
«Պարոն Շիրխանյան, կանգնեք»,- դատավորը՝ սայլակով դատարան բերված Վահան Շիրխանյանին
«Զինված խմբի» գործով դատական նիստերը վերսկսվել են: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով այսօր նշանակված նիստին առաջին անգամ «ներկայացվել էր» ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:
Վերջինս անվասայլակով դատարան բերվեց, և հենց սայլակի վրա նստած էլ պիտի մասնակցեր դատական նիստին, որը, սակայն, հետաձգվեց՝ պաշտպաններից ոմանց և ամբաստանյալ Նելլի Մինասյանի բացակայության պատճառով:
Երբ դատավորը ներս մտավ, ամբաստանյալ Շիրխանյանը ոտքի չկանգնեց: «Պարո՛ն Շիրխանյան, կանգնե՛ք», - դիմելով Շիրխանյանին՝ ասաց դատավոր Արմեն Բեկթաշյանը: Պաշտպաններից մեկն արձագանքեց, թե Շիրխանյանն ի վիճակի չէ:
«Ո՞վ ասաց, որ ի վիճակի չէ. դուք փորձագե՞տ եք, բժի՞շկ եք»,- հակադարձեց Բեկթաշյանն, ով արդեն ստացել էր Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված համալիր փորձաքննության պատասխանները, համաձայն որոնց՝ Շիրխանյանն ի վիճակի է ներկա գտնվելու դատական նիստերին:
Բեկթաշյանը Շիրխանյանի պահվածքը դիտարկեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Այսօր դատարան չներկայացած 4 պաշտպաններից միայն Արմինե Ֆանյանն էր գրությամբ հայտնել չներակայանալու պատճառի մասին: Բեկթաշյանը, արձագանքելով պաշտպանների բացակայության հանգամանքին, հիշեցրեց, որ այս գործով դատական նիստերը նախնական պայմանավորվածության համաձայն՝ պիտի տեղի ունենան յուրաքանչյուր ուրբաթ օր:
«Այն ժամանակ, երբ ձգձգվում էին նիստերը, ասում էինք` դատավորն է մեղավոր, իսկ հիմա պաշտպանները չեն ներկայանում, դարձյալ դատավո՞րն է մեղավոր»,- ասաց Բեկթաշյանն, ինչին արձագանքելով` Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, թե այո, այն ժամանակ դատավորն է մեղավոր եղել:
«Տեսեք, այսօր սայլակի հարցը լուծվեց, և իմ պաշտպանյալը ներկայացավ դատարան. ընդամենը մի սայլակ հայթայթելու անհնարինության պատճառով այս դատական նիստը 6 ամիս ձգձգվել է», - ասաց Ալումյանը: Բեկթաշյանը, հակադարձելով, պահանջեց այն իրավական նորմը, որին հղում կատարելով՝ ինքը պիտի Շիրխանյանին դատարան ներկայացնելու իրավասություն ունեցող պետական մարմնին ցուցում տար, թե ինչպես կատարի իր գործառույթն, ապա հետաձգեց դատական նիստը:
Դրա ավարտից հետո Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատավորի պահվածքին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դատավորի պահվածքը գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք արդարադատության նկատմամբ:
«Մնում է, որ Շիրխանյանը ներողություն խնդրի, որ ինքը հիվանդ է»,- ասաց Ալումյանն ու նկատեց, որ չնայած փորձագետները եզրակացրել են, որ իր պաշտպանյալը ի վիճակի է ներկայանալ դատական նիստերին, բայց նրանք չեն նշել, որ վերջինս ի վիճակի է ինքնուրույն տեղաշարժվել, հակառակ դեպքում Շիրխանյանը սայլակով չէր բերվի դատարան:
Նշենք, որ թեև Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունն արդեն առկա է` այն այսօր դատարանում չի ընթերցվել՝ հաշվի առնելով, որ դատավարության որոշ մասնակիցներ բացակա էին, և նիստը ենթակա էր հետաձգման:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել