HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գոհար Իսկանդարյան. «Պարտադիր չէ՝ մենք մտնենք Իրանի շուկա, կարող ենք իրանական գումարներն այլ եղանակով էլ բերել Հայաստան»

Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից աստիճանաբար ազատվելուն զուգահեռ Իրանի տնտեսությունը դրական արդյունքներ է գրանցում՝ չնայած առկա խոչընդոտներին ու զգուշավորությանը։ 2015 թվականից, երբ Իրանն արդեն սկսել էր ազատվել այդ պատժամիջոցներից, հայ մասնագետները Մեղրու ՀԷԿ-ի և հայ-իրանական որոշ ծրագրերի ու կապերի աշխուժություն էին ակնկալում։ «Հետք»-ը իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ զրուցել է, թե ինչ մակարդակում են հայ-իրանական տնտեսական հարաբերություններն այսօր ու կան արդյոք դրական տեղաշարժեր։

- Սկսենք նրանից, թե պատժամիջոցներից ազատվելու ո՞ր փուլում է Իրանն այսօր։

- Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկու տեսակի էին։ Առաջինն ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն էին՝ Իրանում խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար մակարդակի, կանանց նկատմամբ բռնությունների և այլ տեսակի երևույթների դեմ։ Այս պատժամիջոցները չեն հանվել և առայժմ դրանց հանվելու մասին խոսք չկա։

Չեղարկված պատժամիջոցները տնտեսական են։ Խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների մասին է, որոնք ընդունվեցին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, քանի որ կասկածներ կային, որ դրանք թափանցիկ չեն և «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում չեն։ Այսինքն՝ ՄԱԿ-ին թվում էր, որ Իրանը գնում էր միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։ Քանի որ այս կասկածները ռեալ էին թվում նրանց, նրանք պատժամիջոցներ կիրառեցին։ Դրանից բացի, երբ տեսան, որ սա էլ չի աշխատում, 2012թ. ԱՄՆ-ի հորդորով եվրոպական մի շարք երկրներ հավելյալ պատժամիջոցներ սահմանեցին՝ հիմնականում իրանական նավթի և գազի, ինչպես նաև՝ բանկային համակարգի հետ կապված։ Կարելի է ասել՝ այս պատժամիջոցներից հետո իրանական տնտեսությունը «պարալիզացվեց»։ Օրինակ՝ բանկերի նկատմամբ սահմանափակումների արդյունքում Իրանը չէր կարողանում աշխարհի հետ ազատ առևտրաշրջանառություն կատարել։

2013թ. Հասան Ռոհանին ընտրվեց Իրանի նախագահ, և բավականին լուրջ աշխատանք արվեց այս պատժամիջոցներից երկիրն ազատելու ուղղությամբ։ 2015թ. Վիեննայում եկան այն համաձայնության, որ միջուկային ծրագրերի հետ կապված պատժամիջոցները պետք է հանվեն։ Բայց հանվեցին այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին միջուկային ծրագրի հետևանքով, իսկ մարդու իրավունքների և հարակից այլ պատժամիջոցները մնացել են։ Իրանն այս պատժամիջոցներից ազատվելու շրջանակներում տվեց խոստումներ, որոնց իսկապես այսօր հետևում է։ Այս պարագայում թվում էր, որ Իրանը կսկսի ակտիվ տնտեսական համագործակցություն անել, գոնե, եվրոպական երկրների հետ։ Այդ ժամանակ բոլորը փաստում էին, որ Իրանի համար տնտեսական բումի հնարավորություն է ստեղծվել։ Եվ Իրանի «դռների առաջ հերթ» էին կանգնել եվրոպական երկրները ներդրումներ կատարելու և համագործակցելու համար։ Բայց Իրանն ամբողջությամբ չօգտագործեց այդ հնարավորությունը։

- Ինչու՞ է Իրանը չափազանց զգուշավոր այս հարցում։

- Իրանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները և իրականացումը որոշում է ռահբարը` հոգևոր առաջնորդը, նախագահն այդ որոշումներն իրականացնողն է։ Ռոհանին, այո, մեծ ցանկություն ուներ տնտեսությունը մեծ տեմպերով զարգացնելու։ Բայց հոգևոր դասը գտնում էր, որ Իրանի տնտեսությունը պատրաստ չէ այդքան մեծ մասշտաբի ներդրումներ ընդունելու։ Նրանք համարեցին, որ եթե արևմտյան գումարները մեծ տեմպով հոսեն Իրան, և եթե հետագայում Արևմուտքը կրկին որոշեր նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, այդ ժամանակ հարվածը շատ ավելի մեծ կլիներ Իրանի համար։ Սա նաև պաշտպանական ռեակցիա էր։ Նման մեծ մասշտաբներով ներդրումներ թույլ չտալու համար Իրանում արհեստական խոչընդոտներ ի հայտ բերեցին։ Բացի այդ, իրանական այն գումարները, որոնք արտասահմանյան բանկերում սառեցված էին, պետք է հետ բերվեին և ներդրվեին Իրանի տնտեսության մեջ։ Ցավոք, ամբողջը չներդրվեց տնտեսության վերականգնման համար։ Գումարների զգալի մասը, որոշ տեղեկությունների համաձայն, ուղղվեցին Սիրիա՝ պայքարելու ահաբեկիչների դեմ:

- Այսինքն՝ գերադասվեց անվտանգությու՞նը։

- Այո, Սիրիան վերջին հենակետն է Իրանի համար։ Որպեսզի դանդաղեցնեն կամ ընդհանրապես պատնեշեն մի կողմից Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության գործողությունները, մյուս կողմից՝ արևմտյան ռազմական որոշ գործողություններ, որոնք տեղի են ունենում Սիրիայում, Ռուսաստանն ու Իրանն ամեն ինչ անում են Սիրիան պաշտպանելու համար։ Այլապես, հաջորդը Իրանն է լինելու, որից հետո անցնելու են Ռուսաստանին։ Իրանում եկան այն եզրակացության, որ եթե պատերազմը հասնի իրենց սահման, զարգացած տնտեսությունն իրենց չէր օգնելու։ Բայց միևնույն ժամանակ, բնական է, որ ժողովրդին առավելապես հուզում է իր սոցիալական վիճակը: Նրանք հարցնում են իշխանություններին՝ ինչու՞ ենք մենք նորից վատ ապրում, ու՞ր են այն գումարները, որ հոսեցին Իրան։

- Հայաստանում ևս հույսեր կային, որ հայ-իրանական առևտուրը կաշխուժանա, համատեղ ծրագրերը նոր կյանք կստանան։ Սակայն տեսնում ենք, որ գոնե առայժմ, էական տեղաշարժեր չկան։ Օրինակ՝ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի առնչությամբ որևէ առաջընթաց կա՞։

-Հայաստանը սպասում էր, որ ապասառեցնելով դրսի գումարները, Իրանը շունչ է քաշելու և անդրադառնալու է հայ-իրանական այն բոլոր ծրագրերին, որոնք ստորագրվել էին և վավերացվել Ազգային ժողովի և Մեջլիսի կողմից, դիվանագիտական մակարդակով ամեն ինչ արված էր, մնում էր միայն գումարը ներդնել ու մեկնարկել ծրագրերը։ Դրանցից մեկը Մեղրիի ՀԷԿ-ն է։ Այն վերջին 10 տարում, անընդհատ կառուցվում է, բայց իրականում էական ոչինչ չի արվում։ Հիմնարկեքն արվել է, պայմանագրային դաշտում անելիք չկա։ Բայց այս պահին սառեցված վիճակ է։

Հայ-իրանական տնտեսական համագործակցության շարժիչ ուժն այս պահին էլ մնում է էներգետիկան։ Շատ կարևոր է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը։ Հիմա աշխատանքները ընթանում են։ Ըստ տեղեկությունների՝ մինչև այս տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ այն պատրաստ կլինի և հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան ու դրա դիմաց ավելի շատ գազ ստանալ։

- Նաև ակնկալիք կար, որ Հայաստանից Իրան ապրանքների արտահանման ծավալները կմեծանան։ Սակայն, փաստացի, նախորդ տարի նվազում է գրանցել, որը շարունակվում է նաև այս տարի։ Ի՞նչ կարող ենք մենք առաջարկել 80 միլիոնանոց շուկա ունեցող Իրանին, և ի՞նչ կարող է անել մեր կառավարությունը, որ չի անում։

- Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը շատ փոքր է։ Սակայն, ես դա չեմ համարում գլխավորապես Հայաստանի կառավարության մեղքը։ Իրանը որդեգրել է սեփական տնտեսությունը հովանավորելու քաղաքականությունը. իրենք արտադրում են, իրենք էլ սպառում։ Այդ նպատակով Իրանը բարձր մաքսատուրքեր է սահմանել ներմուծվող ապրանքների համար, այնքան բարձր, որ շատ դեպքերում ներմուծումը գործարարի համար դառնում է ոչ շահավետ։ Սակայն սա չի նշանակում, որ ներմուծում առհասարակ չի կատարվում։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

1990-ական թվականներին մեր կառավարությունը Իրանի հետ առևտրատնտեսության ոլորտում համագործակցելու որոշակի փորձեր արեց։ Առաջարկեցինք մեզ` իբրև բարեկամ երկրի, բացառություն անել՝ Իրան ներմուծվող հայկական, գոնե, 30 ապրանքի նկատմամբ զրոյական տոկոսադրույք սահմանելով։ Բայց այդ ամենն ընդամենը բանակցությունների մակարդակում մնաց։ Այսօրվա դրությամբ էլ առանձնապես որևէ հույսեր պետք չէ փայփայել։ Երբ Ռոհանին եկավ Հայաստան, մենք՝ իրանագետներս, միաձայն ասում էինք, որ մեր կառավարությունը պետք է բանակցի իրանական կողմի հետ գոնե 10 ապրանքի համար հարկային տոկոսադրույքը նվազեցնելու ուղղությամբ։ Պետք է ընտրել ապրանքներ, որոնց կարիքն իրանական շուկան իսկապես ունի։ Օրինակ՝ ջրեղեն իրենց պետք է, իրենց որոշակի նահանգներում ջրի խնդիր կա։ Կամ կարող ենք ակտիվ համագործակցել ոսկերչության ոլորտում՝ իրենք ոսկի բերեն, մենք այն զարդի վերածենք։ Մեր ոճը իրենց համար այլընտրանք կարող է լինել։

Բացի այդ, պարտադիր չէ մենք մտնենք իրենց երկիր, որ հարկերն էլ մուծենք։ Կարող ենք իրենց բերել մեզ մոտ։ Դիցուք, ի՞նչն է խանգարում մեզ բժշկական տուրիզմի ոլորտում համագործակցել։ 1960-1970-ական թվականներին Իրանի ամբողջ ատամնաբույժների 5%-ը հայերն են եղել։ Հիմա այդ թիվը շատ փոքր է։ Հայերի աշխատանքից նրանք շատ գոհ են եղել։ Կարող ենք Մեղրիում բացել ատամնաբուժական կլինիկաներ, սպա կենտրոններ, հյուրանոցներ և այլն։ Իրանցիներն էլ հանգիստ կարող են այցելել ու օգտվել ծառայություններից, քանի որ Հայաստանում հատկապես ատամնաբուժության ոլորտում, գին-որակ հարաբերակցությունը բավականին շահավետ է։

Կամ մեկ այլ տարբերակ՝ Իրանից հումքը բերել Հայաստան, վերամշակել ու արտահանել, օրինակ` Ռուսաստան։ Եթե այդ ապրանքները կրեն «Պատրաստված է Հայաստանում» պիտակները, ապա Իրանը ստիպված չի լինի ՌԴ ապրանքներ արտահանել բարձր մաքսատուրքերով։ Օրինակ՝ կտորը բերվի Իրանից և այստեղ հագուստ կարվի, արտահանվի։ Հայաստանը կոշկի արտադրության լավ ավանդույթ ունի, Իրանում լավ վերամշակվում է կաշին, կարող ենք այս ոլորտում ևս լավ համագործակցել: Պետք է նստել ու մտածել։

- Վերջին տարիներին աճել է իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, հատկապես՝ Նովրուզի օրերին։ Մենք հավուր պատշաճի՞ ենք դիմավորում մեր հարևաններին։

-Առհասարակ, մենք ու մեր հարևանը իրար լավ չենք ճանաչում։ Պետք է նստել ու մտածել՝ ի՞նչ անենք, որ իրանցիները Հայաստանում գտնվելու ժամանակ իրենց լավ զգան, ինչպե՞ս նրանց զբաղեցնենք։ Եթե ցանկանում ենք, որ զբոսաշրջիկը երկրում փող ծախսի, ուրեմն պետք է նրա համար հատուկ ծրագրեր կազմել։ Օրինակ՝ Դուբայի հյուրանոցներում Նոր տարուն բոլոր երկրների զոնայի ժամերով շնորհավորում են, խնջույք կազմակերպում։ Բայց, երբ իրանցիները Նովրուզի ժամանակ գալիս են Հայաստան, այստեղ էական միջոցառումներ չեն արվում։ Ժամանակին բերում էին իրանցի վտարանդի երգիչների։ Սակայն, վերջին տարիներին նրանք էլ չկան։ Որոշ տեղեկությունների համաձայն` պատճառը իրանական պետական իշխանությունների բողոքն է։ Դրա փոխարեն կարելի է համերգների շարք կազմակերպել այդ օրերին` հայ էստրադային երգիչների մասնակցությամբ։ Վստահ եմ, որ շատ այցելուներ կլինեն, եթե ճիշտ իրազեկած լինեն նրանց:

Զբոսաշրջիկին պետք է ճիշտ դիմավորել։ Օրինակ՝ հյուրանոցներում, կամ հանրային վայրերում ցուցանակներով շնորհավորել նրանց Նոր տարին։ Կամ, ասենք, հյուրանոցի նախասրահում իրենց Նովրուզի ավանդական սեղանից' «հաֆթ սին»-ից, մի քանի բան դնել։ Ի՞նչն է խանգարում այդ 4-5 օրը առատ միջոցառումներ կազմակերպել, հոսքն ուղղորդել այդ վայրեր։ Նրանք զբաղմունք կունենան։ Եթե իրենք այստեղ իրենց լավ զգան, ապա հաջորդ տարիներին հոսքը կտրուկ կավելանա։ Մեր խնդիրները շատ են՝ ճանապարհների ոչ բարվոք վիճակը, սահմանին մարդկանց ոչ հավուր պատշաճի դիմավորելը, տաքսու վարորդների վարքագիծը և այլն։ Որոշակի հաշվարկով՝ Հայաստան եկած ամեն իրանցի Նովրուզի օրերին միջինում մոտ 1000 դոլար է ծախսում։ Առաջին տարիներին այստեղ ոչ մի նորմալ խանութում ապրանք չէր մնում. մեծ ծավալի առևտուր էին անում։ Իսկ այս տարի նկատել եմ, որ առևտուր քիչ են անում։ Նրանք այստեղ մնում են 1-2 օր և մեկնում Վրաստան։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ գումարներն այստեղ ծախսվեն։ Իրանցիներն, իհարկե, հայկական եկեղեցիներ էլ են գնում՝ տեսնելու մեր ճարտարապետությունը, ծանոթանալու, բայց դա բավական չէ։ Նրանց ճիշտ ուղղորդել է պետք։

- Տնտեսական հարթությունում՝ բանակցությունների սեղանին, կա՞ն էական տարբերություններ հայկական և իրանական կողմերի վարքագծում։

- Չնայած այն հանգամանքին, որ հայ և իրանցի ժողովուրդները բավական նման են իրենց մենթալիտետով, սովորույթներով և ավանդույթներով, սակայն կա մեկ էական տարբերություն: Հայերի համար բանակցություններ սկսելու պահին կարևորը թերևս վերջնական արդյունքն է, որը պետք է ամրագրվի փաստաթղթով և կյանքի կոչվի, իսկ իրանցիների համար, կարծում եմ, առավելապես կարևոր է բանակցային ողջ գործընթացը, որը կարող է անդադար ձգվել: Դա, իհարկե, չի նշանակում, որ եթե իրենց համար շահեկան իրավիճակ ստեղծվի, կամ ռազմավարական կարևորության խնդիր լինի, նրանք չեն կարող բավական արդյունավետ և արագ աշխատել, իսկ մնացյալ դեպքերում նախընտրում են սպասել և երկարուձիգ բանակցել, մինչ կգա իրենց համար շահեկան վիճակը:

- Որպես ամփոփում՝ ի՞նչ սպասել առաջիկայում հայ-իրանական տնտեսական համագործակցության շրջանակներում։

- Իմ տեղեկություններով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որ հայկական մի քանի ապրանքների համար Իրանում մաքսատուրքերը մեղմացվեն, բայց ռեալ արդյունքներ դեռևս չկան, չգիտեմ՝ երբ կլինեն։ Ավելի ռեալ է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որը պլանավորված է առաջիկայում ավարտել։ Ներդրումների մասով դեռևս այլ նորություններ չկան, եթե լինի, կարծում եմ՝ առաջինը պետք է ֆինանսավորվի Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը։ Զբոսաշրջության ոլորտում ամեն ինչ կախված է մեր ռազմավարությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter