HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացակա ամերիկահայեր:Անպատասխան հարցը, որ նամակ գրելու պատճառ դարձավ

2011 թվականին Մեծ Հայրենադարձությանը նվիրված «Դարձ ի շրջանս յուր» նախագիծը սկսեցինք Հայաստանում տարբեր երկրներից ներգաղթած ընտանիքներ փնտրելով։ Բոլոր տեղերից կային, բացի՝ Միացյալ Նահանգներից։ Դա մեզ տարօրինակ թվաց՝ մի՞թե գեթ մեկ ամերիկահայ ընտանիք չի մնացել Հայաստանում։ Փորձեցինք հասկանալ նրանց բացակայության պատճառը։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգներից երկու քարավանով՝ 1947 եւ 1949 թվականներին Սովետական Հայաստան տեղափոխվել է 313 մարդ (համապատասխանաբար՝ 151 եւ 162)։ Դատելով արխիվային փաստաթղթերից ՀԽՍՀ իշխանությունները (իհարկե՝ Մոսկվայի հավանությամբ) առանձնահատուկ հոգատարություն են ցուցաբերել ամերիկահայ հայրենադարձների հանդեպ՝ նրանց տեղավորելով մայրաքաղաքում եւ ապահովելով բնակարաններով։ Սա այն դեպքում, երբ մյուս ներգաղթողներին՝ առանց հարցնելու նրանց ով կամ ինչ լինելը, մասնագիտությունն ու արհեստը, ուղարկում էին հեռավոր (գյուղատնտեսական, անասնապահական) շրջաններ, իսկ բնակարան տալու փոխարեն՝ խցկում տեղացիների առանց այդ էլ նեղլիկ տները։ 

ԱՄՆ-ի նախկին քաղաքացիների նկատմամբ այսօրինակ հոգատարությունը պայմանավորված էր ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերություններում նկատվող լարվածության աճով։ 1947-ի մարտի 12-ին ԽՍՀՄ երբեմնի դաշնակից ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը հրապարակել էր իր հայտնի դոկտրինը (Truman Doctrine), որի նպատակներից մեկը կամ գլխավորը ԽՍՀՄ ազդեցության սահմանափակումն էր։

Դրանով նաեւ, փաստորեն, փակվում էր Մոսկվայի՝ Թուրքիայից տարածքներ (Կարս, Արդահան) գրավելու եւ Սովետական Հայաստանին միավորելու հարցը, ինչը ներգաղթողներին ոգեւորող եւ համախմբող գործոն էր։ 

Այսուհանդերձ, ամերիկահայերը, թեեւ թվով նվազ, բայց սովետների գերազանցությունը փաստող զանգված էին։ Զանգված, որը, չնայած հետեւողական նախապատրաստությանը՝ իրական պատկերացում չուներ ոչ հյուրընկալ երկրի, ոչ էլ դրանում տիրող քաղաքական եւ իրավական կարգերի մասին։ 

Ներգաղթի նախապատրաստության շրջանում ամերիկյան համայնքներում որոշակի խանդավառություն կար, բայց համեմատած մյուս երկրների հետ, այնտեղ հայերը զուսպ ու զգուշավոր էին, ավելի ճիշտ՝ որոշում կայացնելիս ցուցաբերում էին գործնականություն, ինչի մասին վկայում են ՀՀ ազգային արխիվում պահվող փաստաթղթերը։ 

«Շատերն անձամբ կամ նամակներով տալիս են հարցեր, որոնք վերաբերվում են (Հայաստանում) անձնական, ընտանեկան եւ նյութական պայմանների կազմակերպմանը». կարդում ենք Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր արտասահմանյան հայերի ընդունման եւ տեղավորման կոմիտեի նախագահ Աստվածատրյանին ԱՄՆ-ի հայերի ներգաղթին աջակցող հանձնախմբի գրած նամակում։ Հանձնախմբի նախագահ կապիտան Չանգալյանը եւ քարտուղար դոկտոր Բնակունին Աստվածատրյանին խնդրում են պարզաբանումներ տալ հետեւյալ մի շարք հարցերի շուրջ։ 

Հարցերի առաջին խումբը, որով փորձում են պարզել ՀԽՍՀ-ում էլեկտրաէներգիայի լարվածությունն ու հզորությունը, ակնհայտորեն կապված է Հայրենիքում գործ ձեռնարկելու ամերիկահայերի մտադրության հետ, հատկապես որ նամակում խոսվում է արտադրական արտելներ կազմակերպելու, սարքավորումներ ներկրելու նրանց պատրաստակամության մասին։ 

Հաջորդ խումբը վերաբերվում է բնակարանային պայմաններին։ Հարցնում են՝ ինչպիսի՞ն են նոր տները, դրանց ներքին կահավորումը, արժեքը, ինչպե՞ս են ջեռուցվում ձմռանը։ Հետաքրքրվում են նաեւ բնակվարձի չափերով։ 

Վերջին երկու հարցերը քաղաքացիական իրավունքի ոլորտից են. «Սովետական Հայաստան ներգաղթողը, եթե չի ցանկանում մնալ, կարո՞ղ է հետ վերադառնալ» եւ «Գալով Հայաստան՝ որքա՞ն ժամանակ կարող է մնալ Հայաստանում եւ եթե ուզում է մնալ, կարո՞ղ է դառնալ Սովետական քաղաքացի»։ 

Սովետական պաշտոնյաները մանրամասնորեն պատասխանում էին նրանց՝ շրջանցելով այսօրինակ հարցադրումները։ Նրանք հավանաբար չէին հասկանում կամ չհասկանալու էին տալիս, թե ի՞նչ է նշանակում «եթե ուզում են մնալ» արտահայտությունը։ Սովետական ամբողջատիրությունը «եթե»-ներ չէր հանդուրժում. գալիս ես, վերջ, պիտի մնաս։ 

Սա, իհարկե, բարդացնում էր տեղում ներգաղթը կազմակերպող եւ զուգահեռաբար «չուզողներին» հակահարված տվող հանձնախմբի գործը։ 1946-ի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ի Հայերու ներգաղթի օգնութեան յանձնախումբը «Լուսաբանութիւններ ներգաղթի մասին, թիվ 2» վերնագրով մի հաղորդագրություն է տարածել, որով պատասխանում է ներգաղթել ցանկացողների հնարավոր հարցերին։ Հաղորդագության վերջին՝ 14-րդ հարցը հետեւյալն է. «Խ. Հայաստանի բնակիչ մը կամ ներգաղթող մը իր ազգականները տեսնելու համար կամ որեւէ պատճառով կրնա՞յ արտասահման մեկնիլ»։ Պատասխան. «Այո, Խ. Հայաստանի բնակիչ մը կամ ներգաղթող մը իր ազգականները տեսնելու համար կամ որեւէ պատճառով եւ որեւէ ատեն կրնայ արտասահման մեկնիլ, որուն համար պէտք է օրինական դիմում կատարէ արտաքին գործոց նախարարութեան՝ լեցնելով մասնաւոր դիմումնագիր մը –ափլիքէյշըն-, ինչպէս կ՛հատուցուին Մ. Նահանգներու մէջ, Անգլիոյ, Ֆրանսայի եւ բոլոր ազատ երկիրներու մէջ»։ Հանձնախմբի անունից հաղորդագրությունը ստորագրել է վարիչ-քարտուղար դոկտոր Բնակունին։ 

Քանի որ այլ փաստաթղթերում Սովետական Հայաստանի ղեկավարների այսպիսի հավաստիացում-հաստատումներ չկան եւ արդեն տեսանք, որ անցանկալի հարցերը շրջանցվում են, պետք է ենթադրել, որ Բնակունին փորձել է ցրել մարդկանց մեջ առաջացած կասկածները։  Հաղորդագրությունն ավարտվում է հետեւյալ պարբերությամբ. «Այս առթիւ անգամ մը եւս հանրութիւնը ջերմապէս կ՛զգուշացնենք, որ հաւատ չընծայեն ժողովրդային զանազան խաւերուն մէջ տիրող անտեղի, չարամիտ եւ նոյնիսկ թշնամական փսփսուքներուն, որոնց միայն ձգտումն է ժողովուրդին մտքին մէջ շփօթութիւն ստեղծելով ներգաղթի նուիրական գործին վնասել։ Անոնք, որ ներգաղթի կամ Խ. Հայաստանի մասին տեղեկութիւններ կ՛ուզեն ունենալ՝ թող դիմեն միայն ու միայն Հայերու Ներգաղթի Կեդրոնական Գրասենեակը։ Լաւ է ջուրը իր մաքուր ափէն խմել»։   

«Մաքուր ափէն» խմած այս ջուրը ներգաղթողներից շատերի, հատկապես՝ երիտասարդների մեջ ամրապնդում էր այն գաղափարը, որ իրենք, ինչպես Միացյալ Նահանգներում, ԽՍՀՄ-ում նույնպես ապրելու են ազատ եւ անկաշկանդ կյանքով՝  «որեւէ պատճառով եւ որեւէ ատեն» արգելք կամ դժվարություն չունենալով դուրս գալ հյուրընկալ երկրից կամ ընտրել քաղաքացիությունը։ 

ԱՄՆ-ից 1947-ին ներգաղթած, այժմ Փասադենայում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող  Տիրան Տաշչյանը հիշում է. «Ես համաձայն չէի, հետո՝ մամաս համոզեց, որ պիտի գնանք՝ լավ կսովորիս, հայերեն կսովորիս եւ այլն։ Հետո, մտածեցի՝ կգնամ եւ կուգամ սովորելուց հետո»։ 

Բայց իրականությունը տարբեր էր եւ դառը։ Գալով ԽՍՀՄ՝ Միացյալ Նահանգների երբեմնի քաղաքացիներն իրենց գտան վանդակում։ Ճիշտ է, մեր ունեցած տվյալներով՝ 313 ամերիկահայերից ընդամենը 12-ը (մոտ 4 %) ենթարկվեցին քաղաքական հալածանքի եւ բռնությունների՝ երկար տարիներ անցկացնելով խորհրդային ուղղիչ ճամբարներում, իսկ զանգվածային աքսորին (1949, հունիս 14) մաս չկազմեցին ընդհանրապես, բայց խաբվածության վիրավորանքը մնաց գրեթե բոլորի մեջ։  

Ստալինի մահից երեք տարի անց՝ 1956-ի հունիսին, մի խումբ ամերիկահայեր ԱՄՆ նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերին դիմեցին մեղայականով՝ խնդրելով սովետական երկրից ազատվելու հնարավորություն տալ իրենց։ 

Հրապարակված նամակը պահվում է Նախագահ Էյզենհաուերի արխիվում։ Դրա որոշ հատվածներ 1956-ի հուլիսի 20-ին տեղ են գտել ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» թերթի «Armenians seek to return to U.S.» հոդվածում։   

………………………………………….. 

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter