
Դաշնակցական նախկին պատգամավորի եղբայրը հետաքրքրված է հանքարանային ջրից մետաղների կորզման հեռանկարով
Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական հանքի տրանսպորտային հանքուղուց արտահոսող հանքարանային ջրից մետաղների կորզման հեռանկարները պարզելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացվելու:
Այդ նպատակով «Գևլեռ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն նախագիծ է ներկայացրել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ են լինելու հունիսի 20-ին, Կապանի համայնքապետարանում:
«Գևլեռ» ՍՊԸ-ն գրանցվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ ապրիլի 27-ին: Հիմնադրել է Կապանում գրանցված Լևոն Լեռնիկի Գևորգյանը: Նա ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի եղբայրն է: Գևորգյան եղբայրները Կապանի նույն հասցեում էլ գրանցված են: Գագիկ Գևորգյանը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2007թ. մայիսի 12-ին` համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է: Այս տարվա ընտրություններին ևս ՀՅԴ ցուցակում էր՝ 23-րդ հորիզոնականում:
Համաձայն նախագծի՝ նոր տրանսպորտային հանքուղու հանքարանային ջրերը դուրս են գալիս երկրի մակերևույթ` անմիջապես Կապանի պղնձի հարստացուցիչ կոմբինատի տարածքում: Մետաղների կորզումից և, հետևաբար, մաքրումից հետո հանքարանային ջրերը կարող են օգտագործվել տեխնոլոգիական նպատակներով՝ Կապանի հանքավայրի հանքաքարերի վերամշակման համար:
Ըստ «Գևլեռ» ՍՊԸ-ի՝ ծրագրվող աշխատանքների իրականացումը կնպաստի Կապանի հանքային շրջանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը, քանի որ թե´ գործող, թե´ կոնսերվածված հանքերը ջրավազանների աղտոտվածության աղբյուր են:
«Երկրի մակերևույթին հայտնվելիս այդ մետաղներով հարստացված ջրերը թափվում են բաց ջրավազաններ, աղտոտում վերջիններս՝ դրանով իսկ բացասաբար են ազդում տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի վրա»,- նշված է ԲՆ ներկայացված նախագծում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել