«Նիսյա» ապրանք, «նիսյա» առեւտուր
Տարեմուտի առևտուրը Ալավերդու «Հայպետշինի» շուկայում դեռ տարերքի մեջ չի մտել, թեև շուկայի ալավերդցի առևտրականները ձմռան ցրտին մի կերպ դիմակայում են և ամբողջ օրը` առավոտից ուշ երեկո, ոտքի վրա կանգնած` համբերությամբ սպասում գնորդներին:
«Առևտուր անող չկա: Ժողովուրդը մեղք է: Առնող էլ է լինում, մեկ-մեկ դիմացի մթերային խանութն են մտնում: Կառալյոկի կգ-ը 500 դրամ է, խնձորի կգ-ը՝ 500 -750 դրամ, բանանի կգ-ը՝ 800 դրամ է: Ամենաթանկը կանաչին է: 1 կոնա խառը կանաչին 300 դրամ է, մենք գնում ենք 270 դրամով: Մեջ արած ընկույզը համեմատաբար էժան է, 1 կգ-ը` 3000 դրամ է, 3000-3500 դրամ էլ մաքրած տխիլն է»,- իր բանջարեղենի գները ներկայացնում է առևտրական Կարինե Հարությունյանը:
Վերջինս նախորդ տարիների փորձից արդեն գիտեր. «Ժողովուրդը նոր տարուց մի քանի օր առաջ կգա պարտքով մրգեր առնելու: Իհարկե, նախորդ տարվա փորձից եմ ասում: Է~, քանի տարվա պարտքեր ունեմ կուտակված»: Կարինեն չի կարծում, թե տարեմուտին մրգերն ու բանջարեղենը կթանկանան: Այսուհանդերձ այսօր շուկայում առևտրի շարժ չկար: «Ժողովուրդը փող չունի: Փոթորիկից առաջ անդորր է լինում»,- նոր տարվա բուռն առևտրի սպասելիքով ասում է առևտրականը:
«Այս օրերին ընդհանրապես առևտուր չկա»,- ասում է առևտրական Արմիկ Թամազյանը: «Ի՞նչ է, մարդիկ ախորժակ չունե՞ն միրգ ուտելու»,- հարցնում եմ նրան: Տիկին Արմիկը գտնում է, որ ախորժակ կա, սակայն փողը չկա: «Շուկայում, չե՞ք տեսնում, մարդ չկա, եղածն էլ` մտիկ անողներ են: Գործարանի աշխատողն էլ գալիս է ապրանքը պարտքով առնում, տանում: Հետո աշխատավարձի ժամանակ փողը տալիս ա, հաջորդ օրը նորից պարտքը սկսում: Նիսյա ենք առևտուր անում, այ, տետրը բացեմ, մտիկ արեք: Էնքան մարդ կա, լիքն են, գալիս են մրգի մոտ երկար կանգնում, մտիկ անում, կշտանում ու գնում»,- ասում է Արմիկը: Վերջինս դժգոհեց, որ այսօր ընդամենը 1000 դրամի առևտուր է կատարել, ասաց նաև, որ ապառիկ գնումներն իր առևտրի մոտ 40 տոկոսն է կազմում: Շուկայում հանդիպեցինք վարսահարդար, ալավերդցի Անուշ Հարությունյանին, ով, հյութեղ մրգերին նայելով, պտտվում էր շուկայում: Անուշի դեմքը գունատ էր, մի փոքր էլ նյարդայնացած: «Այնպիսի սոցիալական վիճակ է, որ ես հաճախորդ չեմ ունենում ու չեմ աշխատում, բայց ամեն օր արհեստանոցս բացում եմ: Մտածում եմ, որ կարող է պատահի ինչ-որ մեկը գա ինձ մոտ, ու ես էդ օրը 500 դրամ աշխատեմ ու հաց առնեմ: Իսկ եթե հաճախորդ չի գալի, մնում եմ սոված»,- պատմում է 62-ամյա կինը:
Վերջինս ասաց, որ նպաստ չի ստանում, որպես սեփականություն գրանցված իր արհեստանոցի տարածքի պատճառով: Անուշը հարկայինին հարկ չի վճարում: «Ես, որ չեմ աշխատում, հարկը որտեղից վճարեմ»,- ասում է նա և պատմում, որ իր գոյությունը քարշ է տալիս Ալավերդու «Մանես» հիմնադրամի ծերերի ու հաշմանդամների ճաշարանի սննդով. «Արդեն մի 6-7 տարի է՝ էդ ճաշարանն է ինձ պահում, մինչև որ այս տարվա մայիսին թոշակավորվեմ: Միրգ որ չեմ կարողանում առնել, ինձ միրգ տալիս է Արմիկը, իր արդեն փչացած ու դեն ածելու մրգից: Ինձ ասում ա. «Անուշ ջան տար, կուտես»»:
Անուշը պատմեց, որ ընդհանրապես շուկայից ոչինչ չի առնում, բայց ամեն օր շուկայում է լինում. «Ես առաջին ճաշը «Մանեսի» ճաշարանում ուտում եմ, 2-րդն էլ բերում եմ տուն, որ էդ էլ երեկոյան ուտեմ»: Անուշ Հարությունյանի ամուսինը այս տարվա ապրիլին մահացել է ինֆարկտից: Հիմա նա մենակ է հայթայթում իր սնունդը: «Մահացավ ու ինձ ավելի շաղեցի, ինձ կորցրել եմ: Ինքը թոշակ էր ստանում, բերում էր, էլի յոլա էինք գնում»,- ասում է Անուշը:
Ալավերդու «Հայպետշինի» շուկայում հասարակ մահականացուների համար գրեթե անմատչելի է նաև ձկնեղենը: Իշխան ձկան կգ-ը վաճառվում է 2400 դրամով, իսկ հաստաճակատինը՝ 1500 դրամ: Ձկան՝ ալավերդցիների գնողականության մասին վաճառողուհին ասաց. «Դժվար են առնում, բայց դե մեկ ու մեջ առնում են»: Տավարի մսի 1 կգ-ը արժե 3000 դրա: Մսավաճառ Արմենը ասաց. «Ոչինչ, գնում են: Նորմալ չի, ոչինչ»: Առևտրական Սվետլանան նույնպես դժգոհեց ալավերդցիների գնողունակությանից. «Առևտուր չկա, էսօր հազիվ 3000 դրամի առևտուր եմ արել»: Սլավիկ Աղայանն էլ ասաց, որ շուկայում մեռած վիճակ է. «Սա բացատրում եմ ժողովրդի սնանկությամբ»:
Վերջինս գտնում էր, որ նախորդ տարվա նույն ժամանկամիջոցի առևտրի համեմատ, հիմա սարսափելի տարբերություն կա: Առևտրական Մանիկն Անտոնյանն էլ ասաց. «Մարդիկ փող չունեն, ոչ մի տեղից եկամուտ չկա, զավոդի աշխատավարձը ստացել են, բերել են պարտքերը փակել ու հլենհե մնացել: Ես պարտքով առուտուր չեմ անում: Չէ, չէ, չէ: Հմի նաղդի էս րոպեին ես լսի փող պետք է տամ, բայց հնար չունեմ»: Մանիկի այսօրվա առևտրի գումարը 400 դրամ էր, որն էլ նա իր բաց ափի մեջ ցույց տվեց մեզ:
Շուկայի «Հայպետշին» թաղամասի գծանցի մոտ տեղավորված անհրապույր տաղավարում առևտուր էր անում Ալավերդիում պոեզիայի հանրահայտ սիրահար Անյուտա Պեպանյանը, ով կարող է ժամերով ասմունքել հատկապես Պարույր Սևակի ստեղծագործությունները` իր սեփական մեկնաբանություններով. «Ոչ ժողովուրդը վիճակ ունի, ոչ էլ առևտրականը: Մենք ապրանքն ենք նիսյա վերցնում` վաճառելուց հետո փողը վճարում, ժողովուրդն էլ միրգն ու բանջարեղենն է նիսյա տանում ուտում, հետո վճարում»: Անյուտան նաև ասաց, որ վերջին ամսում մոտ 7 հազար դրամի նիսյա միրգ է տվել թաղամասի հոգեկան հիվանդներից մեկին` Ֆելոյին. «Գալիս է մրգի առաջին կանգնում ու վիզը ծռում, ի՞նչ անեմ: Էս խեղճին մի բանով օգնելու համար որոշել եմ իմ կողմից դիմում գրել քաղաքապետին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել