HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զարմինե Զեյթունցյան. «Հայաստանի ճանաչելիությունը համար մեկ խնդիրն է զբոսաշրջության ոլորտում»

2,5 միլիոն միջազգային զբոսաշրջիկ՝ 2020 թվականին. սա ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տեսլականն է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի վերաբերյալ։ Կոմիտեն վերջերս ներկայացրել է զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը։ Ոլորտի խնդիրների ու ծրագրերի մասին «Հետք»-ը զրուցել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հետ։

- Տիկին Զեյթունցյան, մոտ ութ ամիս առաջ նշանակվեցիք այս պաշտոնում, առաջնահերթ ի՞նչ խնդիրներ ու բացթողումներ նկատեցիք Հայաստանի զբոսաշրջության  ոլորտում։

- Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ճանաչելիությունը համար մեկ խնդիրն իմ կարծիքով։  Ես ոլորտի խնդիրները բաժանել եմ հենասյուների, որոնցից մեկն էլ մարքեթինգն ու ՓիԱր-ն են։ Հայաստանի  ճանաչելիությունը միայն զբոսաշրջության ոլորտի խնդիրը չի։ Ցավոք, հաճախ հսկայական գումար են պահանջվում երկրի իմիջի բարձրացման համար։ Մենք այսօր ավելի շատ բիզնես մոտեցում ենք ցուցաբերում. կոնկրետ թիրախային շուկաներում վարում ենք մարքեթինգային քաղաքականություն։

- Որո՞նք են ընտրված որպես թիրախային շուկաներ։

- Քանի որ այսօր աշխարհի մակարդակով չենք կարող գործել, մեզ համար թիրախային երկրներ ենք ընտրել, որտեղ էլ փորձում ենք ներկայացնել Հայաստանն իր ողջ ներկապնակով։ Թիրախային երկրներ են ընտրված Իրանը, Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները, Եվրոպայի այն երկրները, որտեղից մենք ունենք ուղիղ չվերթներ, Գերմանիան, որը համարվում է ամենամեծ թվով արտագնա զբոսաշրջիկ ունեցող շուկան, ինչպես նաև՝ մեր Սփյուռքն ու մեր ներքին շուկան։ Շատ հետաքրքրված ենք Ճապոնիայով, Չինաստանով և Հնդկաստանով։ Նույն շուկաներում անցկացնում ենք մարքեթինգային հետազոտություններ՝ հասկանալու, թե որ երկրում ինչպես է պետք ներկայանալ։ Չես կարող բոլորին նույն ապրանքը վաճառել։ Իհարկե, մենք հպարտանում ենք, որ հզոր մշակույթ ու անցյալ ունենք, առաջին քրիտոնյա երկիրն ենք և այլն, բայց եթե կա շուկա, որին Հայաստանը հետաքրքրում է որպես հանգստի վայր, ուրեմն նրան պետք է ներկայացնել Հայաստանն այդ ուղղությամբ, այդ առավելությամբ։  

Մեր երկիրը փորձում ենք աշխարհին ներկայացնել նաև արտասահմանյան ԶԼՄ-ի, ֆիլմերի, բլոգների ու սոցիալական ցանցերի միջոցով։  Վերջերս արտերկրից լրագրողներ ու տուրօպերատորներ այցելեցին Հայաստան՝ Իսրայելից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ամերիկայից, Ծոցի երկրներից ու Կորեայից։

Շուտով կգործարկվի մեր կայքը, որը հագեցած կլինի Հայաստանի մասին տեղեկություններով։ Օրինակ՝ զբոսաշրջիկը կարող է դրա միջոցով իր երթուղին գծել, թե ուր գնալ և ինչ անել Հայաստանում եղած ժամանակ։ Երկրի ճանաչելիությունը բարձրացնելը մեծ գումարներ է պահանջում։ Իսկ մենք փորձում ենք դա անել՝ օգտագործելով ստեղծագործ մոտեցումն ու 21-րդ դարի տեխնոլոգիական հնարավորությունները։  Մեզ օգնում են մասնավոր հատվածը, մեր Սփյուռքը, դեսպանատները, տուրօպերատորները և այլք։

- Ծրագրված է 2020թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Իսկ նախորդ տարի դրա շուրջ կեսի չափով ենք զբոսաշրջիկ ընդունել։ Եթե ծրագրերն իրականան, Ձեր կարծիքով՝  Հայաստանը կունենա, արդյոք, ենթակառուցվածքների բավարար մակարդակ այդքան զբոսաշրջիկի պատշաճ ընդունելու համար։ Օրինակ՝ մեր ճանապարհների վիճակը, հյուրանոցների քանակը և այլն։

- Այն  հենասյուներից մեկն էլ, որոնց մասին խոսեցի, ենթակառուցվածքներն են։ Այստեղ ևս անելիքները շատ են։ Ճանապարհների մասով՝ չեմ կարող ասել, իսկ հյուրանոցները հաստատ այդ ժամանակ կարող են ընդունել այդքան զբոսաշրջիկ։ Մեր հյուրանոցներն այսօր իրենց զբաղվածության պոտենցիալի մոտ 50-60%-ն են օգտագործում։ Մարզերի հյուրանոցներն՝ հաճախ ավելի քիչ մասը։ Օդանավակայանը ևս կարող է սպասարկել այդքան ուղևորի։ Կարևոր են նաև զբոսաշրջիկին նույն վայրում երկար պահելու համար ստեղծվող ենթակառուցվածքները։ Եթե այսօր գնում ենք, օրինակ, Զորաց քարեր, 20 րոպե անց այնտեղ անելիք չկա։ Պետք է ենթակառուցվածքներ լինեն, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկին երկար մնալ այնտեղ, օրինակ՝  3D ֆորմատով ցուցադրություններ, հանգստի վայրեր, նույնիսկ՝ փոքրիկ գնացք շրջելու համար, սրճարաններ, հատուկ ծրագրեր և այլն։ Ըստ կառավարության ծրագրի՝ 20  ոչ զբոսաշրջային վայր պետք է դարձնել զբոսաշրջային։  Շատ մեծ պոտենցիալ ունենք արկածային զբոսաշրջության ոլորտում։

- Իսկ եթե զբոսաշրջությանը տրամադրվող բյուջեն այսօր մեծ չէ, ի՞նչ աղբյուրների հիման վրա կարող եք ծրագրերն իրագործել։

- Այս ամենն իրագործելու  համար հիմնվելու ենք մի քանի աղբյուրների վրա՝ միջազգային կազմակերպությունների, նվիրատվությունների և ներդրումների, որի համար մշակվում են բիզնես ծրագրեր։

- Որո՞նք են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մյուս ուղղությունները, որոնք համարում եք խնդրահարույց։

- Օրենսդրական դաշտում ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա։ Դաշտի կագավորման շատ խնդիրներ ունենք, օրինակ՝ վարչական ռեգիստրի վարում։ Ոլորտի խաղացողների լուրջ որակավորման չափանիշներ պետք է սահմանվեն՝ հյուրանոցների, զբոսաշրջային կենտրոնների, տուրօպերատորների և այլն։ Այս ամենն այսօր  քննարկումների փուլում է.  հավաքում ենք մասնավոր հատվածից եզրակացություններ, դիտողություններ, որ օրենքն ավելի համապարփակ դարձնենք։

Մյուսը շահառուների համակարգման կարիքն է։ Արդեն ստեղծել ենք Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների համակարգման խորհուրդ։ Նպատակն է զբոսաշրջության ոլորտում միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի համակարգումը։

Շատ կարևոր է տուրպրոդուկտի դիվերսիֆիկացման հարցը։  Մենք միշտ Հայաստանը հումքի տեսքով ենք ներկայացնում աշխարհին։ Ցանկ ենք տալիս՝ Գառնի, Գեղարդ, Սևան և այլն։ Բայց դա բավական չէ։ Ըստ մարդու հետաքրքրությունների և նախասիրությունների պետք է ստեղծել մի տուրպրոդուկտ, մի երթուղի, որը կներառի ոչ միայն գեղատեսիլ վայրերը, պատմական հուշարձաններն, այլև՝ համայնքների հետ ծանոթությունները, շփումները, բնությունը, էկոհամակարգը և այլն։ Մեր մասնավոր հատվածը, իհարկե, դա անում է իր հաճախորդների համար, բայց Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը անհատ զբոսաշրջիկներ են, նրանց պետք է բազմակողմանի պրոդուկտ առաջարկել։ Այսօր ունենք առողջապահական տուրիզմի մեծ պոտենցիալ, բայց ճիշտ չենք փաթեթավորում և ներկայացնում։ Սա էլ եմ որպես խնդիր տեսել։ Դա գլխավորապես մասնագետների և ներդրումների պակասի հետևանքով է։  Միայն ասելով` չի լինում, մեզ ներդրումներ են պետք։ Մեծ ցանկություն ունենք մարզերի կարողությունները մինչև 100 տոկոսով օգտագործելու։

Մարդկային ռեսուրսների զարգացումը ևս լուրջ խնդիր է՝ սկսած տաքսու վարորդների վարքագծից մինչև հյուրանոցների աշխատակիցների և այլոց։ Այն ևս միայն մեր տիրույթում չէ։ Մյուսն հենասյունն էլ միջազգային համագործակցությունն է, որի ուղղությամբ այս պահին շատ ակտիվ աշխատում ենք։

- Ցանկացած  հետազոտության  և ուսումնասիրության համար վիճակագրական տվյալները պարտադիր են։ Զբոսաշրջության ոլորտի մեր վիճակագրությունը բավականին աղքատ է, ինչը հնարավորություն չի տալիս հստակ եզրահանգումների գալ։ Օրինակ՝ կա՞ն տվյալներ,  թե Հայաստան այցելող զբոսաշրջիկների որ մասն են Սփյուռքի մեր հայրենակիցները։  

- Չունենք այդպիսի տվյալներ։ Մեր վիճակագրությունն այսօր ամենապարզունակ մակարդակում է։  Աշխատում ենք այն ընդլայնելու ուղղությամբ։ Իրանակում, այն ամենն, ինչի մասին մենք խոսում ենք, թանկ ծրագրեր են։

- Իսկ ուսումնասիրե՞լ եք, թե զբոսաշրջիկը Հայաստանի սահմանին ինչ խնդիրների է բախվում։

- Այդ հարցը ևս մեր ծրագրերում է։ Պլանավորել եմ անձամբ գնալ և ծանոթանալ իրավիճակին։

- Հայաստանն ամենից հաճախ համեմատվում է Վրաստանի հետ, որտեղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է։ Օրինակ՝ նախորդ տարի այդ ցուցանիշը մոտեցել է 3 միլիոնին։ Վերջին տարիներին այդ թիվն էապես աճել է, այսինքն՝ էականը ծովի գործոնը չէ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Վրաստանի գլխավոր առավելությունը։

- Իրենք շատ լուրջ ՓիԱր և մարքեթինգ են վարում։ Մենք անընդհատ համեմատվում ենք և անընդհատ թերագնահատում  մեզ։ Մինչդեռ, իրենք հսկայական գումար են ծախսում երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter