Ու՞մ օդանավն է վայրէջք կատարել Կապանում
Երեկ հայկական մամուլում աշխուժություն առաջացրեց Կապանի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը: Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ «Piper M500» ինքնաթիռը (ռուսական գրանցման համարը՝ RA-01817) փորձնական վայրէջք է կատարել օդանավակայանում, որի վերագործարկման ծրագիրն ընթացքի մեջ է: «Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով: Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո»,- հայտնել էին մարզպետարանից:
Իր հերթին ՀՀ քաղավիացիայի վարչությունը ներկայացրեց այսպիսի պարզաբանում. «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի` ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, եւ վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթեւեկության կառավարման մարմիններին: Օդանավում է գտնվել նաեւ ՀՀ բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը: Տեղեկացնենք նաեւ, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ»:
Սյունիքի մարզպետը հայտնել է, որ իրենց գործընկերների ինքնաթիռը Սոչիից է ժամանել Երեւան, որտեղից էլ՝ Կապան: «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ «Սիմավիա» ավիաընկերության օդանավը Սոչիից Երեւան է ժամանել ամսի 7-ին, իսկ ամսի 8-ի առավոտյան մեկնել Կապան: Թռիչքը` երկու հայկական քաղաքների միջեւ տեւել է 40 րոպե:
Սոչի-Երեւան եւ Կապան-Երեւան թռիչքները
Հունիսի 8-ին Կապանից Երեւան վերադառնալուց հետո ինքնաթիռը մեկնել է Կրասնոդար:
Երեւան-Կապան եւ Երեւան-Կրասնոդար թռիչքները
Միանգամից ասենք, որ «Սիմավիան» գրանցված է Կրասնոդար քաղաքում, սակայն հայկական ընկերություն է: Դրա տնօրենը Սիմոն Մնոյանն է (ընկերությունը, թերեւս, հենց նրա անունով է), աշխատակիցների մեջ այլ հայեր եւս կան: Ի դեպ, հենց Մնոյանն էր Կապան ժամանած ինքնաթիռի հրամանատարը (երկրորդ օդաչուի դերում Գ. Նիկողոսյանն էր): «Սիմավիան» գործում է 2010 թվականից, օդանավ արտադրող «Piper Aircraft» ընկերության (տեղակայված է ԱՄՆ-ում, պատկանում է Բրունեյի կառավարությանը) պաշտոնական մատակարարն է Ռուսաստանում: Ընկերությունն առաջարկում է ոչ միայն ինքնաթիռների վաճառք, այլեւ վարձակալություն՝ չարտերային (ոչ կանոնավոր) չվերթների նպատակով: Դեպի Երեւան ու Կապան թռիչքները հենց այսպիսին են եղել, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ ընկերությունը Հայաստանից պատվեր է ստացել եւ իրականացրել է այն:
Գ. Նիկողոսյանն ու Ս. Մնոյանը՝ կենտրոնում
Վահե Հակոբյանը հայտնել է, որ գլխավոր նպատակը գլիսադան ճշգրտելն էր, քանի որ 1990-ականներից այս կողմ օդանավակայանի հարեւանությամբ կառուցվել են մի շարք շինություններ, տեղադրվել ալեհավաքներ: Գլիսադան այն ուղեգիծն է, որով օդանավը (ինքնաթիռ, ուղղաթիռ, պլաներ) գնում է վայրէջքի:
Հետաքրքիր է, որ այս անգամ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապան քաղաքի կողմից՝ արեւմուտքից: Ըստ Գարուշ Նիկողոսյանի՝ պատճառը եղել է քամին: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին օդանավակայանի վայրէջքի գլիսադան սահմանված էր հակառակ կողմից՝ արեւելքից: «Յակ-40»-ները, որոնք Երեւանն ու Կապանը կապող հիմնական օդանավերն էին, իջնում էին Ողջի գետի հովտի վրա, ապա ձախ շրջադարձ կատարում դեպի օդանավակայանի վազքուղի:
Առաջին վայրէջքից հետո օդանավը եւս մեկ անգամ օդ է բարձրացել մարզպետի հետ ու կրկին հաջող վայրէջք կատարել:
Վ. Հակոբյանը նշել է, որ նախատեսում են մինչեւ մեկ տարում կառուցել օդանավակայանի շենքը, իսկ 2018-ի առաջին կիսամյակում օդանավակայանը հանձնել շահագործման: Ըստ Վ. Հակոբյանի՝ կիրառվելու են 20 հոգի տեղավորող չեխական «L-410» տիպի օդանավեր, ինչպես նաեւ ավելի փոքր (մինչեւ 11 հոգի) եւս երկու ինքնաթիռ:
Չեխական «Let» (ներկայում կոչվում է «Aircraft Industries») ընկերության «L-410» տուրբոպտուտակային օդանավերը նախատեսված են հենց տեղական նշանակության ավիագծերի համար, ինչպիսին, օրինակ, Երեւան-Կապանն է: Այս ինքնաթիռները շահագործվում են 1971-ից: Անձնակազմը 2 հոգի է, կոմերցիոն ծանրաբեռնվածությունը՝ 15-19 ուղեւոր կամ 1430-1800 կգ բեռ (կախված կոնկրետ տեսակից): Թռիչքի հեռավորությունը 990-1500 կմ է: «L-410»-ից (ներառյալ դրա տարատեսակները՝ մոդիֆիկացիաները) արտադրվել է ավելի քան 1000 հատ:
2008-ից «Aircraft Industries»-ի 51 տոկոսի բաժնետեր է դարձել ռուսական «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերություն» ԲԲԸ-ն, որը 2013-ին ձեռք է բերել նաեւ մնացած 49 տոկոսն ու դարձել ավիաձեռնարկության միակ սեփականատերը: Այսքանից հետո «L-410» ինքնաթիռների արտադրություն է սկսվել նաեւ Եկատերինբուրգում:
Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետարանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել