HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին զեկուցել են, որ արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ աճ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը։ 

Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ․ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է և ուղևորահոսքերի, և բեռնափոխադրումների շարունակական աճ, մասնավորապես, ուղևորահոսքն աճել է 31 տոկոսով, բեռնափոխադրումների ծավալը՝ 82 տոկոսով:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել Հայաստանից կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ, բանակցություններ են տարվում ավիաընկերությունների և ներդրողների հետ: Նոր ավիաընկերություններ ներգրավելու, չվերթերի հաճախականությունն ու երթուղիների ցանցն ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում նաև բիզնես միջավայրի բարելավման նպատակով:

Մասնավորապես, գործողություններ են իրականացվում ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը, պահանջվող փաստաթղթերի կրճատմանը, տոմսերի վաճառքի, հայտերի ներկայացման առցանց համակարգերի ներդրմանը, ինչն ավելի վերահսկելի ու թափանցիկ կդարձնի գործընթացը: Վերանայվում են նաև միջպետական համաձայնագրերը, Եվրոպական միության հետ ընթանում են Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: 

Վարչապետը կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և հանձնարարել, հաշվի առնելով ոլորտի զարգացումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիացիոն բնագավառի զարգացման հստակ առաջարկություններ: Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կ

արեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել: «Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարաջատումն անել»: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: «Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter