HY RU EN

Արաքս Մամուլյան

Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան. «Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով հետախուզումն ի սկզբանե ապօրինի է եղել

«Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես օժանդակող ներգրավված Զոհրաբ Ղումաշյանի կալանքը վերահաստատելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին «Հետք»-ին ասաց Ղումաշյանի հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հետախուզում է հայտարարվել մայիսի 27-ին, և դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Մայիսի 31-ին, երբ Ղումաշյանը հայտնաբերվել է, դատարանը նորից, արդեն նրա մասնակցությամբ, քննարկել է կալանքի վերաբերյալ միջնորդությունն ու բավարարել այն:

Խչեյանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալ: Ինքը` պաշտպանը, պնդում է, որ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդության մեջ բացակայում է հիմնավոր կասկածը այն մասին, որ Ղումաշյանը որևէ կապ ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում իր պաշտպանյալի` իրեն մեղսագրվող արարքին մասնակցելու վերաբերյալ որևէ հանգամանք չի եղել և առհասարակ հիմնազուրկ են ինչպես Ղումաշյանին առաջադրված մեղադրանքը, այնպես էլ նրան կալանավորելու որոշումը:

Ըստ Խչեյանի՝ նախաքննություն իրականացնող մարմինը նշում է, թե օպերատիվ տեղեկություն է ստացվել Ղումաշյանի` իրեն մեղսագրվող արարքին մասնակցություն ունենալու կապակպցությամբ, մինչդեռ նրա կալանքը վերահաստատելու վերաբերյալ, դատական նիստին քննիչի կողմից դատարանին չի ներկայացվել անգամ օպերատիվ տեղեկությունների վերաբերյալ որևէ ապացույց կամ որևէ գրություն:

Խչեյանը համոզված է նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է եղել:

Մասնավորապես` պաշտպանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս գործով անցնող մյուս երեք մեղադրյալներն, ովքեր մեղադրվում են սպանությունը նախապատրաստելու և ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ, ձերբակալվել են մայիսի 24-ին, և նույն ժամանակ բնակարանը, որտեղ նրանք են եղել, խուզարկվել է, իսկ Զոհրաբ Ղումաշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մայիսի 27-ին, մինչդեռ, մայիսի 24-ին կատարված բնակարանի խուզարկության արձանագրության մեջ գրված է, որ հետախուզվող Զոհրաբ Ղումաշյանը չի հայտնաբերվել:

«Այսինքն՝ մայիսի 24-ին, երբ այդ անձի նկատմամբ առհասարակ հետախուզում չկար, երբ 24-ի դրությամբ անգամ` որևէ ձերբակալված անձ ցուցմունք չէր տվել, նախաքննական մարմինն արդեն իսկ կանխակալ վերաբերմունք է ունեցել իմ պաշտպանյալի նկատմամբ և դեռ այդ ժամանակ որոշել, որ Ղումաշյանին այս գործով պիտի ներգրավի»,- ասաց Խչեյանն ու ընդգծեց, որ սա քրեադատավարական կոպիտ խախտում է:

«Անձը տեղյակ չի եղել, որ հետախուզման մեջ է»

Խչեյանը հիմնազուրկ է համարում նաև քննիչի կողմից իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդության մեջ առկա այն պնդումը, թե Ղումաշյանը կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ:

Նշենք, որ քննիչն իր պնդումը հիմանվորել է հանգամանքով, որ Ղումաշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել, մինչդեռ պաշտպանը պնդում է, որ այդ հետախուզումն ի սկզբանե ապօրինի է հայտարարվել:

«Մինչև հետախուզում հայտարարելը գոյություն ունեն քրեադատավարական պարտադիր քայլեր, պետք է ծանուցագիր ուղարկել անձին, չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշում կայացնել, և եթե դրանից հետո դարձյալ չի հաջողվում ներկայացնել, ապա նոր հետախուզում է հայտարարվում»,- նշեց Խչեյանն ու ընդգծեց, որ իր պաշտպանյալի դեպքում քրեդատավարական այս պարտադիր քայլերը չեն կատարվել, գործում չկա որևէ ապացույց այն մասին, որ իր պաշտպանյալը տեղյակ է եղել, որ պիտի ներկայանա քննություն իրականացնող մարմնին:

«Անձը տեղյակ չի եղել, որ հետախուզման մեջ է»,- ասաց պաշտպանն ու, անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված կալանավորումը հիմնավորող այն հանգամքին, թե ազատության մեջ մնալու դեպքում Ղումաշյանը կարող է  ազդեցություն ունենալ որևէ անձի նկատմամբ, նշեց, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որ Ղումաշյանը մայիսի 24-ից մինչև  31-ը ընկած ժամանակահատվածում դրսում գտնվելով՝ որևէ  անձի նկատմամբ ազդեցություն է ունեցել կամ ինչ-որ բան թաքցրել վարույթն իրականացնող մարմնից:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է հրապարակվել Ղումաշյանի անունը

Սյուզանա Խչեյանը անդրադարձավ մեկ այլ հանգամանքի ևս. պաշտպանը նկատեց, որ քննություն իրականացնող մարմինն ի սկզբանե և արդարացիորեն չի հրապարակել «Դոն Պիպոյի» սպանությունը նախապատրաստելու գործով անցնող երեք ձերբակալված անձանց անունները` նախաքննության շահից, այդ անձանց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով, մինչդեռ իր պաշտպանյալի անունը անմիջապես հայտնվել է մամուլում:

Խչեյանը այս հանգամանքը պատահականություն չի համարում ու հավատացնում, որ հետևողական է լինելու պարզելու համար, թե ինչպես և ինչու է Ղումաշյանի անունը հայտնվել մամուլում: Այսպիսով, ըստ պաշտպանի, խախտվել է և´ նրա անմեղության կանխավարկածը, և´ վտանգվել նրա հարազատների անվտանգությունը:

Ղումաշյանի հարաբերությունները Արտյոմ Կանևսկոյի և ձերբակալված անձանցից մեկի հետ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զոհրաբ Ղումաշյանը քրեական հեղինակություն է և մտերիմ հարաբերություններ ունի մեկ այլ քրեական հեղինակության՝ Արտյոմ Կանևսկոյի հետ, ում անունը քրեական գործի հարուցումից հետո շրջանառության մեջ դրվեց` որպես սպանության պատվերին հնարավոր առնչություն ունեցող անձի: Մեր տեղեկություններով` այս գործով ձերբակալված անձանցից մեկն էլ Զորհաբ Ղումաշյանի մանկության ընկերն է:

Խչեյանից փորձեցինք պարզել վերը նշված հանգամանքները, պաշտպանը, սակայն, նշեց, որ ինքն իր պաշտպանյալի հետ չի քննարկել այդ հարցն, ինչպես նաև նախաքննության շահից ելնելով` չի կարող այս առնչությամբ որևէ հանգամանք հայտնել:

«Փաստը մեկն է, որ բացի քրեական գործում Զոհրաբ Ղումաշյանի անուն, ազգանվան հիշատակումից` նրան մեղսագրվող արարքում իր մասնակցության վերաբերյալ որևէ այլ հագամանք չի ներկայացվել առ այսօր»,- ասաց Սյուզաննա Խչեյանը: