HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ծառայության մամուլի գրասենյակը։

ՍԱՊԾ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ և բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, կազմվել է միջոցառումների ժամանակացույց: 

ՍԱՊԾ ղեկավարը կարևորել է ավստրիական փորձն այս խոշոր ծրագիրը հաջողությամբ իրագործելու հարցում՝ այդ թվում և՝ դրա համար անհրաժեշտ էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերի ստեղծման ու վարման, ինչպես նաև պատասխանատու օղակների մասնագիտական կարողությունների զարգացման առումով: Ռուդոլֆ Մոզերը ներկայացրել է, թե ինչպես է գործընթացն իրականացվում  Եվրամիության երկրներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նաև մեր երկրի համար ընդունելի մոտեցումների տեղայնացմանը: ՍԱՊԾ պետը մատնանշել է մեր երկրին բնորոշ այն բոլոր առանձնահատկություններն ու խնդիրները, որոնք պետք է հաշվի առնել ծրագիրն սկսելուց առաջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, իրազեկմանը, տեխնիկական վերազինմանն ու մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Հունիսի 8-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտային մասնագետների հետ ավստրիացի փորձագետը կանցկացնի աշխատանքային քննարկում:

Զրուցակիցները, փաստելով, որ կենդանիների համարակալման գործընթացը մտնում է գործնական փուլ, այն շատ կարևոր նախապայման են համարել ոչ միայն  անասնահամաճարակային կայուն և վերահսկելի իրավիճակ ունենալու, այլ նաև՝ սպառողներին կենդանական ծագման անվտանգ սննդամթերքով ապահովելու, ինչպես նաև արտահանումը խթանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter