին է նվիրել 1992թ. ստորագրված «Կանադայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության» կրկնօրինակը՝ վերահաստատելով կանադական կառավարության և ժողովրդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտները՝ երկուստեք համաձայնելով, որ երկրների միջև առևտրաշրջանառությունը ընդլայնման լուրջ ներուժ ունի: Արմեն Եգանյանը նաև ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները:
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաև վարչապետ Հարփերի սկզբունքային դիրքորոշումն է:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ավարտին Արմեն Եգանյանը Ջոն Բեյրդին վերահաստատել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը մոտ ապագայում այցելել Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել