HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիան» ու «Չորրորդ ինքնիշխանությունը» հաշտվեցին. ավիաընկերությունն էժա՞ն պրծավ

«Արմավիա» ընկերությունն ու «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը այսօր պայմանավորվեցին հաշտություն կնքել: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի դեմ «Արմավիա» ընկերության հայցի դատաքննությունն էր: Մինչ հաշտությունը «Արմավիա» ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը պնդեց հայցը, իսկ պատասխանող «Չորրորդ ինքնիշխանության» օրաթրեթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը և փաստաբան Յուրա Եղիազարյանը չընդունեցին որ արատավորել են ընկերության գործարար համբավը, քանի որ բարեխիղճ վերարտադրել են այլ լրատվամիջոցում հրապարակված լուրը: 

Արտավազդ Պետրոսյանն իր պնդումը հիմնավորեց նրանով, որ հոդվածում երկու փոփոխություն է եղել` վերնագրում ավելացել է «Արմավիա» բառը և տպագրվել է ընկերությանը պատկանող ինքնաթիռի լուսանկարը, ինչը հոդվածին տվել է այնպիսի ենթադրողական տեսք, որ հոդվածն ամբողջությամբ ընկալվում է «Արմավիա» ընկերության շրջանակներում: Մինչդեռ Հայաստանում 15 ավիաընկերություն է գրանցված: Այստեղ միջամտեց դատավոր Ռ. Ափինյանը` նշելով, որ փաստաբանը չի ներկայացրել այդ ավիաընկերությունների սերտիֆիկացիան, թե ինչով են զբաղվում այդ ավիաընկերությունները, ինչի իրավունք ունեն կամ չունեն. «Չկա սերտիֆիկացիա, թե այդ ավիաընկերություններն ինչով են զբաղվում, այ երբ որ սերտիֆիկացիա կլիներ, կներկայացնեիք ժամանակին, այդ ժամանակ մենք հատ-հատ կխոսեինք դրանց մասին»: 

«Ինչո՞ւ է Նելլի Չերչինյանն epress.am-ի թղթակցին ասել, որ այդ հարցով դիմեք միայն «Արմավիային»»,- փաստաբանին հարց ուղղեց «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանը:

«Պատասխանողը կողմը տեղեկատվությունը միայն վերարտադրել է, չի ճշտել»,- պատասխանեց փաստաբան Ա. Պետրոսյանը: 

Դատավոր Ափինյանն այնուհետև փաստաբանին ճշգրտող հարցեր ուղղեց, որը հատվածաբար ներկայացնում ենք ստորև. 

-Հիմա էլեկտրոնային կայքի գրած էդ պատասխանից, որ լրագրողը դիմել է Նելլի Չերչինյանին (Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղար-հեղ.), նա էլ ասել է, որ միայն «Արմավիան» կարող է պատասխանել, սկզբնական հոդվածի հեղինակը կարո՞ղ էր հետևություն անել, որ զենքի փոխադրումը ոչ թե այն 15 ընկերություններն են իրականացնում, այլ մեկը` «Արմավիան», քանի որ այդ հարցին կարող էր պատասխանել «Արմավիա» ավիաընկերությունը: Նրանք կարո՞ղ էին նման հետևության գային: 

-Ըստ էության, հեղինակը կոնկրետ այս հոդվածով նման հետևության չի եկել: 

-Հոդվածը կարդացողը, կամ ցանկացած կարդացողը ի՞նչ հետևության կգար, կարո՞ղ էր ենթադրել, որ «Արմավիա»-ն է, տրամաբանական է, չէ՞: Այսինքն` առաջին լրագրողը փաստական հիմքեր ունեցել է այդպիսի հետևություն անելու: Նա չի նշել դա, բայց ենթատեքստից բխո՞ւմ է, որ «Արմավիան» է տեղափոխել:

-Կարող էր, սակայն փաստական հիմքեր չի ունեցել, որովհետև տեղեկատվությունը ճշտված չի եղել:
-Առաջին լրագրողը հանգե՞լ է այն եզրակացության, որ տեղափոխողը եղել է միակ ընկերությունը:
-Այո:
-Հանգե՞լ է այն հետևության, որ այդ ընկերությունը մեկն է:
-Այո:
-Հետևաբար, կապ ունի՞, որ Հայաստանում 15 ընկերություն կա:
-Սկզբունքորեն` այո:
-Կապ չունի:

Այս ամենից հետո կողմերը նորից անդրադարձան վերնագրում, հայցվորի բնորոշմամբ, չերևացող հարցական նշանին: Օրաթերթի ներկայացուցիչները պնդեցին, որ դա թերթի ծրագրային և տառատեսակի խնդիրն է, և վերնագրերում այնպիսի տառատեսակ չի օգտագործվում, ինչպիսին տեքստերում: Պատասխանողները ցույց տվեցին նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի վերնագրերում օգտագործված հարցական նշանը, որը նույնն էր, ինչ «ՉԻ» վիճահարույց նյութի վերնագրում: 

Փաստաբան Յուրա Եղիազարյանը հայցվորի ներկայացուցչին հարցրեց, թե ինչպե՞ս է հիմնավորում հայցապահանջի գումարային մասը և ի՞նչ ապացույցներ  կարող է ներկայացնել, որ ավիաընկերությունն իրապես նյութական վնաս է կրել: Դրա հիմնավորումը բխում է 1087.1 հոդվածի մասին Սահմանադրական դատարանի որոշումից: Հիշեցնենք, որ ավիաընկերությունը 2 մլն դրամ էր պահանջում օրաթերթից:

Փաստաբանի բացատրությունից պարզվեց, որ ընկերությունը նյութական վնաս չի կրել, այլ բարոյական վնաս է կրել, և հայցվոր կողմն ի վիճակի չէ ապացուցել, որ ինքը դրա հետևանքով վնաս է կրել: «Եթե ապացուցեց, որ կրել է վնաս, դա կլինի կամ ռեալ վնաս, կամ բաց թողնված օգուտ, ինչը բարոյական վնասի հետ կապ չունի»,- ասաց Ա. Պետրոսյանը: 

Այնուամենայնիվ, դատավոր Ափինյանը առաջարկեց հաշտվել: Ա. Պետրոսյանը նշեց, որ իրենք երկու անգամ հաշտության առաջարկ են արել, որին բացասական պատասխան են ստացել: Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք նույնիսկ հրաժարվում են գումարային պահանջից, այլ միայն ուզում են, որ օրաթերթը հրապարակի հերքումը: Իսկ Շողեր Մաթևոսյանը պնդեց, որ իրենք արդեն երկու անգամ հրապարակել են հերքում, եթե երրորդ անգամ էլ հրապարակեն, պետք է խմբագրության կողմից հետգրությունը ավելացնեն, որպեսզի ընթեցողներին բացատրեն, թե ինչու են նրանք մեկ անգամ ևս հերքում տպագրում:  Կրկին միջամտեց նիստը նախագահող դատավորը ` հաշտության առաջարկով և բանակցելու համար կողմերին ժամանակ տրամադրեց: 15 րոպե ընդմիջման ընթացքում կողմերը պայմանավորվեցին հաշտություն կնքել` առանց հետգրությամբ հերքում տպագրելու համաձայնությամբ: Դատարանը մինչև վաղը ժամանակ տրամադրեց, որպեսզի ընկերության տնօրենը ստորագրի հաշտության համաձայնության տեքստը, որից հետո ներկայացնեն դատարան:  

Շողեր Մաթևոսյանը «Հետքի» հետ զրույցում, գնահատելով հաշտության համաձայնությունը, նշեց, որ ««Արմավիան» էժան պրծավ»: 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Պատասխանողը կողմը տեղեկատվությունը միայն վերարտադրել է, չի ճշտել»,- պատասխանեց փաստաբան Ա. Պետրոսյանը... Հարգելի փաստապան Պետրոսյան – Տեղեկություն, ոչ թե տեղեկատվություն: Օգտվելով առիթից ճշտենք հասկացությունները – “տեղեկություն”-ը լուրն է, հաղորդագրությունը, ծանուցումը եւ այլն, “տեղեկատվություն”-ը տեղեկությունների հաղորդման եւ ստացման գործընթացներն են: Իսկ ինչ վերաբերոմ է “Չկա սերտիֆիկացիա”, հայերենով ասում ենք “հավաստագիր”: Վերջապես հասանք այս շուտասելուկին - “Փաստաբանի պարզաբանումներից պարզվեց, որ ընկերությունը...” Հույսով եմ որ վերջում մի բան պարզվեց պարզաբանումներից...այլապես խորհուրդ կտայի փաստաբանին փոխարինել շուտափույթ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter