
Տարածքը գերակա շահ ճանաչվեց` հօգուտ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.»-ի
Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած որոշման նախագիծը։
Տարածքը ձեռք է բերել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Տարիներ առաջ այս ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել Ալբերտ Բաբաջանյանը՝ ընկերությունից պահանջելով 17 միլիոն դրամ տուգանք, քանի որ 2008թ-ի դեկտեմբերի 31-ին իրեն հանձնվող բնակարանը չէր ստացել մինչ 2010թ-ի հունիսը։
Ինչպես նախագծում է գրված՝ նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ դրա իրականացմամբ` Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն կկառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: «Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային, կանոնակարգված, ճանապարհային ցանց»,-գրված է նախագծում։
Քաղաքապետարանը հավաստիացնում է՝ կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի այդ` տարածքում, արդեն իսկ, մասնակիորեն կատարված են սեփականության իրացման և կառուցապատման աշխատանքներ:
Մեկնաբանել