HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԻՆ-ը ցանկանում է մասնավորի միջոցով վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

«Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ պարզելու, թե ինչու է ԱԻՆ-ը համաձայնել մասնավորեցման հանել Ստեփանավանի օդանավակայանը, որում 2013-ից վերանորոգման աշխատանքներ էին սկսվել: Հիշեցնենք, որ նախկին նախարար Արմեն Երիցյանի օրոք նպատակ էր դրվել վերակառուցումից հետո օդանավակայանը ծառայեցնել ԱԻՆ-ի աշխատանքներին ու թեթեւ ավիացիայի զարգացմանը, ինչպես նաեւ հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիային:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ 2014-ի մարտին կառավարությունը որոշել էր ԱԻՆ-ից վերցնել 3 միավոր անշարժ գույք ու հետագայում որպես վճար հատկացնել շինաշխատանքներ կատարող «Նյուտեք Շին» ՍՊԸ-ին, որը նախարարության կարիքների համար շինարարություն էր անելու Երեւանի երկու հասցեներում ու Ստեփանավանի օդանավակայանում: 3 միավոր գույքը, որը պիտի սեփականության իրավունքով փոխանցվեր ընկերությանը, մինչեւ շինաշխատանքների ավարտը մնալու էր գրավի տակ ու շարունակելու էր օգտագործվել ԱԻՆ-ի կողմից: Կառավարությունը շինաշխատանքների ավարտման ժամկետ էր սահմանել 16 ամիսը՝ սկսած շինթույլտվություն ստանալու օրվանից: Կոնկրետ օդանավակայանի շինարարությունը գնահատվել էր ավելի քան 213 մլն դրամ:

2013-2015 թթ. նախարար Արմեն Երիցյանն ու նրա տեղակալ Հայկարամ Մխիթարյանը պարբերաբար հայտարարում էին, որ օդանավակայանը շուտով պատրաստ է լինելու: Օրինակ՝ 2014-ի մայիսի 26-ին ԱԺ-ում Հ. Մխիթարյանը հայտարարել էր. «Ցանկապատման աշխատանքներն ավարտել ենք, առաջին անգամ երբ եղել եմ այնտեղ, ընտանի կենդանիներ, անասուններ էին ման գալիս, խոտածածկ էր ասֆալտը, էդ «պալասա» հասկացությունը (նկատի ունի թռիչքուղին- հեղ.), որտեղ ինքնաթիռը պիտի իջնի, «պալասաներն» արդեն վերանորոգվում են (Ստեփանավանի օդանավակայանն իրականում միայն մեկ թռիչքուղի ունի- հեղ.): Ֆինանսներն արդեն հատկացված են, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ կավարտենք Ստեփանավանի օդանավակայանի կառուցումը»:

«Հետքի» նամակին ի պատասխան՝ ներկա իրական պատկերն է ներկայացրել ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը. «Ընկերությունը (նկատի ունի «Նյուտեք Շին» ՍՊԸ-ն- հեղ.) իր նախաձեռնությամբ քանդել է օդանավակայանի վարչական շենքը՝ ավելի թեթեւ կոնստրուկցիաներով եւ ավելի ցածր արժեքով վերակառուցելու նպատակով: Սակայն մինչ օրս նշված շինության մասով աշխատանքներ չեն իրականացվել, իսկ օդանավակայանի պարիսպի եւ այլ վերանորոգման աշխատանքները կատարվել են թերություններով եւ դեռեւս ավարտված չեն, հետեւաբար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից աշխատանքների կատարման որեւէ ավարտական ակտ չի ստորագրվել եւ նախարարություն չի ներակայացվել: Հարկ ենք համարում նշել, որ ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի տարածքում 2016 թ. երկրորդ կիսամյակից սկսած որեւէ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»:

Մեր ֆոտոխցիկն անցած ամիս ֆիքսել էր օդանավակայանի այսօրվա տխուր վիճակը: 2015-ի սեպտեմբերին կառուցապատող ընկերությունը սնանկ էր ճանաչվել դատարանի կողմից, այս ընթացքում օդանավակայանի աշխատանքներն էլ, ինչպես ԱԻՆ-ի պատասխանում է նշվում, անավարտ կամ թերի են եղել, սակայն 2017-ի փետրվարին ՍՊԸ-ն դիմել էր դատարանին՝ խնդրելով իրեն վճարվելիք 3 միավոր անշարժ գույքից 2-ի վրայից (ընդհանուր մոտ 65 մլն դրամ արժեքով) հանել գրավի իրավունքը, այլ կերպ ասած՝ վճարել մասնակի (բացի օդանավակայանից՝ շինաշխատանքներ էին նախատեսված նաեւ Երեւանի Միկոյան փողոցում ու Շիրակի 3-րդ նրբանցքում, բոլորի ընդհանուր արժեքը՝ ավելի քան 331 մլն դրամ):

Իր հերթին ԱԻՆ-ը շեշտում է, որ ընկերությունը բազմիցս խախտել է կառավարության 2014-ի որոշման հիմքով կնքված պայմանագրի պահանջները, սակայն նախարարության կողմից ՍՊԸ-ին տրվել են բազմաթիվ հնարավորություններ՝ չկատարած եւ թերի աշխատանքներն ավարտին հասցնելու եւ պայմանագրով հասանելիք վճար հանդիսացող գույքը գրավից հանելու համար:

Ընկերության վերոնշյալ հայցն այժմ քննվում է դատարանում, պատասխանողները պետգույքի կառավարման վարչությունն ու ԱԻՆ-ն են: Միաժամանակ, ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, այս հայցից հետո պետգույքի կառավարման վարչությունը ՍՊԸ-ի սնանկության գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Բանն այն է, որ «Նյուտեք Շինի»՝ 2015-ի սեպտեմբերին սնանկանալուց հետո վարչությունը դիմել էր դատարան՝ խնդրելով ընկերության հանդեպ գրանցել նաեւ իր ապահովված պահանջը՝ հիմք ընդունելով 3 միավոր անշարժ գույքի վրա առկա գրավը: Սակայն երբ այս տարի ընկերության հայցը երկու պետական կառույցների դեմ վարույթ էր ընդունվել, այդ հիմքով ՍՊԸ-ի ներկայացուցիչը սնանկության գործով դատավորին խնդրել էր կասեցնել պետգույքի կառավարման վարչության պահանջի քննությունը, ինչը բավարարվել էր: Վերաքննիչ դատարանն էլ գտել է, որ ստորադաս ատյանը դա արել է առանց հիմնավորման, ու բեկանել վերջինիս որոշումը:

Փաստորեն, այսքանից հետո սնանկության գործով դատավոր Ա. Սուքոյանը պիտի քննության առնի պետգույքի կառավարման վարչության դիմումը ՍՊԸ-ի հանդեպ ապահովված պահանջ գրանցելու մասին, իսկ դատավոր Ա. Մելքումյանը քննելու է «Նյուտեք Շինի» հայցն ընդդեմ վարչության ու ԱԻՆ-ի:

2013 թ.

Վերադառնալով օդանավակայանին ու գլխավոր հարցին, թե ինչու որոշվեց մասնավորեցնել այն՝ ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը պատասխանել է, որ, ելնելով վերոգրյալից (թերի ու անավարտ աշխատանքներ, պայմանագրի պահանջները կատարելու համար շինարարին ընձեռված, սակայն չիրացված հնարավորություններ), նախարարությունը որոշել է «ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ի (անվանափոխություն է կատարվել) գույքը մասնավորեցնել՝ ներդրումների միջոցով օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու եւ հետագայում շահագործելու նպատակով:

Ստացվում է, որ ԱԻՆ-ը նպատակ ունի օդանավակայանի վերակառուցումն ավարտին հասցնել այն գնել ցանկացող մասնավորի հաշվին, ինչից հետո նախարարությունը կօգտվի դրա ծառայություններից:         

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, ԱԻՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter