
Գյումրի-Կարս եռօրյա տնտեսական ֆորում Գյումրիում
Գյումրիում ընթացող եռօրյա Կարս-Գյումրի տնտեսական ֆորումն անցկացվում է երկրորդ անգամ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող այս միջոցառումը նպատակ ունի համախմբելու 30 հայկական եւ թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից:
«Տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի մեջ արդեն կա: Էդ տնտեսական համագործակցությունը առեւտրային կապերի տեսքով հասնում է 300-400մլն-ի, բայց խնդիրը դրանում չէ, խնդիրն էն է, որ էսօր ներգրավված չեն Կարսն ու Գյումրին: Ներգրավված են Երեւանը, Ստամբուլը, մենք հիմի փորձում ենք լրացնել այդ բացն եւս, այսինքն աշխարհագրական բացն ենք մենք փորձում լրացնել»,- նշեց Գյումրու Տնտեսական զարգացման հիմնադրամի ղեկավար Արտուշ Մկրտչյանը:
Հայ եւ թուրք արտադրողներից ոմանք արդեն համագործակցում են, որի արդյունքում շուկա է հանվել համատեղ ջանքերով ստեղծված պանրի եւ գինու տեսակներ: Ֆորումի մյուս մասնակիցների համար սա լավ հնարավորություն է հարեւան երկրի շուկան ուսումնասիրելու, գործընկերներ ձեռք բերելու առումով: Հնարավոր է, որ շատ արագ արդյունք չարձանագրվի պայմանագրերի ստորագրման տեսքով, սակայն նմանատիպ հանդիպումները մեծ նշանակություն ունեն ճանաչողական առումով, համոզված են հայ գինեգործները:
«Այս բոլոր հանդիպումներն ու ֆորումները միտված են միմյանց հարեւանությամբ ապրող, սակայն միմյանց այնքան էլ լավ չճանաչող գործարարների համատեղ բիզնես ծրագրերի ստեղծմանն ու զարգացմանը,-նկատեց Յուլիա Գումբան` Բիզնեսի եւ զարգացման Կովկասյան ցանցի ներկայացուցիչը,- Գյումրիում մենք անցկացրել ենք ֆորումներ երկու երկրների պանրագործների եւ մեղվաբույծների մասնակցությամբ եւ ունենք լավ արդյունքներ: Ոչինչ ակնթարթային չի լինում, ամեն անգամ մենք թեկուզ փոքր, բայց հաջողություն արձանագրում ենք: Ես կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր են մարդկային հարաբերությունները, շփումները: Ոչինչ այնպես չի մտերմացնում մարդուն, որքան համատեղ ինչ որ գործ սկսելն ու այդ ուղղությամբ աշխատելը: Ես հույս ունեմ, որ այս ֆորումը մասնակից գործարարներին հնարավորություն կտա նոր բիզնես գաղափարների շուրջ համախմբվելու»:
Մեկնաբանել