
Կառավարությունն անհատույց տարածք տրամադրեց «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին
Կառավարությունն այօրվա նիստում, չքննարկվող կարգով, հավանության արժանացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի որոշման նախագիծը, ըստ որի` Հրազդան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին։ Այս տարածքը հիմնադրամը 2012 թվականից վարձակալել է, այսուհետ այն կօգտագործի անհատույց իրավունքով։
Տարածքը հետ կվերցվի կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոցից» և հիմնադրամին կտրամադրվի հինգ տարի ժամկետով։
Ինչպես նշված է կառավարություն ներկայացրած որոշման նախագծում՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ն ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը, կարևորում երիտասարդական ձեռներեցության զարգացումը`իրականացնելով տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդական հիմնադրամի կազմում գործում են երիտասարդական կենտրոններ` Հայաստանի տարբեր մարզերում:
Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ հիմնադրամը դիմել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ հիմնադրամի կողմից դեռևս 2012 թվականից վարձակալած այդ տարածքը իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով` կառավարությունը որոշեց բավարարել այդ խնդրանքը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հիմնվել է 2001թ.: Ի թիվս այլ ծրագրերի, այս հիմնադրամն է բաշխում նախագահի աշխատակազմի կողմից տարբեր հասարակական կազմակերպություններին պարբերաբար տրամադրվող դրամաշնորհները: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը արդեն 7 տարի է` պատգամավոր Կարեն Ավագյանն է։
Հավելենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին տրամադրվեց 60 միլիոն դրամ։
Մեկնաբանել