Աշխարհին մոտիկ. ճամփորդական մտքեր
Այս մի նկարն էլ վայելեմ ու դուրս կգամ...
Ախր, օրվա մի քանի ժամը բավարար չէր աշխարհի ամենամեծ ու հայտնի թանգարանը մարսելու համար։
Վերջապես Մոնա Լիզայի նկարն էլ տեսա, կարող եմ հանգիստ շունչ քաշել, մի հատ էլ սելֆի ու վերջ։ Ա՜խ, իսկ մյուս մասնաշենքերը մնացին, 1-2 ն էլ տեսնեմ ու դուրս կգամ։
Ասես, պետք է երկուշաբթի առավոտյան շուտ արթնանամ ու շտապեմ աշխատանքային կարևոր հանդիպման, բայց տուն եմ վերադարձել ուշ երեկոյան` գինովցած ու պարելուց շատ հոգնած, իսկ հենց այդ շաբաթն էլ քնի կարոտ եմ մնացել։ Ու 5 րոպե ավել քնելու համար շնորհակալ կլինեմ ամբողջ աշխարհին։ Զգացումն այնքան նույնն է. 5 նկար էլ ավելին տեսնեմ ու հա՜, դուրս եմ գալիս։
Էյֆելն էլ տեսա, Աստվածամոր տաճարն էլ, ուշադիր նայում եմ, ուզում եմ շատ լավ տեսնել, որ լավ հիշեմ, ամբողջը հիշեմ։ Ուզում եմ ուղեղումս նկարել, ֆոտոխցիկի նման կոճակը սեղմեմ ու պատկերը հավերժացնեմ։
Ֆրանսիան 11-րդ ճամփորդությունս է վերջին մեկ տարվա ընթացքում։ Ինձ համար ավելի չքնաղ վայրերում էլ եմ եղել, անգամ որոշել եմ` այցելածս երկրներից որն եմ ամենաշատը սիրել. հա՜, շվեդական գույներով եմ տարվել: Ու յուրաքանչյուր այցելածս քաղաքում Լուվրի նման եմ վազվզել, սա էլ տեսնեմ, հիշեմ, ուժեղ նայեմ, լարվեմ, հիշեմ, չմոռանամ...
Սա դեռ ոչինչ` դանիական ու շվեդական գույնզգույն շենքերը, նորվեգական դրախտային բնությունը, Չեխիայում Կաֆկայի թանգարանի մտքերը, կամ էլ Լուվրի նկարները դեռ առարկայական են... Հնարավոր է մի օր նորից վերադառնաս ու նույնն ապրես։ Սա դեռ պետք է պարտվի ավելի դաժան տարբերակին. երբ մարդուն ես ուզում հավերժացնել ու հուշերումդ պինդ պահել, վայելել, որովհետև նրան ու քեզ միացրած օրերն էլ կվերջանան։
Եթե ճամփորդել ես ու նպատակներիցդ ամենամեծն աշխարհի մարդկանց ճանաչելն է, ապա ինձ շատ լավ կհասկանաս։ Երբ մտերմանում ես նրա հետ ու հետո ցտեսություն... Սրտիդ խորքում ռեալիստ ես ու դադարել ես քեզ խաբել. գիտակցում ես, որ գուցե երբեք չհանդիպես։ Պինդ գրկում ես «ոչ վերջին» անգամ ու…
«Դեռ էլի կհանդիպեք ու միասին կճամփորդենք»,- կրկնեցինք միասին ավստրուհի ընկերուհուս հետ մեր վերջին իրական հանդիպման օրը, դրանից հետո նամակներով շարունակեցինք։ Դե արի ու ասա «գուդ բայ», երբ կես տարի Լիտվայում միասին էինք ապրել` ընտանիքի նման, ու հիմա Չեխիայի ավտոբուսի կայարանում պետք է բաժանվենք։ Այնքան ենք մտերմացել, որ անգամ առանց որևէ շփումի տարիներ հետո թե ուզենամ նրան Ավստրիայում հանդիպել, սառնություն չեմ զգա, վստահ եմ։
Պրահայի ավտոբուսն ինձ Կրակով տարավ, ա~խ, հրեաների թաղամասում ապրող Պավելն ի՜նչ լավ տղա է: Օրվա կեսից իրար հասկացանք, ամբողջ քաղաքը մեկ օրում իր աչքերով ցույց տվեց. ամենաճաշակով փաբերն, ի դեպ, Կրակովում են, թանգարանների նման մտնում, դուրս էինք գալիս, որ տեսնեմ ու հիշեմ։ Հաջորդ օրը ժամանակակից արվեստի թանգարանում նոր ցուցադրությանը գնացինք, որոշեցի' իմ տեսած «ամենացուցադրությունն» է, հետո էլ մուտքն անվճար էր։ Ի՜նչ լավ է, որ Պավելին հանդիպեցի, թե չէ որտեղի՞ց պետք է ցուցադրության մասին իմանայի։
Իսկ հիմա՝ ցտեսություն։
-Դիըր Պավել, ես էլ հրավիրում եմ քեզ ինձ մոտ:
-Դե տեսնենք, եթե ստացվի կգամ մի օր...
Հաստատ Պավելի ու իմ օրերը մի քիչ էլ երկարեին, գուցե սիրահարվեի...
Գերմանուհի հարևանուհիս էլ ինձ մի քանի օրից կլքի։ Սամիռայի հետ ընտանիք ենք արդեն 7 ամիս, ու հիմա էլ իմ հարևան սենյակը կդատարկվի. դե հյուրերի կընդունեմ: Մտերիմ ընկերուհիներ չդարձանք, բայց կկորցնեմ մեր մտերմության ամենասիրուն հատվածը, երբ ամեն օր տանից դուրս գալիս ինձ հաճելի օր է մաղթում... Ի դեպ, այս երևույթը շատ եմ սիրում, այստեղ բոլորն իրար հաճելի օր են մաղթում հեռանալիս. «have a nice day»: Սամիռային երևի պետք է արդեն «հաճելի կյանք» մաղթեմ' օրվա փոխարեն, դե գուցե Մյունխենում մի օր կրկին «բարև» էլ ասեմ...
Սա էլ ճամփորդության ամենահաճելի ու տխուր հատվածն է։
Հանդիպում ես մարդկանց ու մտերմանում, հաստատ դպրոցում գնահատական ստանալու համար քարտեզի վրա երկրները ճիշտ ցույց տալու ժամանակ մտքովդ անգամ չէր անցնում, որ հենց այդ երկրից կամ երկրում մեկին կհանդիպես ու կընկերանաս։ Հանդիպում ես մարդկանց ու հասկանում, որ մշակույթն ու ազգությունը պարտվում են. այստեղ արդեն քո տեսակին ես գտել ու անգամ ժամերի ընթացքում մտերմացել։
Գրկում ես վերջին ագամ ու ուզում ես ժամանակն ավարտվի... Ու գիտես, որ հենց ժամանակի պատճառով էլ գուցե այլևս չտեսնես նրան։ Թանգարանի նկարների նման գտել ես քո գույների ու պատկերացումների նկարն ու ուզում ես երկար նայել, կանգնել, առաջ չշտապել ու հավերժանալ։
Ճամփորդությանս ամենասիրուն հատվածն է. մարդկանց ծաղիկների նման խնամքով հավաքում եմ, բայց հետս չեմ կարողանում տանել. իրենք իրենց արմատներն ունեն արդեն, չեն պոկվում։ Իսկ ես էլ իմն ունեմ, գուցե հաճախ ավելի խորը հողի մեջ արմատացած, քան նրանցը։
Երևի մի օր քամին պոկի մեզ ու քշի նույն ուղղությամբ։
Փարիզ-Վիլնյուս ինքնաթիռ
Մայիս, 2017թ.
Ամալի Խաչատրյան
Հ.Գ. Ամալիի առաջին ճամփորդական նոթին ծանոթացեք այս հղումով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել