HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյանը տարին արդյունավետ է գնահատել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի  հետ:  Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարը  հանդիպումներ է ունեցել  Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի և գիտական խորհուրդների հետ:

Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում այն: Նախարարի խոսքով, չնայած այս տարի դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով  բարձրագույն ուսումնական հաստատությունների  համար ծագած դժվարություններին, բուհերի աշխատանք, ընդհանուր առմամբ, արդյունավետ է եղել: Նախարարը կարևորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականությունը, ընդգծելով, որ գերակա խնդիր է  բուհերի միջև մրցակցության խթանումն ու ֆինանսավորման նոր գործիքների  ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարևորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելալավումը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև պետական հավատարմագման գործընթացին և շեշտել, որ այն հետագայում բուհերին պետական պատվերով տեղեր հատկացնելու գլխավոր նախապայմանն է հանդիսանալու: 

Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընթացող «Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովին:

Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ և քննարկել հանրակրթության ոլորտում որակի ապահովմանը միտված բարեփոխումների ընթացքը: Նախարարը նշել է, որ մինչև 2018 թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել են առաջարկներ  կրթության ոլորտի տեղերում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter