Նախագահ Սարգսյանն ընդունել է Թինա Քեյդենաուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուին:
Նախագահը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:
Թ. Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել նախագահ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել