HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ քրեական գործերով ՀՔԾ, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25.07.2014թ.-ին` Վարդենիս քաղաքում, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Ս. Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գ. Գ.-ն 01.07.2015թ.-ին կալանավորվել է:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար:

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ս. Շհոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, դատախազը կալանավորվել է:  

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter